Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ազգակործան իշխանությունից հնարավոր է ազատվել քաղաքական մահապարտների միջոցով»․ Ռուբեն Հակոբյանի ծրագիրը

Փետրվար 05,2024 19:44

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում՝ ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով։

Նա ասաց՝ նախ պիտի մտածենք, թե որտեղ ենք սխալվել։

«Մեր գլխավոր սխալը եղավ այն, որ այդպես էլ հենց սկզբից չփորձեցինք հասկանալ, վերլուծել, թե ի վերջո ոնց եղավ, ինչպես պատահեց, պիտի թույլ տաք այս բառն օգտագործել՝ այս ազգակործան, պատուհասը հայտնվեց իշխանության։

Մենք խոսում ենք հետևանքների մասին, չենք ասում այն պատճառները, որոնք ծնեցին իրեն։ Չենք ասում՝ ինչո՞ւ էր ժողովրդի մեջ ցասում առաջացել, որ գնացին Նիկոլ Փաշինյանի հետևից, որովհետև ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի գնացին, այլ ընդդեմ օրվա իշխանության գնացին։ Եվ մենք թույլ տվեցինք։

Ես նույնիսկ մի հաղորդման ժամանակ ասացի՝ հերիք է, հերիք է այսպես իմպոտենտ վիճակով քծնել օրվա իշխանությանը, չի կարելի, և շատ բարեկամաբար ասացի․ խորհրդարանում էր դա», -ասաց Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա, պիտի մտածել՝ ինչպես դուրս գալ այս ողբերգությունից, որովհետև, նրա համոզմամբ, ուղիղ գնում ենք դեպի ամբողջական կործանման։

«Ես շատ ռեալ պոլիտիկի դիրքերից եմ խոսել և ասում եմ՝ մենք ունեցել ենք Սարդարապատ, Սարդարապատում մի քանի անգամ ավելի ծանր էր վիճակը, քան հիմա։ Եթե հիշում եք Սարդարապատում ցեղասպանությունից հետո ոչինչ չունեինք, անկազմակերպ, ծնկի եկած էինք, բայց բավական էր, որ ունենայինք Արամ Մանուկյան վարչապետ, որին դիկտատոր էին ասում լավ իմաստով, և եկեղեցին՝ թև-թևի տված, հայտարարեց, որ ազգային-ազգատագրական պայքար է, և բոլոր զանգերը հնչեցին, մեկ էլ ժողովրդի արժանապատվությունը, տղամարդկությունը միախառնված, թև-թևի տված ՝ մենք կարողացանք տեր կանգնել և ստեղծել պետություն և պետականություն։ Պատմության մեջ անկրկնելի բան էր։

Ես ասում եմ՝ այդ ժամանակ շատ ավելի վատ էր, քան այսօր, այսօր մենք ունենք հնարավորություն մի քիչ ոտքի կանգնել և կարողանալ մեր արժանապատվությունը, մեր պետականությունը փրկել։ Հայտնի ճշմարտություն է՝ հավաքականությամբ, որևէ ազգի կազմակերպման լավագույն ձևը պետություն ունենալն է։ Կարողացավ քո հավաքականությունը պետություն ստեղծել, դու կապրես, քեզ կհարգեն, չկարողացար, ծնկեցիր, իսկ այսօր մենք ծնկել են, լավագույն դեպքում կարող են ողորմաթաս խմել քեզ համար, ասել՝ լավ ազգ էին։

Էսօր թշնամին կանգնել, մատ թափ տալով՝ ասում է՝ Սահմանադրությունդ պիտի փոխես, Հայոց պատմությունդ պիտի դարձնես Հայաստանի պատմություն, համ էլ կանես այն, ինչ ուզում եմ։ Եվ մտել է 200 կիլոմետր մեր տարածք, ասում է՝ ամբողջ տարածքդ կնվաճեմ։

Թշնամու ղեկավարն ասում է, որ Էրիվանն էլ է մերը, Գյոկչան էլ է մերը, Սևանա լիճը Գյոկչա են կոչում, Բասարն էլ է մերը, սա ասում է թշնամու նախագահը։ Իրեն չեն պատասխանում, այստեղ որ քաղաքական ուժեր կան, մարդիկ կան, որոնք ասում են, որ թույլ չենք տա Արցախը գրավեք, այսօրվա իշխանության տերն ասում է՝ չի կարելի այդպես ասել, որովհետև դրանք ռևանշիստներն են և փորձանք կբերեն Հայաստանի գլխին»։

Ռուբեն Հակոբյանը նշեց՝ բավական է ունենալ կազմակերպված թիմ՝ քաղաքական մահապարտներով, որոնք համոզված լինեն, որ մենք գնում ենք դեպի կործանում, կգնան փրկության, ու այն կավարտվի հաջողությամբ։

«Ինչ միջոց ուզում ես օգտագործի, եթե կարող ենք փրկել այս վիճակը, դա սահմանադրական է, որովհետև եթե գրավեցին ռադիոտունը, հիշո՞ւմ եք ինչպես գրավեցին ռադիոտունը․ ջարդելով դռները մտան, այսինքն՝ ամենահակաօրինական բաներից մեկն էր, և դրանից սկսվեց, արձագանք չեղավ օրվա իշխանությունների կողմից։

Իրենք շրջապատեցին դատարանները և ի՞նչ էին պարտադրում, բոլոր հակաօրինական, հակասահմանադրական քայլերն արված էին։ Իսկ միջազգային կոնվենցիաները, միջազգային իրավունքն ասում է՝ կարող ես ապստամբել, կարող ես ոչնչացնել բոլոր բռնապետերին, եթե նրանք խախտում են քո իրավունքները։

Այնպես որ ցանկացած միջոց, որոնցով կարելի է ազատվել այս իշխանությունից, ես դիտում եմ սահմանադրական։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և հենց այնպես չեմ ասում, միջազգային նորմերին եմ ծանոթ և գիտեմ աշխարհում դեպքեր, ճիշտ է՝ այդ ապստամբություն բառը չեմ սիրում, որ քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ եթե քո իրավունքը, քո պետության իրավունքը խախտում են, դու բոլոր ձևերով կարող ես դրանից ազատվել, այդ թվում նաև ապստամբությամբ, այդ թվում ամեն ինչով»։

Բանախոսը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչպե՞ս կարող են ազատվել օրվա իշխանությունից։

«Կրկնում եմ՝ անհատներից ստեղծել քաղաքական միավորում, որը պիտի ունենա մեկ խնդիր, որ սահմանի այն օրակարգը և միջոցները, որոնց պետք է գործի և կարողանա իրականացնել իշխանափոխություն։ Կրկնում եմ՝ ամեն գնով, որովհետև ինքը հակասահմանադրական ճանապարհով զավթել է իշխանությունը։

Եվ ես մի քանի կետեր եմ առանձնացրել, որոնք հրապարակել եմ և ինձ օգնել են, թվարկեմ դրանք՝

Պետք է ձևավորել քաղաքական խորհուրդ։

Խորհուրդը պետք է համախոհությամբ առաջադրի վարչապետի թեկնածու և ճշտի ձևաչափը վարչապետի թեկնածուին ներկայացնել հասարակությանը։ Ինչու եմ ասում, որովհետև այսքան ժամանակ պայքարի ինչ-որ ձևեր եղել են, բայց այդպես էլ չեն ներկայացրել, թե ենթադրենք ինքը չկա, ով է լինելու։ Ժողովուրդն ուզում է իմանալ, բայց ես այն կարծիքին եմ, որ ինչ-որ խորհուրդ լինի, որ խորհրդի միջից ժողովրդին առաջադրվի, թե ում նկատի ունենք, որովհետև պետք է նաև խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն ընկալելի լինի ժողովրդի համար։

Եվ, այո՛, դրանից հետո իրականացնել, ես իրեն դիտում եմ մեր պետության, ազգի դավաճան, նրան իշխանությունից հեռացնելու համար։

Եվ ձևավորել ժամանակավոր, անցումային կառավարություն, որը կգործի մինչև 1, 5 տարի ժամկետով։ Ժամանակավոր կառավարությունը տեխնիկական պետք է լինի և ապահովի որոշակի հավասարակշռություն, որպեսզի անցկացնի ընտրություններ։ Ես ասում եմ՝ բոլորի միջոցով պետք է ձևավորվի նախապես այդ կառույցը, բայց եթե արդեն գնում է ընտրությունների, պետք է յուրաքանչյուրն իր նիշան պետք է ապահովի՝ իր գաղափարական, քաղաքական ունեցած հաստատուն ծրագրով։

Եվ բնականաբար այդ ժամանակավոր կառավարությունը իր լիազորությունները պետք է վայր դնի ԱԺ ընտրություններից հետո։

Իհարկե, այդ ընթացքում պետք է Արցախի հարցով ժամանակավոր հանձնաժողով պետք է ձևավորել, որովհետև այսօր տարբեր մոտեցումներ կան, թե ինչ պետք է անել Արցախի հարցով, բայց կարծում եմ՝ դա պետք է պրոֆեսիոնալ խումբ լինի, որ նստի հասկանա և միջազգային իրավունքի սահմաններում և քո ժողովրդի պոտենցիալի՝ ունեցած հնարավորությունների սահմաններում ծրագրի, թե ինչպես փրկել Արցախը, որովհետև ես գտնում եմ՝ Արցախի հարցը լուծված չէ, ուրիշ ձևակերպում չեմ տալիս։

Արցախի հարցը դեռ լուծված չէ, և եթե մենք ունենանք ճշգրիտ ծրագիր, ի վերջո հստակ է մի բան, որ մեր թշնամիները բռնազավթել են այսպես ասած նոր՝ 21-րդ դարին հարիր ցեղասպանություն են իրականացրել Արցախի նկատմամբ և պետք է որ ժամանակի մեջ իրենք պատասխան տան դրա համար։ Բայց դա մեզանից է կախված, թե ինչքանով է դա հնարավոր։ Իհարկե, պետք է ձևավորել Սփյուռքի հետ աշխատող պրոֆեսիոնալ հանձնաժողով, որովհետև երբեք Սփյուռքն այսքան անգլուխ, անծրագիր չէր եղել, ինչպես հիմա։

Ես երկար ժամանակ է՝ քաղաքականության մեջ եմ և անկեղծ ասում եմ՝ համեմատության մեջ երբեք մենք չենք ունեցել այսպիսի անծրագիր Սփյուռք, մոլորված Սփյուռք, անհասկանալի Սփյուռք, ինչպիսին այսօր է»։

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև ընդդիմությանը, նշեց, որ Ազգային ժողովում ունենք ընդդիմադիր խմբակցություններ, սակայն ինքն անչափ դժգոհ է նրանց աշխատանքից, քանի որ նրանք իրար հետ կապ չունեն, միասնական ծրագիր չունեն։ Բայց պիտի կարողանալ այնպիսի ծրագիր մշակել, որպեսզի օգտագործեն խորհրդարանը՝ որպես լծակ։

Ըստ նրա, պետք է ձևավորել համապատասխան կառույցներ՝ երիտասարդության, մտավորականության, սոցիալական և ոլորտային տարբեր խմբերի հետ աշխատելու համար։

«Մինչ այս ծրագրի ամբողջական իրականացումը, այդ ընթացքում ես կանխատեսում եմ և բոլորդ երևի ունեք այդ մտավախությունը, որովհետև թուրքը չի թաքցնում, ադրբեջանցին չի թաքցնում, որ առաջիկայում հարձակում է նախապատրաստում, որովհետև եթե այս վերջերս լսեցիք, ինքը ոչ մի բանի կողմ չէ՝ երկխոսության, ոչինչի կողմ չէ, նույնիսկ այս ազգակործան, պատուհասն է ասում, որ իրենք մերժում են ամեն ինչ և նոր ծրագիր ունեն։

Եվ այդ խորհուրդը, որը պետք է ձևավորվի, անհրաժեշտության դեպքում պետք է կարողանա կազմակերպել ժողովուրդը, որովհետև այսօրվա իշխանությունը միայն ծնկի է եկել այս ընթացքում մեր թշնամու առաջ։ Եվ գիտեք ամենավտանգավորը որն էր, երբ երկու, թե երեք օր առաջ ելույթ ունեցավ ու ասաց՝ եթե մենք այս պայմանները չապահովենք, նա նոր պատերազմ կսկսի, այսինքն՝ ժողովրդի էմոցիան գողանում է պատերազմով։

Ես ասում եմ՝ եթե ժողովուրդն առողջ մտածի, կհասկանա, քանի դեռ ինքը կա, մենք միշտ պատերազմի վտանգների մեջ ենք։ Գիտեք, ես զարմանում եմ, որ այդ խոսքի վրա ժողովուրդը ոտքի չկանգնեց, երբ ինքը խորհրդարանում, ոչ թե պատահական, սուրճի սեղանի շուրջ, այլ խորհրդարանում ասաց՝ մենք կարող էինք ունենալ այս նույն պատկերն՝ առանց հինգ հազար զոհի։

Մի հատ ուշադիր, եկեք անցկացնենք մեր միջով, ինքն ասում է՝ խորհրդարանի բարձր ամբիոնից, մի քիչ որ վերլուծում ես, այդ հինգ հազար զոհը պետք էր, որ ինքն ապացուցեր, որ ինքը մեղավոր չէ։

Ինձ համար անհասկանալի է, որ դրանից հետո նրան ամբողջությամբ չվռնդեցին իշխանությունից, եթե չասեմ՝ ավելին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829