Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիներջիի» կալանավորված տնօրենի որդին այս անգամ կենթարկվի՞ քրեական հետապնդման

Փետրվար 05,2024 22:24

Առերեւույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակում կալանավորված  «Սիներջի» ընկերության տնօրենի որդին՝ Արթուր Հովհաննիսյանը («Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի ամուսինը․–խմբ․), 2017 թվականից սկանդալային պատմության մեջ է:

Այդ պատմությունը ներկայացնենք նախ սկզբից:

Արտյոմ Հարությունյանը, բրիտանական IT ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենը, տարածք  է վարձակալել «Սիներջի»  ընկերությանը պատկանող բիզնես կենտրոնում, բայց երբ բրիտանական ընկերությունը սնանկացել է, հայաստանյան մասնաճյուղը դադարել է գործել: Հարությունյանը «Սիներջիի»   տնօրինությանը հայտնել է, որ պատրաստվում են դուրս գալ տարածքից եւ ունենալով վարձակալության մի քանի ամսվա պարտք, հայտնել է, որ չեն կարող վճարել պարտքը, քանի որ իրենց  ֆինանսավորող բրիտանական ընկերությունը սնանկացել է ու չի ֆինանսավորում իրենց այլեւս:

«Երբ բիզնես կենտրոնից դուրս գալու ժամանակը եկել է, հանկարծ  պարզվել է, որ Արթուր Հովհաննիսյանի հրահանգով կողպեքները փոխված են, քարտերն արգելափակված են, իրենք չեն կարողանում մուտք գործել վարձակալած տարածք, որ իրենց գույքը վերցնեն: Այդ գույքը չի եղել ընկերությանը, այլ ֆիզիկական անձանց է պատկանել, մեծ մասը հենց վստահորդիս՝ Արտյոմին է պատկանել՝ համակարգիչներ, սեղաններ, պահարաններ, 15 հոգանոց անձնակազմ է  աշխատել: Չեն թույլատրել վերցնել, դրա վերաբերյալ դեռեւս 2017-ին քրեական վարույթ է  նախաձեռնվել՝ ինքնիրավչությունով, որ ինքնագլուխ է իրականացրել իր ենթադրյալ իրավունքները: Պարտքը 2-3 միլիոն դրամի չափով է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Այվազյանը:

Փաստաբանը նկատեց, որ ինքնիրավչության հոդվածով նախաձեռնված քրեական վարույթը  մի քանի անգամ կարճվել է, իրենց բողոքի հիման վրա, դատախազությունն ու դատարանը վերացրել են կարճման որոշումը. «Այս գործն անընդհատ քննվում է, կարճվում է, նորից վերաբացվում է: Վերջապես վերջին անգամ քննիչները հասկացան, որ իրոք ինքնիրավչություն է, հարկադիր կատարման ծառայությունից առգրավեցին վստահորդիս գույքն ու վեց տարի անց վերադարձրին: Այդ մասով գոնե վերականգնվել է իրենց իրավունքները, բայց քրեական գործն էլի կարճել են ու քրեական պատասխանատվության ենթարկելը մնացել է  օդի մեջ: Մեր կողմից էլի հունվարի 13-ին բողոք է ներկայացվել դատախազություն, որ այստեղ ակնհայտ հանցագործության հատկանիշներ կան եւ պետք է վերացվի այդ կարճումը, դեռ պատասխան չունենք դատախազությունից: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես  է քննչական մարմինն անընդհատ կարճում քրեական վարույթը, մի քանի անգամ դատարանը վերացնում է, ասում է՝ճիշտ չեք գնահատել, բայց այդ նույն հիմքով քննչական մարմինը էլի կարճում է ու քրեական հետապնդում չի սկսվում Արթուր Հովհանիսյանի նկատմամբ»:

Արթուր Հովհաննիսյանը, ըստ մեր զրուցակցի, «Սիներջիի»   գործադիր տնօրենն է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարո says:

    Ավելի շուտ դատախազությունը ձեզ պիտի դատի խաբեության համար։
    Եթե բրիտանական ընկերությունն էր վարձել տարածքըմ թող ինքել գար իր գույքի հետևից։
    Քո վստահորդը ինչ կապ ունի՞
    Եթե անձնական բուրդը/գույքը/ բերել խառնելա բրիտնական ընկերության բրդի հետ իր պրոբլմենա։ Տարածքի տերը ոնց համոզված լինի, որ քո անձնական գույքնա ոչ թե ընկերության։
    Բա որ հետո բրիտանացիք գան էտ գույքի հետևից, ինչա պատասխանա տալու՞

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829