Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին թշնամանքը հաղթահարելն ավելի կարեւոր է

Փետրվար 06,2024 10:00

Հայաստանի օրհներգում կա «թշնամի» բառը: Ավելի լավ կլիներ, իհարկե, որ չլիներ: Բայց դա բավարար հիմք չէ՝ օրհներգից հրաժարվելու համար, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել գրելու, խորհրդանիշների հարցում կարեւորը ինստիտուցիոնալ հիշողությունն է, պետական ավանդույթը, այն «կամարը», որը կապում է մեզ նախորդ սերունդների հետ:

Մյուս կողմից՝ ինչպե՞ս անվանել այն երկիրը, որը հարձակվել է հայկական տարածքի վրա, ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում մեր հայրենակիցներին, իսկ այնուհետեւ վտարել է նրանց այն հողից, որտեղ հայերն ապրել են հազարամյակներով: Բարեկա՞մ:

Բայց այստեղ կա եւս մի կարեւոր պահ: Ներկայիս իշխանությունը ցանկանում է մեր հասարակության, ժողովրդի միջից հանել, վերացնել թշնամանքը օտարների նկատմամբ: Այդ մոտեցումը ճիշտ է, եթե խոսքը որեւէ էթնոսի, ազգի մասին է եւ, իմ կարծիքով, սխալ է՝ օտար պետության կողմից վարվող քաղաքականության դեպքում: Դրանով հանդերձ, այդ նույն իշխանությունն ամեն ինչ անում է՝ ազգի ներսում թշնամանքը վառ պահելու համար:

Փաշինյանը, որը 2018 թվականին իշխանության է եկել բացառապես ատելության եւ թշնամանքի հիման վրա, որն այդ զգացմունքների միջոցով շարունակում է պահել իշխանությունը, որը ժամանակ առ ժամանակ փորձում է թարմացնել այդ թշնամանքը՝ «շնաբարո դուրսպրծուկների» դեմ հռետորաբանությամբ, խոսում է թշնամանքի անընդունելիության մասին: Դա, մեղմ ասած, երեսպաշտ մոտեցում է:

Ակնկալել, որ այս իշխանությունը կդադարեցնի ատելության, թշնամանքի սփռումը, չի նպաստի հասարակության պառակտմանը, մենք՝ շարքային քաղաքացիներս, իհարկե, չենք կարող: Դա նրանց էներգիայի, գոյատեւման աղբյուրն է, նրանց, կարելի է ասել, սնունդը:

Ասեմ, թե ինչ կարող ենք մենք անել: Թշնամանքը վարակ է, վիրուս, որը մենք թողնում ենք մեր մտքի, մեր հոգու մեջ եւ փոխանցում ենք ուրիշներին: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք այդ վարակը չընդունենք ներս:

Օրինակ` ես ամեն օր սոցցանցերով ստանում եմ մի քանի «թշնամական ուղերձ»՝ չգիտեմ, դրանք «ֆեյքերի ֆաբրիկայի՞ց» են, թե՞ ինքնաբուխ: Բայց ես բացարձակապես չեմ թշնամանում այդ մարդկանց հետ: Հակառակը՝ նրանց բոլորին (ներառյալ՝ ՔՊ-ական վերնախավին) առողջություն եւ երջանկություն եմ ցանկանում: Այսպիսով ես, վստահ եմ, իջեցնում եմ թշնամանքի մակարդակը մեր հասարակության մեջ 0,0000001 տոկոսով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերեւ, գոնէ նուազագոյն ու տարական չափով, կարծես թէ քիչ թէ շատ *ընդունելու* պէս բան մը կայ, որ թուրքերին կարելի է թերեւս կոչել *թշնամի*. բառին ամենազուսպ, առարկայական, նուազագոյն, զուտ թեքնիքըլ իմաստով: Ուֆ, we take it !

    Լաւ, հիմա երբ որ հայ մը, թուրքերի ամենածայրագոյն թշնամի տեսակիմ կեցուածքը ունի՝ Հայութեան նկատմամբ. բառ առ բառ այդ տեսակ թուրքի նման է խօսում, եւ սաստում ուրիշ հայերի. մտածում է այդ տեսակի թուրքին նման, նպաստում է նրա ամենաբացայայտ ու ծայրայեղ հայատեաց ծրագիրներին, տեւաբար համագործակցում է նրա հետ. իր գործնական որոշումներով, արարքներո՛վը անգամ, նպաստում է ամենահակահայ թուրքերի ծրագիրների իրականացման… ինչո՞ւ չենք կրնար այդ հայը կոչել՝ Հայութեան թշնամի: Ներքին թշնամի:

    Ի դէպ, արդարեւ, Փաշինյանը *2018 թվականին իշխանության է եկել բացառապես ատելության եւ թշնամանքի հիման վրա*, եւ այդպէս ալ շարունակեց պահել ու ամրապնդել իր բացարձակ իշխանութիւնը, սակայն համահայկական խոշո՜ր ամբոխ մը, լաւ էլ համաձայն էին, իր հետ: Բաժնում էին այդ ատելութիւնն ու թշնամանքը՝ ուրիշ հայերի դէմ: Նոյնիսկ, այդ ամէնը համարեցին… *սէր*! Սէր, ոչ-թշնամի հայերի նկատմամբ…

    Հայդուկ Շամլեան
     
     

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, Քայլերգի բառերին կապակցութեամբ, հիմնական զիջումներ եղած էին արդէն, այս Հանրապետութեան հաստատման ժամանակ իսկ… Արցախի ազատագրման ընթացքին իսկ… Հայոց խաղաղութեան ձեռքը երկարած էր արդէն դէպի թշնամիիին…

  3. Ակամա, Դուք նպաստում եք նիկոլականների ծրագրին: Համոզված եմ, որ Դուք չեք նկատել դա:

    Արդեն լավ տեսանելի նիկոլական ծրագիրն է ա) նսեմացնելով հայի հավաքական կերպարը բ) իջեցնել բարոյական նշաձողերը, գ) ձևավորել կառավարելի հավաքական վարքագիծ ու խոսույթ ու այդ պայմաններում դ) վերարտադրվելով, մի կերպ քարշ տալ քանդվող հայկական պետականությունը: նիկոլականների հիմնական տակտիկան է` մի կերպ յոլա տանք` տեսար կամ էշը կմեռնի, կամ էշատերը:
    Հավատացեք, ես Ձեզ չեմ ասում թշնամական որևե բան երբ նշում եմ Ձեր սխալը` պարզապես հայտնում եմ իմ ընկալումը Ձեր տրամաբանության: Կարող է և սխալվում եմ: Միայն բարեկամն է խոսում սխալներից, թշնամին շաքար-մեղր կլցնի որ ծպտյալ օգտագործի սխալները:

    Ասել թե նիկոլականները *ցանկանում են վերացնել թշնամանքը օտարների նկատմամբ* սխալ է: Նախ տվյալները խոսում են ճիշտ հակառակի մասին երկու պարագայով` ա) Հայաստանում, ոչ մի այլ ռեժիմի օրոք ռուսների նկատմամբ թշնամանքը չէր հասցվել պետականորեն աջակցվող գործունեության; բ) հրեաների նկատմամբ թշնամանքի աճի վերաբերյալ օտար լրատվամիջոցների տպագրված քարտեզներում Հայաստանի տարածքը կանաչ (դրական վերաբերվունք) կժզյակ է կարմիր (թշնամանք) ծովում: Ու նա կանաչ էր միշտ: Սա արդեն բավական է, որ վերանայեք Ձեր պնդումը: Մյուս կողմից անմոռանալի են 2018-ից բարձրաձայնվող թշնամանքը Արցախահայություն նկատմամբ *ազատենք Հայաստանը ղարաբաղցիներից*… Ի՞նչպես է հնարավոր *վերացնել թշնամանքը օտարի նկատմամբ* երբ թշնամանքը սեփական ժողովրիդ մասի նկատմամբ ունի ծրագրային թափ:

    Ավելին, կարծում եմ, նիկոլականների հիմնական գործիքը թշնամանքն է` ա) խոսում են սիմվոլներից, իսկ ինչ բան էր 2021-ի մուրճը նիկոլի ձեռքում եթե ոչ սպառնալիք ու թշնամանքի հենց իր ազգի նկատմամբ; բ) հայ մտավորականներին *զբաղեցնելով* կիսելով Հայաստանի պատմություն թե Հայ ժողովրդի պատմություն դիլեմմայով միթե՞ թշնամանք չէ հայ ժողովրդի նկատմամբ: Որը ունի այս պահին կենաց-մահ խնդիր լուծելու;
    Միթե շատ թշնամություն, ստորություն չէ ժողովրդի նկատմամբ` ստով ու անպիտան աշխատանքով հարվածել ժողովրդի ճակատագիրին:

    Մինչև չբարեկամանաս քո ազգին, ճանաչելով իր ուժն ու թուլութունը, չես կարող լինել բարեկամ օտարին` գնահատելու սանդղակ չունես: նիկոլականները հենց այս են անում` զրկում են հայ մանուկին ձևավորել այդ սանդղակը, առաջարկելով սովորել տեխնիկական կողմը Հայաստան ասած բանի (պետականությունը դա մեխանիզմ է, մոդել…); Այսօր տիկին կրթության նախարարը այսպիսի պսպղում *միտք* արտահայտեց` *Մենք ապրում ենք Հայաստանում, և ՀՀ դպրոցներում պիտի անցնեն Հայաստանի պատմությում*: Այսինքն, եթե ապրում ես Հայաստանում ապա ՀՀ դպրոցներում պիտի անցնես Հայաստանի մաթեմատիկա, քիմիա, ƒիզիկա…
    Վոճակը այս է: Բանը չի հասել օտարին բարեկամ/թշնամի լինելուն: Հայաստանում դա չի լինի` պատմականորեն հայը ունի մեկ թշնամի ու նա լրիվ զբաղացրել է այդ քվոտան: Մյուս ազգերին թշնամանք չի հասնի` հայը արարող ազգ է, սիրում է կյանքը ու ապրում է չնայած արհավիրքներին:
    Իրականում նիկոլալանները տանում են հային հայից օտարացնելու ծրագիր:

  4. Ruben says:

    «Փաշինյանը, որը 2018 թվականին իշխանության է եկել բացառապես ատելության եւ թշնամանքի հիման վրա…»
    Ինչպե՞ս են ԼՏՊ-ն և նրա ՀՀՇ-ն եկել իշխանության: 1990 թվականին ԼՏՊ-ն և նրա ՀՀՇ-ն իշխանության են եկել բացառապես ատելության եւ թշնամանքի հիման վրա: Մոռացե՞լ եք:
    «Պոլի փայտերի» (ինչպես 2018 թվականին «ուսապարկերը») պայքարը կոմունիստների դեմ (բացառելով անկախականներին): Որոշ կոմունիստներ ընդունեցին ՀՀՇ կրոնը, իսկ անկախականները հեռացվեցին կամ ոչնչացվեցին։
    ԼՏՊ-ն քիրվաություն էր խաղում ու քարոզում, երբ սպանում էին Շահումյանի շրջանում, Կիրովաբադում, Բաքվում…

  5. Ruben says:

    Սեր թշնամիների հանդեպ
    (Ղուկ. 6.27-36)
    Խաչ քաշեք վրեքտ ու պրծեք, որ հայերն ու Հայքը շունչ առնեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829