Մամուլում լուր էր տարածվել, թե Երուսաղեմում՝ Հին քաղաքի դարպասների մոտ երկու հրեա հարձակվել են հայ հոգեւորականի վրա: Aravot.am-ը կապվեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանի հետ: Նա փոխանցեց, որ տուժածը քրիստոնյա է, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունի, հայ հոգեւորական չէ, նա պատկանում է Բենեդիկտյան եղբայրությանը:
Նշենք, որ միջադեպին անդրադարձել է նաեւ իսրայելական մամուլը: Նշվում է, որ երկու հրեա ձերբակալվել էին քրիստոնյա հոգեւորական Նիկոմեդուս Շնաբելի վրա թքելու ու նրան հայհոյելու կասկածանքով, ավելի ուշ ազատ են արձակվել:
Իսրայելում Գերմանիայի դեսպանը թվիթերում դատապարտել է կատարվածը՝ որակելով զզվելի պահվածք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ