ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյան,
Հուշում եմ, այս տարի Հոկտեմբերի 27-ին լրանում է 1999-ին մեր պետության դեմ կատարված պետական ահաբեկչության 25-րդ տարելիցը, որի ամենատխուր հետևանքներն են այսօր իրականանում:
Ձեզ դիմել էի դեռ անցյալ Հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ համապատասխան հանձնաժողովում փակ լսումներ կազմակերպել այդ ահաբեկչության կազմակերպիչների մասով վերաբացված գործով ու հրավիրել ԱԱԾ համապատասխան պաշտոնյաների: Դուք ոչինչ չեք նախաձեռնել: Ինչո՞ւ քայլ չեք անում: Որպես իշխանություն ի՞նչ երեսով եք 25 տարի անց ներկայանալու մեր հասարակությանը, ինչպե՞ս եք արդարացնելու ձեր անգործությունը, անտարբերությունը:
Մեր պետականության անվտանգությունը պաշտպանելուն ուղղված ձեր իշխանության դատարկ խոսքերո՞վ, նոր սահմանադրության սին խոստումո՞վ:
Կարդացեք նաև
Մտե՞լ եք ձեր օրոք հիմնված ԱԺ թանգարան, որտեղ ոչ մի ցուցանակ, տեղեկության չկա ԱԺ դահլիճում իրականացված այդ ահաբեկչության մասին: Այս փաստը միայն բավական է հասկանալու համար, թե ինչպես եք մտահոգվում Հայաստանի պետական անվտանգությունը կազմակերպելու ուղղությամբ: Ձեր իշխանությունը, որին, ցավոք ես էլ եմ հավատացել և որը ժողովրդին ներկայացրած իր ծրագրով խոստացել էր բացահայտել Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, ապիկար ու վտանգավորության աստիճանի անկարող է:
Հ.Գ. Հենց այսօր հերթական միջնորդությունն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենին, ով նախորդին՝ 05.12.2023թ. էլ չի պատասխանել: Եթե այս միջնորդությանս էլ չպատասխանի, դրանք հրապարակելու եմ:
Անահիտ Բախշյան
05.02.2024թ.