Ազգային ժողովի նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել էր «հայոց պատմություն» առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու նախագծին՝ հարցադրում անելով, թե ի՞նչ մասնագիտական եզրակացության հիման վրա են առաջարկվում փոփոխությունները։
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Ես չեմ պատրաստվում որեւէ մասնագետի անուն տալ, որը կհայտնվի այն նույն իրավիճակում, որում հայտնվեց պատմության դասագրքի հեղինակը, որի անձնային թիրախավորումները եւ ամենատարբեր հարձակումները մինչեւ այսօր շարունակվում են»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ոչ ոք չի թիրախավորում, հանրային հարթակում մասնագիտական քննարկում է տեղի ունենում։
Միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պարոն Մանուկյան, դուք էլ ֆեյսբուքյան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում՝ մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էիք գրում։ Եվ դա հայտնի փաստ է, այնպես որ ձեր զարմանքն ու վրդովմունքը, ըստ իս, տեղ չունի։ Հասկանալի պատճառներ կան, որ մարդիկ թիրախավորվում են նման դեպքերում։ Առնվազն դուք թիրախավորում եք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց Ալեն Սիմոնյանին․ «Պարոն Սիմոնյան, ոմանք թիրախավորում են Ֆեյսբուքում, ոմանք ուղիղ թքում են մարդկանց երեսին»։
«Տիկին Կյուրեղյան, ես ի տարբերություն ոմանց՝ իմ սխալն ընդունել եւ ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար։ Եվ կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր սխալ են գործում, չզլանալ նույնպես ներողություն խնդրել։ Խնդրում եմ այլեւս այդ օրինակը չհիշեցնել, որովհետեւ այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109, թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին, որ Ալեն Սիմոնյանը փոքր է՝ իրենց կուսակցության մասին խոսելու։ «Լավ է, որ կուսակցությունով եք պախկվում։ Իսկ թե ես փոքր եմ, փոքր չեմ, ժողովուրդը որոշել է, թե հիմա ով է փոքր այստեղ եւ ով է մեծ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ