Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով. «Փաստ»

Փետրվար 06,2024 09:00

Ինչպես 2022 թվականին, անցյալ տարին ևս Հայաստանն ամփոփեց բարձր տնտեսական աճով։ Բայց եթե 2022 թվականին կարողացանք երկնիշ թվով աճ արձանագրել՝ 14,2%, ապա 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը էականորեն նվազել է՝ կազմելով 9,4%: Նման բարձր աճի ցուցանիշները հիմք են դարձել, որպեսզի ՀՀ իշխանությունները այն դարձնեն մատի փաթաթան՝ անընդհատ հայտարարելով, թե իրենց ջանքերն արդյունքներ են տալիս։ Բայց, ինչպես փաստում են տնտեսագետները, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում դեպի Հայաստան կապիտալի ներհոսք է տեղի ունենում։ Եվ չնայած դա նպաստում է տնտեսական աճին, սակայն այդ կապիտալը չի ռեալիզացվում որպես տնտեսական ներուժ։ Ընդհանրապես, կապիտալը հոսուն բնույթ ունի և մեծ արագությամբ կարող է դուրս գալ Հայաստանից։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի կամ փոփոխությունների պարագայում, երբ այդ կապիտալը դուրս գա, ապա մեր տնտեսությունը կարող է ուղղակի կանգնել փլուզման եզրին։

Այսինքն, բարձր տնտեսական աճը միաժամանակ խոցելի դաշտեր է բացել ՀՀ տնտեսության համար, որոնք պետք է հասցեագրվեն ու լուծումներ մշակվեն։ Օրինակ՝ ինչպես իր հերթական վերլուծության մեջ նշում է «Լույս» հիմնադրամը, չնայած արտահանման ոլորտում որոշակի աճի դինամիկա է նկատվում, սակայն զարգանում են հիմնականում տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը: Ու հատկանշական է, որ արտահանումն աճում է ոչ այնքան Հայաստանի արտադրանքի հաշվին, որքան վերաարտահանման։ Այսինքն, Ռուսաստանի դեմ նկատվող պատժամիջոցային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Եվրոպայից սարքավորումներ, տեխնիկա և տարբեր ապրանքներ Հայաստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան կամ հակառակը։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ապրանքները վերափաթեթավորվում են որպես հայկական։

Օրինակ՝ այս տրամաբանության շրջանակում է, որ կտրուկ աճել է Հայաստանից թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումն, որն ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ արևմտյան երկրների կողմից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումները։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ ներմուծման ուղղվածություն է ունեցել, սակայն անցյալ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ներմուծման մասնաբաժինը տնտեսության հատվածում էականորեն աճել է, ինչը մեր տնտեսությունը կախվածության մեջ է գցում ներմուծումից ու, ընդհանրապես, արտաքին տնտեսական զարգացումներից։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829