Մասաչուսեթսի հիվանդանոցի Գլխուղեղի առողջության կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքում մշակվել ու հաստատվել է Գլխուղեղի խնամքի գնահատման քարտը, որը թույլ է տալիս ավելի լավ պատկերացնել, թե ինչն է մարդու մոտ ավելի լավ ստացվում և ինչը՝ ոչ՝ ավելի առողջ գլխուղեղ, հետևաբար և դեմենցիայի ու կաթվածի ավելի ցածր ռիսկեր ունենալու ճանապարհին։
Ինչպես նշել է Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանության դասախոս, դոկտոր Էնդրյու Բադսոնը, ցուցանիշների հարմարավետ համակարգը, որը ստեղծվել է կանխատեսելու համար, թե ներկայիս սովորություններն ինչպես կազդեն գլխուղեղի առողջության վրա հետագայում, ըստ էության իր տեսակի մեջ առաջինն է։
«Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ հետազոտողները, ավարտելով առաջին հետազոտությունը, մշակել են նման սանդղակ՝ պարզելու համար, թե ցուցանիշների վատթարացումը մեծացնո՞ւմ է արդյոք դեմենցիայի ու կաթվածի զարգացման վտանգը»,-ասել է դոկտոր Բադսոնը։ «Նախկինում ոչ մեկը նման բան չէր արել, և այս համակարգը նորովի է միավորում բոլոր այն գործոնները, որոնք արդեն մի քանի տարի հայտնի են բոլորին»։
Frontiers of Neurology ամսագրում 2023 թ․-ի դեկտեմբերին հրապարակված հետազոտությանը մասնակցել է 40-69 տարեկան մոտ 399 000 մարդ (միջին տարիքը՝ 57, 54% կանայք)։
Գրեթե 12,5 տարի տևած դիտարկման արդյունքում գրանցվել են դեմենցիայի 5354 և կաթվածի 7259 նոր դեպքեր։ Հետազոտողները բացահայտել են, որ հետազոտության սկզբում գլխուղեղի խնամքի ավելի բարձր ցուցանիշներ ունեցող մասնակիցները ժամանակի ընթացքում ավելի քիչ են ենթարկվել դեմենցիայի ու կաթվածի զարգացման վտանգին։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս է կազմված Գլխուղեղի խնամքի գնահատման քարտը
Գլխուղեղի խնամքի գնահատման քարտը կարևորում է մարդու ֆիզիկական, սոցիալ-հուզական վիճակին, կենսակերպին առնչվող 12 ոլորտները։
Ֆիզիկական բաղադրամասը ներառում է՝
- զարկերակային ճնշումը,
- արյան մեջ շաքարի մակարդակը,
- խոլեսթերինը,
- մարմնի զանգվածի ինդեքսը։
Կենսակերպի բաղադրամասերը ներառում են՝
- սնունդը,
- ալկոհոլի օգտագործումը,
- ծխելը,
- աերոբային վարժությունները,
- քունը։
Սոցիալ-հուզական գործոնները ներառում են՝
- սթրեսի կառավարումը,
- սոցիալական հարաբերությունները,
- կյանքի իմաստը։
Յուրաքանչյուր պատասխան գնահատվում է 0, 1 կամ 2 միավորով, և հնարավոր ամենաբարձր ցուցանիշը կազմում է 21 միավոր։
Այս քարտի ցուցանիշների բարելավման առավելությունը սոսկ գլխուղեղի առողջությունը չէ, քանի որ յուրաքանչյուր բաղադրամասի լավացումը դրական կանդրադառնա մարդու ընդհանուր վիճակի վրա։
Ինչպես նշել է դոկտոր Բադսոնը․ «Բարելավելով այս ցուցանիշները՝ մարդիկ ոչ միայն կօգնեն իրենց գլխուղեղին, այլև սրտին, ինչպես նաև կնվազեցնեն քաղցկեղի զարգացման վտանգը․․․ Այդ գործոնները նաև դրական են անդրադառնում հոգեկան առողջության վրա, ինչն, անխոս, գլխուղեղի առողջության կարևոր բաղադրամասերից մեկն է»։
Դոկտոր Բադսոնը խոստովանել է՝ եթե ստիպված լիներ ընտրել գլխուղեղի առողջությունը բարելավող միայն մեկ գործոն, ապա կկենտրոնանար կյանքի իմաստի վրա և հասկանալով, թե որն է իր կյանքի նպատակը, ինչի է նա ձգտում, ուզո՞ւմ է արդյոք ապրել երկար տարիներ, թե ոչ՝ կփորձեր բարելավել նաև մյուս ցուցանիշները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Harvard Health