Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ պատրաստվում որեւէ մասնագետի անուն տալ, որը կհայտնվի այն նույն իրավիճակում, որում հայտնվեց պատմության դասագրքի հեղինակը»․ ԿԳՄՍ նախարար

Փետրվար 06,2024 12:18

Ազգային ժողովի նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ «հայոց պատմություն» առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու նախագծին։

«Հարցում էի ուղարկել նախարարություն՝ ի՞նչ գրություն է եկել նախարարություն, որի հիման վրա սա նախաձեռնվել է։ Ստացել եմ մի պատասխան, որ չեն կարող տրամադրել տեղեկատվություն՝ հղում տալով Տեղեկատվության ազատության մասին օրենքի մի կետի վրա, որտեղ ասում է՝ չեն կարող տեղեկություն տալ, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ես ԿԳՄՍ նախարարությանը սիրային նամակների մասին չէի հարցրել։ Ես հարցրել էի մի նամակի մասին, որը պաշտոնապես իբր մուտք է գործել ձեր նախարարություն, որի հիման վրա այսքան աղմուկ հանած նախաձեռնություն է նախարարությունն առաջ բերել։ Ինչո՞ւ է պատգամավորական իրավունքների խախտում կատարվում ԿԳՄՍ նախարարության կողմից՝ սխալ հղում տալով Տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա։ Դուք պարտավոր էիք իմ գրավոր հարցին գրավոր պատասխանել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ժաննա Անդրեասյանն արձագանքեց․ «Պարոն Մանուկյան, եթե կարծում եք, որ որեւէ կերպ խախտված են ձեր իրավունքները, կարծեմ կա ամբողջ գործիքակազմը՝ այդ իրավունքների խախտման մասով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու։ Նախարարությունը երբեւէ չի հայտարարել, որ որեւէ մեկից որեւէ գրավոր դիմում կամ նամակ է ստացել։ Խոսքը գնացել է այն մասին, որ ամենատարբեր ձեւաչափերով ամենատարբեր քննարկումներում մասնագետների կողմից բարձրաձայնվել է առարկայի անվան հետ կապված հարցը։ Հետեւաբար, այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է։ Եթե ձեզ հետաքրքիր է՝ ովքեր են այդ մասնագետները, ապա կարծում եմ՝ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որպես յուրաքանչյուր մասնագետ կարող է իր կարծիքն արտահայտել եւ նախաձեռնությամբ հանդես գալ։ Նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի հեղինակն ինքն է եւ պարտավորված է ներկայացնել բոլոր հիմնավորումները եւ պատասխանել բոլոր հարցերին։ Մասնագետների թիրախավորումը, հաշվի առնելով այն անառողջ մթնոլորտը, որը ձեւավորվում է կոնկրետ ուղղորդված շրջանակների կողմից, անթույլատրելի է։ Ես չեմ պատրաստվում որեւէ մասնագետի անուն տալ, որը կհայտնվի այն նույն իրավիճակում, որում հայտնվեց պատմության դասագրքի հեղինակը, որի անձնային թիրախավորումները եւ ամենատարբեր հարձակումները մինչեւ այսօր շարունակվում են։ Այնպես որ, եթե թիրախ եք փնտրում, այդ թիրախը կանգնած է այստեղ, ձեր բոլոր հարցերը կարող եք ուղղել»։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ԿԳՄՍ նախարարություն գրավոր դիմում է գնացել այդ հարցի վերաբերյալ։ «Ինչ վերաբերում է թիրախավորմանը, որեւէ մեկը չի թիրախավորում։ Նորից կարդացեք հիմնավորումները, մասնագիտական մանրամասն քննարկում է ծավալվել հանրային հարթակում։ Թիրախում իրականում հայտնվել է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ քաղաքացին, երբ նման տոտալ ձեւով փորձում են ամեն ինչ ձեւախեղել»,- ասաց Մանուկյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Տիկին նախարարի դեմքին նայելիս ակամա միտքս եկավ Դորիան Գրեյի պատմությունը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829