Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացով կարող ես թիթիզանալ, ասել՝ նամակ ուղարկեցի, ստացա, բանակցություններ եմ վարում: Իրական բանակցային երևույթը, բովանդակությունն այն է, որ սեղանի շուրջ կարողանում ես քո շահերը տանել առաջ. Թևան Պողոսյան. «Փաստ»

Փետրվար 06,2024 10:58

Ի վերջո, երկու երկրների միջև տեղի ունեցողը կարելի՞ է կոչել բանակցություն կամ բանակցային գործընթաց: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է՝ կարելի է պրիմիտիվացնել և ցանկացած տեսակի հաղորդակցության մասին ասել, որ բանակցություններ են:

Ընդգծում է՝ գործընթաց կա, բայց դրա մասին չէ խոսքը, տեխնիկապես կարող է լինել, հարցը բովանդակությունն է: «Հիմա մեզ ասում են, որ չափանիշները որոշել են, ինչ-որ սկզբունքներ են առաջ բերել, որ, այ, սրանք կլինեն այդ չափանիշները:

Ինչպե՞ս են տարբերակներն այդ չափանիշների մեջ տեղավորվելու, կամ որո՞նք են շահերը: Դրա մասին իրականության մեջ հասկանում ենք հետևյալը. մեր բանակցողները մեկ ասում են՝ դե, Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանը վերացնելն է, մեկ էլ սկսում են ինչ-որ բաներ խոսել: Եթե դուք գիտեք իրենց շահերը, ի՞նչն եք քննարկում: Բացի դրանից, կա շատ ու շատ ավելի կարևոր խնդիր, որն այդ էլեմենտով այսօրվա դրությամբ հայկական կողմի բանակցություններ վարողներն իջեցրել են զրոյի: Այն կոչվում է այլընտրանք, եթե հայերեն թարգմանենք, իսկ եթե ասենք միջազգային տերմինով՝ BATNA (Best alternative to a negotiated agreement), դա այն է, ինչ դու ունես առանց մյուս կողմի: Դու կառուցում ես քո BATNA-ն:

Հիմա Ադրբեջանի BATNA-ն հետևյալն է: Ունի Թուրքիա՝ իր մեջքին կանգնած, ունի նավթ ու փող, ունի մեծ բնակչություն: Սրանք այն բաներն են, որոնք կապ չունեն Հայաստանի լինելու կամ չլինելու հետ, նա դրանք ունի: Նրա համար, որ բանակցային սեղանի շուրջ կարողանաս քեզ իրականում լուրջ զգալ, պետք է կառուցես նոր BATNA: Քո այսօրվա BATNA-ն պարտված իշխանություններն են, որոնք միայն պատրաստ են զիջումների: Հիմա, որպեսզի Հայաստանը կարողանա նոր խոսք ասել բանակցային սեղանի շուրջ, իր BATNA-ն պետք է փոխի: Այն փոխելու, կառուցելու մի քանի մեխանիզմ կա: Գտնում ես նոր դաշնակից, բանակդ ես հզորացնում, նոր բանակցող ես բերում, որ դիմացինը չկարողանա օգտագործել քո պարտված իշխանության բերանից հնչած միտքը՝ «դե, մենք այլընտրանք չունենք»: Եթե դու այլընտրանք չունես, ուրեմն, ընդունում ես թշնամու բոլոր պայմանները, դա բանակցությո՞ւն անվանենք: Գործընթացով կարող ես թիթիզանալ, ասել՝ նամակ ուղարկեցի, նամակ ստացա, բանակցություններ եմ վարում: Իրական բանակցային երևույթը, բովանդակությունն այն է, որ սեղանի շուրջ կարողանում ես քո շահերը տանել առաջ»,նշում է մեր զրուցակիցը:

Զրույցն ամփոփում ենք Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով: Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների ելույթները գալիս են փաստելու, որ մեր երկրի կարևորագույն փաստաթուղթը փոխելու հիմքը հենց նրանց ճնշումներն են: «Շատ կարճ և պարզ բացատրություն՝ սա թշնամու պարտադրանքն է, որի մեջ կան նաև իշխող խմբի շահեր: Դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա: Իրենք այդ սցենարի մեջ հետևյալն են տեսնում. կարող են ասել, որ թշնամու պարտադրանքներն են, և օգուտ քաղեն իշխանությունը պահելու համար»: Արդյոք Ադրբեջանին այս «երաշխիքը» տալուց հետո կկարողանա՞նք մեր երկրում խաղաղ ապրել:

«Ոչ մի այլ երաշխիք խաղաղ ապրելու չկա, քան քո զինված ուժերն են: Այն օրը, երբ Հայկական բանակը, Հայաստանի բանակը որոշեց իր լավագույն հզոր ճյուղին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն էր, իսկ դա ընդհանուր հայկական բանակն էր, թողնել մենակ և պարտության տանել, այդ օրը ինքն էլ է պարտվել ամեն ինչով: Այնպես որ, որևէ երաշխիք այլևս չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Եվ չկա երաշխիք, որ սա վերջին բանն է լինելու, ինչը Հայաստանից պահանջելու է Ադրբեջանը: «Իսկ ինչո՞ւ պետք է վերջինը լինի: Պարտված իշխանությունից կարելի է ակնկալել միայն նոր պարտություններ, ինքը դա է բերելու»,եզրափակում է Թևան Պողոսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829