Ազգային ժողովի նստաշրջանում քննարկվեց Ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ փաթեթի ընդունման դեպքում կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը: Նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար:
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին:
«Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ մեր անապատացվող երկրում եւ ընդհանրապես գլոբալ տաքացման պայմաններում ջուրը դառնում է ամենակարեւոր ռեսուրսը՝ թե տնտեսության, թե անվտանգության տեսանկյունից։ «Եվ ջրի՝ ավելի ռացիոնալ օգտագործմանը միտված ցանկացած քայլ, իհարկե, ողջունելի է։ Սակայն եթե մենք պատասխանատվություն ենք նախատեսում կամ պատասխանատվությունը խստացնում ենք ապօրինի ջրօգտագործման համար, ապա պետք է նմանապես պատասխանատվություն նախատեսել կամ պատասխանատվությունը խստացնել տիրազուրկ հորերի համար։ Ջուրը հոսում է, ջրի տերը պետությունն է, պետությունը մսխում է այդ ջուրը։ Եվ, հետեւաբար, պետության համապատասխան գերատեսչությունը եւ կոնկրետ պատասխանատուն պետք է խստորեն պատժվի տիրազուրկի, լքված ցանկացած հորի ցանկացած կաթիլի համար։ Այդ դեպքում արդարությունը կհաղթի։ Այլապես, եթե ինչ-որ մեկը շահագրգռվածություն ունի ջուրն օգտագործելու, կա տրամաբանական կասկած, որ կա նաեւ ինչ-որ մեկը, որը շահագրգռված է, որ այդ ջուրը հենց այնպես հոսի, եւ դրա համար չվճարվի։ Իմ առաջարկությունն է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ տիրազուրկ հորերի համար։ Պատահական չէ, որ այդ հորերը կան եւ պատահական չէ, որ աչքերը փակվում են այդ ամենի վրա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարություն է պետք՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծանր պայմանները։ Նան նշեց, որ խոսքը նաեւ արտաքին պայմանների մասին է՝ ջրային ռեսուրսների նկատմամբ թշնամի պետությունների կողմից իրականացվող գործողությունների մասին է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ