«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչների դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ:
«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչների դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ
Իբրև պատմագետներ և պատմության ուսուցիչներ՝ մենք խորապես մտահոգված ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծով և նման որոշումը համարում ենք չհիմնավորված։ Միևնույն ժամանակ հարցի քաղաքականացումը հաճախ ուշադրությունը շեղում է բովանդակային կողմից՝ անհարկի շահարկումների տեղիք տալով։ Կարծում ենք՝ խնդրի շուրջ անհրաժեշտ էր նախաձեռնել քննարկումներ և խորհրդակցություններ պատմագիտական և մանկավարժական լայն հանրույթի հետ՝ նախքան որոշման նման նախագծի հանգելը։
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն ու նպատակը մեզ համար անհասկանալի են, քանի որ Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում նշված բովանդակային անհամապատասխանությունը մեզ համար տեսանելի չէ։ Ամբողջությամբ կիսում ենք մասնագիտական շրջանակների, մասնավորապես ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի՝ 2024 թ.հունվարի 24-ի նիստում ընդունված դիրքորոշումը «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» ձևակերպումների արհեստական հակադրման շուրջ (Տե՛ս Դիրքորոշման 3.Ա և 3.Բ կետեր)։ 3.Բ կետն անհրաժեշտ ենք համարում այստեղ մեջբերել ամբողջությամբ.
«Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե’ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատո երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև»:
Կարդացեք նաև
Ասվածի հիման վրա կարծում ենք՝ առավել նպատակահարմար է ձևափոխման ենթարկել Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետը՝ «հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը, որը կիրառվել է առավելապես խորհրդային իշխանության տարիներին, երբ Հայաստանն անկախ պետություն չէր՝ փոխարինելով «Հայոց պատմություն» առավել լայն ու ընդգրկուն ձևակերպմամբ։
Չկրկնելով ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դիրքորոշման մեջ բերվող մյուս փաստարկները՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել որոշման նախագծի «Հիմնավորումների» վրա։
ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորումները տարակուսանքի տեղիք են տալիս։ «Հիմնավորումներում» նշված է, որ «կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում»: Կարծում ենք, որ նման որոշումից առաջ մասնագիտական հանրույթը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու տվյալ ուսումնասիրության բովանդակությանը, մեթոդաբանությանը և արդյունքներին։ Այլապես անհասկանալի է՝ ինչ չափանիշների հիման վրա է կատարվել ուսումնասիրվող երկրների և պատմության դասագրքերի ընտրությունը (հաշվի առնելով, որ կան երկրներ, որտեղ շրջանառվում են մեկից ավելի դասագրքեր), ինչի հիման վրա է կատարվել ուսումնասիրությունը, օրինակ՝ ուսումնասիրվե՞լ են արդյոք տվյալ երկրների պետական չափորոշիչները և առարկայական ծրագրերը, ո՞ր դասագրքերի բովանդակությունն է հիմք հանդիսացել այս կամ այն երկրի պատմության դասագրքերում արվող շեշտադրումների և մեթոդաբանության մասին եզրահանգումներ կատարելու համար, ի՞նչ տեսակի տվյալներ են հավաքագրվել և ինչպե՞ս են դրանք վերլուծվել։ Մեզ համար անհասկանալի է նաև՝ արդյոք ուսումնասիրվե՞լ են այն երկրների օրինակները, որոնց պատմությունը զուգահեռներ ունի հայոց պատմության հետ։
«Հիմնավորումներում» առկա «Տարբեր երկրներում ազգային պատմությունների անվանումները» խորագրի ներքո դրված հղումները տվյալ ուսումնասիրության բովանդակության մասին որևէ տեղեկույթ չեն պարունակում։ Բերված առաջին իսկ օրինակը՝ Thems in Indian history (կարծում ենք հիմնավորման հեղինակները նկատի ունեն Themes in Indian History)՝ «Հնդկական/Հնդիկների պատմության թեմաներ», ոչ թե հակասում, այլ հիմնավորում է «Հայոց պատմություն» ձևակերպումը։ Նույնն է նաև Չինաստանի օրինակի դեպքում, որի հղումը, ի դեպ, տանում է AliExpress կայքում գրքի վաճառքի էջին (անգլերենով էլ նշված է՝ և՛ Chinese history (կարծում ենք` պետք է լիներ Chinese History)՝ Չինական/Չինացիների պատմություն, և՛ History of China՝ Չինաստանի պատմություն)։ Վրաստանի դեպքում հղված է JAMnews հարթակից մի լրագրողական անդրադարձ 2021 թ․ Վրաստանում լույս տեսած 9-րդ դասարանի պատմության նոր դասագրքում (որի լուսանկարը տեղադրված է) Վրաստանի արդի պատմության որոշակի դեպքերի՝ 2003 թ․ Վարդերի հեղափոխության և 2008 թ․ օգոստոսի պատերազմի մեկնաբանությանը։ Ղազախստանի դեպքում կրկին գրքի վաճառքի հղումն է Amazon կայքից, և բոլորովին պարզ չէ՝ անգլերեն լեզվով նշված այս գիրքը Ղազախստանի դպրոցական դասագիրք է, թե ոչ (հազիվ թե Ղազախստանի պետական դպրոցներում պատմության դասագիրքը անգլերեն լեզվով է)։
Փաստորեն, նախագծի հիմնավորման համար առաջարկված տարբեր երկրների պատմության դասագրքերի անվանումներում և օրինակներում առկա են անհամապատասխանություններ։
Էլ ավելի մեծ տարակուսանք է առաջացնում «Հիմնավորման» մեջ նշված հետևյալ հատվածը․ «Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»։ Այս ձևակերպման մեկնաբանությունը պարզապես անհնար է թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդական հարթություններում, քանզի այն որևէ առնչակցություն չունի ո՛չ պատմագիտության, ո՛չ պատմության դասավանդման մեթոդաբանության, ո՛չ էլ հայոց պատմության բովանդակության հետ։ Ինչի՞ մասին է Խորենացու «Պատմություն Հայոցը», եթե ոչ հայոց պետության կերտման և դրա կորստի պատճառների։ Ո՞րն է հայոց պատմության առանցքը բուն Հայրենիքում ու Կիլիկիայում պետության կորստից հետո։ Կարծում ենք` հայոց պատմությունից տարրական գիտելիքներն անգամ բավարար են փաստելու համար, որ պետության վերականգնումն է եղել հայոց պատմության առանցքը Հայրենիքում, գաղութներում ու Սփյուռքում, և հայերի՝ որպես «մարդկանց» պատմությունը շաղախված է եղել հենց այդ գաղափարով, համայն հայության ջանքերն էլ ուղղված են եղել այդ բաղձալի նպատակի իրականացմանը։ Եվ վերջապես, ովքե՞ր են կերտում պատմությունը և պետությունը, եթե ոչ «մարդիկ»։
Ասվածի հիման վրա՝ որպես պատմագետներ և պատմության ուսուցիչներ կարծում ենք, որ հապճեպ ստեղծված և հիմնազուրկ այս նախագիծը պետք է հանել շրջանառությունից։
Առաջարկում ենք պատմության ուսուցիչներին միանալ այս դիրքորոշմանն ու իրենց անհամաձայնությունը հայտնել առաջարկվող նախագծի վերաբերյալ:
«Այբ» դպրոց պատմության ուսուցիչներ՝
Լիլիթ Մինասյան, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․
Դավիթ Կարապետյան, պ․գ․թ․
Ջուլիետա Կճանյան
Անի Թովմասյան
Նինա Հայրապետյան