Այսօր կայացավ ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած «Վերելք» ծրագրի նոր փուլի ներկայացումը, որն իրականացվում է «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ եւ հնարավորություն է ընձեռում արցախցի երիտասարդներին` մասնակցել լավագույն մասնագետների կողմից իրականացվող դասընթացներին, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ ամրապնդել արդեն իսկ ունեցածը: Ծրագրի փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդները ստանալու են ֆինանսական աջակցություն եւ օգնություն` աշխատանքի տեղավորման հարցերում:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանը նշեց, որ սա հատուկ ծրագիր է: «2020 թվականի պատերազմից հետո մեզ համար հստակ էր, որ արցախահայությունը Արցախում պահելը, մանավանդ, երիտասարդության արտագաղթի մթնոլորտի դեմ պայքարելը մեր համար առաջնային է: Եվ այս իմաստով 2021 թվականին Արցախում «Վերելք» պիլոտային ծրագրի մեկնարկը ավելի ընդարձակ ծրագրի մեկ մասն էր, որը ջանքերի համախմբում էր եւ մարտահրավերների դիմագրավում:
2022 թվականին ազերիների կողմից պարտադրված ինն ամիս շրջափակումը, ապա լայնածավալ հարձակման հետեւանքով ազգովի ականատեսը եղանք Արցախում Հայոց Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի նկատմամբ գործադրված մեծագույն արհավիրքին եւ անարդարությանը:
Այսօր արցախահայության, հատկապես երիտասարդության համար Հայաստանում արժանապատիվ ապրելը եւ վերադարձի մարտահրավերները մեր պարտականությունն են մեր սերնդակիցներին թեւ ու թիկունք լինելը»,-ասաց Ցողիկ Աշըգյանը: Եվ ավելացրեց, որ ոչ ոք, նույնիսկ թշնամին չի կարող կանգնեցնել «Վերելք» ծրագիրը:
Կարդացեք նաև
«Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Հրայր Բարսումյանը նշելով, որ միասին անցել են «Վերելք» ծրագրի բոլոր փուլերով, վստահեցրեց, որ արցախցի երիտասարդների, մասնակիցների, դասընթացավարների, բարերարների եւ ծրագրին միացած կազմակերպությունների կամքի ու ՀՅԴ երիտասարդականի նվիրումի շնորհիվ իրենց վերելքը շարունակվում է եւ երբեք կանգ չի առնելու, թեեւ հաստատ «Վերելքի» ճանապարհը տարբեր խոչընդոտների դեմ հանդիման գտնվելու է»:
Նա ներկայացրեց ծրագրի երրորդ փուլի նպատակները, ընթացակարգերը, որոնց ավարտին փորձել եւ լավագույն մասնակիցներին կապել են գործատուների հետ եւ որպեսզի այդ աշխատատեղը չծանրացնեն գործատուների ուսերին, պատրաստ են նաեւ մեկ տարի մասնակցել աշխատավարձի ֆինանսավորմանը:
Վահե Բարսումյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Հայաստանում արցախցի երիտասարդների համար կայուն եւ բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելով արդյո՞ք, մտավախություն չունի, որ բարեկեցությունը նրանց կարող է ստիպել հրաժարվել Արցախ վերադառնալ, ասաց, որ նման մտավախություն չունի, քանի որ ամենօրյա շփումներում մշտապես տեսնում է հարազատ օջախ վերադառնալու անսպառ ցանկությունը: «Ավելին, արցախցի երիտասարդները երազում են վերադառնալ եւ մեր ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ներդնել այնտեղ»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ