Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համամիտ եմ՝ հավասար պայմաններ ապահովված չեն, բայց այն ԶԼՄ-ները, որոնք թափանցիկ են ֆինանսավորման հարցում, ավելի մեծ վստահություն կունենան լսարանի կողմից»․ Կորինա Չեպոյ

Փետրվար 05,2024 22:35

«Հուսով եմ՝ հետազոտության արդյունքներն օգտակար կլինեն ձեր աշխատանքում, ձեր կողմից կայացվելիք որոշումներում»,- դիմելով հայաստանյան լրատվադաշտի ներկայացուցիչներին՝ հայտարարեց Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը՝ անդրադառնալով Հայաստանի մեդիաշուկայի հետազոտությանը։

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։ Հետազոտությունն իրականացրել է Jnomics Media-ն՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» գործընկեր Zinc Network-ի պատվերով:

Կորինա Չեպոյը նշեց՝ հետազոտությունում ներկայացված են առաջարկություններ, որոնք հարմարեցված են հատուկ Հայաստանի միջավայրին․ «Ծրագրի ընթացքում կրկնելու ենք այսպիսի հետազոտության իրականացումը»։

Զինք Նեթվորք ծրագրի տնօրեն Ուիլ Դանբարը հուսով է՝ հետազոտության արդյունքներն արդիական են բոլորի համար և կլինեն կիրառական․ «ՀՀ-ում այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել հանրության վստահությանը լրատվամիջոցների նկատմամբ։ Հուսով եմ՝ այս արդյունքների ներկայացմամբ ձեզ որոշակի լուծումներ կտանք և կշարունակենք ձեզ հետ աշխատել գալիք տարիների ընթացքում»։

Զինք Նեթվորք կազմակերպության ծրագրի ղեկավար Վիկտորյա Անդրեասյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները և հայտնեց․ «Հետազոտության արդյունքում մեզ մոտ ամրապնդվել է այն տեսակետը, որ ՀՀ-ի մեդիադաշտը բնորոշվում է բազմազանությամբ, բայց միաժամանակ բևեռացվածությամբ։ ԶԼՄ-ները շատ ժամանակ դաժան պայքար են մղում իրենց խմբագրական անկախությունը պահպանելու համար՝ միաժամանակ ապահովելով ֆինանսական կայունություն։ Համոզված ենք, որ եթե լրատվամիջոցներն ավելի ճանաչեն իրենց լսարանը և ճանաչեն այն մեթոդները, թե ինչպես կարելի է հասնել այդ լսարաններին, կարող են ավելի մեծացնել իրենց ազդեցությունը։ Մենք նաև համոզված ենք, որ եթե ԶԼՄ-ներն ունեն ռազմավարություն և ցանկանում են հետևել այդ ռազմավարությանը և պահպանել իրենց խմբագրական անկախությունը, այս դեպքում առանցքային նշանակություն ունի աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Ֆինանսավորման բացահայտումն անչափ կարևոր է լսարանի մոտ վստահության ամրապնդման համար»։

Հետազոտության շրջանակում կատարվել է շուկայի ընդհանուր դիտարկում, ուսումնասիրության մեթոդաբանությունը ներառում է բաց աղբյուրների կաբինետային հետազոտություն, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, ՀԿ-ների, մարքեթինգի և գովազդի մասնագետների հետ հարցազրույցներ և թվային շուկայի վերլուծության գործիքների համադրություն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ ՀՀ-ում տեղեկատվության տարածման հարցում սոցիալական մեդիան շարունակում է գերիշխել։ Թվային մեդիան մրցակցում է սոցիալական մեդիայի կարծիքի առաջատարների հետ, որոնք շատերը ստեղծում են կարծիքի վրա հիմնված բովանդակություն և տարածում են սենսացիոն և երբեմն ոչ ճշգրիտ լուրեր, որոնք ավելի շատ զվարճացնում, քան տեղեկացնում են։ Մարզային լրատվամիջոցները բախվում են եկամուտների զգալի անկայունության՝ աջակցության համար հաճախ ապավինելով միջազգային դոնոր կազմակերպություններին։ Բևեռացումը հայկական լրատվամիջոցների գլխավոր մարտահրավերներից է։ Ֆինանսավորման հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ հայ լսարանը չի ցանկանում վճարել բովանդակության համար։

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը շեշտեց՝ հետազոտությունը վերաբերում է մեդիաշուկային և ուրախությամբ նշեց, որ հնարավորություն են ունենալու կրկնել հետազոտությունը․ «Այս հետազոտությունը միայն ներկայի մասին չէ, այլ նաև ավելի ուշ կարող ենք տեսնել հետագա հետազոտություններում, թե ինչպես է Հայաստանում զարգանում մեդիաշուկան։ Այո, խնդիրներ գոյություն ունեն, բայց նաև կան լուծումներ, որոնք ներկայացված են եզրակացություններում և առաջարկություններում»։ Հետաքրքրվեցինք՝ առաջարկությունները կատարելիս հատկապես ի՞նչ հարցերի վրա է շեշտադրում կատարվել, Կորինա Չեպոյն ասաց․ «Հիմնական շեշտը մեդիայի կենսունակության խնդրի վրա է, որը հիմնված է բազմաբնույթ լսարանի հետ աշխատանքի վրա՝ տեղափոխվելով տարբեր հարթակներ։ Մեդիայի լսարանը տարբեր հարթակներում է, տարբեր դրամաշնորհների մասին իրազեկվածությունն է կարևոր, ֆանդրայզինգը ՀՀ-ից դուրս, այլ լեզուներով արտադրանք ստանալու մասին աշխատելը՝ հասնելով  լսարանին և միգուցե նրանցից նաև ստանալ առաջարկություններ»։

Ըստ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրենի՝ լրատվամիջոցների կարողությունները լավն են, լրագրողների մասնագիտական պատրաստվածության  մակարդակն ընդհանուր առմամբ բարձր։ Մեր այն դիտարկմանը՝ թեև կարևորվում է ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիան, բայց նաև ստեղծվել են ոչ հավասար պայմաններ, քանի որ լրատվադաշտում կա պրակտիկա, երբ լրատվամիջոցը ֆինանսավորվում է այս կամ այն քաղաքական ուժի կամ դրան հարող կազմակերպության կողմից և հարցին՝ մի՞թե սա անհավասար պայմաններ չի ստեղծում լրատվամիջոցների համար, Կորինա Չեպոյն արձագանքեց․ «Համամիտ եմ, որ հավասար պայմաններ չեն ապահովված, բայց նրանք, որոնք թափանցիկ են ֆինանսավորման հարցում, նրանք ավելի մեծ վստահություն կունենան լսարանի կողմից: Հույս ունեմ՝ սա նաև կօգնի ստանալ աջակցություն լսարանի կողմից։ Երբ  լրատվամիջոցը չի ստանում քաղաքական ուժի կողմից ֆինանսավորում, նա թափանցիկ է և փորձում է ռեսուրսներ գտնել այլ տեղերից։ Սա օգնում է նրանց առաջ գնալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829