«Իրենք ապօրինի զավթել են համայնքը: Եթե ժողովրդավարական պետությունում ենք ապրում եւ ինքը ժողովրդավար ընտրված համայնքի ղեկավար է, պարտավոր էր եւ հենց ինքը պետք է պարտադրեր, որ լրատվամիջոցները ներկա լինեին ու իր օրինականությունը ապացուցեր, բայց փաստը ցույց է տալիս, որ մարդիկ ԶԼՄ-ներից խուսափում են, չեն ցանկանում դատական նիստը լուսաբանվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը:
Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն էր հայտնել այն ժամանակ համայնքի գործող ղեկավար Թամազյանին եւ նախաձեռնել իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթաց:
Արկադի Թամազյանն էլ դիմել էր դատարան՝ վիճարկելու 27 անդամներից 14-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու եւ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթացը:
Այսօր Վարչական դատարանում Թամազյանն ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու գործով առաջին նիստն էր: Դատավորը չթույլատրեց նիստի ժամանակ լուսանկարել, տեսանկարահանել, քանի որ Դավիթ Ղումաշյանը, ինքը չգալով նիստին, առարկել էր նկարահանման դեմ:
Կարդացեք նաև
Նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում Արկադի Թամազյանն ասաց, որ Ղումաշյանը չի ցանկանում լուսաբանել եւ դրա պատճառն այն է, որ իրենք անօրինական կերպով զավթել են համայնքը եւ խուսափում են, որ դատական նիստը լուսաբանվի:
Ինչ վերաբերում է դատավորին, որին այսօր բացարկ հայտնեցին, Թամազյանն ասաց. «Անկեղծ տպավորությունն այնպես էր, որ դատավորը կողմնակալ դրսեւորում ուներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ