Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես խորհրդարանական հանրապետության կողմնակից եմ, բայց անհրաժեշտ է ընդլայնել ընդդիմության դերն այս համակարգում»

Փետրվար 06,2024 10:14

Aravot.am-ին տված հարցազրույցում Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը խոսել է խորհրդարանական հանրապետություններում նախագահի և ընդդիմության կարևոր դերի, Հայաստանում խորհրդարանական համակարգի անարդյունավետ լինելու և կառավարության գործունեությունը վերահսկելու անհրաժեշտության մասին:

– Պարոն Խաչատրյան, տարեվերջին տեսանք, որ Ազգային Ժողովը ԱԱԾ տնօրենին նշանակելու նախագահական լիազորությունը փոխանցեց վարչապետին: Մինչ այդ էլ հանրապետության նախագահը ԱԱԾ տնօրենին նշանակում էր միայն վարչապետի առաջարկությամբ: Սա հաշվի առնելով, ինչպես նաև Սահմանադրությամբ նախագահին վերաբերվող հատվածն ընթերցելով՝ հարց է առաջանում. Հայաստանի նախագահն ինքնուրույն գործելու կարողություն ունի՞:

– Կիսանախագահական համակարգում փոխադարձ վերահսկման մեխանիզմները՝ ամերիկյան checks and balances-ը, ավելի ընդգծված է գործում: Այդ դեպքում խորհրդարանը, վարչապետը և նախագահը կարողանում են զսպել մեկը մյուսի գործառույթները:

Խորհրդարանական համակարգում, երբ կառավարությունն ուղղակիորեն ձևավորվում է մեծամասնության կողմից և իր մեջ է պարունակում ողջ գործադիր իշխանությունը, շատ կարևոր է, որպեսզի նախագահը լինի մի մարդ, որը կկարողանա սեփական անձի հեղինակությամբ և հարգանքով՝ ինչ-որ չափով վերահսկել կառավարության գործունեությունը: Դա քաղաքական ինստիտուտների հասունության արդյունք պետք է լինի:

Ցավոք գործող նախագահը որևէ կերպ այդ գործառույթն իրականացնել չի կարող: Նա պարզ դրածո է: Նա ոչ թե Հանրապետության նախագահն է, այլ Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող:

Ավելի պարզ եթե ասեմ, նա կառավարության անդամ հանդիսանալով (2021-ի օգոստոսից մինչև Հանրապետության նախագահ ընտրվելը Վահագն Խաչատուրյանը ԲՏԱ նախարարն էր—Ա.Ա.)՝ ընդգծված քաղաքական դիրքորոշում ունեցող անձ էր՝ Նիկոլ Փաշինյանի հետևորդ:

Բացի այդ, նա փաստացի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ էր, այն դեպքում, երբ ՀԱԿ առաջնորդը Փաշինյանին կոչել էր «ազգակործան պատուհաս»:

Նման մարդուց ի՞նչ սպասենք:

– Ներկա նախագահին անպայման կվերադառնանք: Դուք նշեցիք, որ խորհրդարանական համակարգում գործադիրը ձևավորվում է մեծամասնության որոշմամբ: Իսկ ո՞րն է ընդդիմության դերը խորհրդարանական համակարգում:

– Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնում է իր այլընտրանքային մոտեցումները երկրի առջև ծառացած խնդիրների առնչությամբ: Քննադատելով իշխանությանը՝ ընդդիմությունը վեր է հանում իշխանության բացթողումները:

Բայց կարևոր է, որ ընդդիմությանը վերապահվեն վերահսկողական լծակներ, որպեսզի նա կարողանա մեծամասնության բացարձակ իշխանությունը ինչ-որ չափով սահմանափակել: Օրինակ՝ սահմանադրական մարմիններում ընդդիմությանը պետք քվոտաներ վերապահվեն: Որոշ խորհրդարանական հանձնաժողովներ նույնպես ընդդիմությանը պետք է վերապահվեն, մասնավորապես՝ Ֆինանսավարկային և բյուջետային կամ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները, որոնք հստակ վերահսկողական նպատակ ունեն:

– Այսինքն` կարելի է եզրակացնել, որ Հայաստանում խորհրդարանական համակարգն արդյունավետորեն չի՞ գործում:

– Ցավոք, ոչ: Տեղի է ունեցել իշխանության կատարյալ ուզուրպացիա մեկ քաղաքական ուժի և մեկ անձի կողմից:

– Խոսեցիք ներկա նախագահի մասին՝ շեշտելով, որ նա չի կարող կատարել նախագահական գործառույթը: Հնարավո՞ր է, որ, թեկուզ սահմանափակ սահմանադրական լիազորություններով հանդերձ, ՀՀ նախագահը ավելի հավասարակշռող և վերահսկողական լինի, եթե այդ պաշտոնում ընտրված գործիչը լինի նախաձեռնող անհատ:

– Այո: Մի քիչ ավելի նախաձեռնող, մի քիչ հասարակության մեջ հեղինակություն վայելող… մարդ, որն ունի անհատական դիմագիծ և ձեռագիր…մարդ, որը կարող է նախագծեր չստորագրել և ուղարկել Սահմանադրական դատարան:

Այս մարդը հասարակության մեջ բացարձակապես որևէ հեղինակություն չունի: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք քաղաքապետ էր և վերջ: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ո՞վ էր լսել կամ տեսել նրան:

– Պարոն Խաչատրյան, նշում եք, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում արդյունավետորեն չի գործում: Արդյո՞ք պետք է փոփոխել Սահմանադրությունը և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:

– Ես խորհրդարանական հանրապետության կողմնակից եմ, բայց անհրաժեշտ է ընդլայնել ընդդիմության դերն այս համակարգում, այսինքն՝ վերահսկողական գործառույթների վերապահում ընդդիմությանը՝ սահմանադրական և խորհրդարանական մարմինների միջոցով:

Կուզեմ այս համատեքստում ընդգծել, որ մեծամասնությունը չի կարող փոքրամասնությանը վերապահված պաշտոններից հետ կանչել գործիչներին՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, մշտական հանձնաժողովների ընդդիմադիր նախագահներին և նախագահների ընդդիմադիր տեղակալներին:

Եթե պաշտոնը վերապահված է ընդդիմությանը, ընդդիմությունն է որոշում ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը (ՔՊ-ն միանձնյա քվեարկություններով 2022-ին հետ կանչեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին, իսկ 2023-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին—Ա.Ա.

– Իսկ ինչո՞ւ չեք փորձում նորից թեկնածուներ առաջադրել Ձեր նշած պաշտոնների համար: Չէ որ բավականին երկար ժամանակ է անցել ընդդիմադիր պատգամավորների պաշտոնազրկումներից հետո:

– Ինչի՞ համար: Ընդդիմությանը վերապահված պաշտոն զբաղեցնողը պարտադիր չէ, որ իշխանության քիմքին հաճո մարդ լինի:

 

Զրուցեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829