Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտ 15000 դեպք. Արմեն Մուրադյան

Փետրվար 05,2024 17:59

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ջրծաղիկը սուր, շնչառական, վիրուսային վարակ է, որի  հարուցիչը 3-րդ տիպի մարդու հերպես վիրուսն է, որը խիստ վարակիչ է, առաջացնում է ջրծաղիկ սովորաբար մանկական տարիքում, և հերպես զոստեր հիվանդություն, սովորաբար ավելի ուշ՝ չափահաս տարիքում (հիմնականում մեծահասակների և իմունային անբավարարություն ունեցող անձանց շրջանում):

Ջրծաղիկի վիրուսը տարածված է ամբողջ աշխարհում, և պատվաստանյութի  բացակայության դեպքում մարդկանց մեծ մասը վարակվում է: Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով: Վիրուսը ներթափանցում է վերին շնչուղիների կամ շաղկապենու միջոցով: Ջրծաղիկի վիրուսով առաջնային վարակից հետո վիրուսը մնում է նյարդային գանգլիոններում և կարող է վերակտիվանալ ավելի մեծ տարիքում՝ առաջացնելով հերպես զոստեր:

Ջրծաղիկն ունի սուր շնչառական վիրուսային վարակներին բնորոշ սեզոնայնություն, որն առավելապես դրսևորվում է ձմռան և գարնան ամիսներին: Խոշոր բռնկումներ են տեղի ունենում՝ 2-5 տարի պարբերականությամբ: Ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան գրանցվում է ջրծաղիկի 4.2 մլն ծանր բարդություններով հոսպիտալացման և 4200 մահվան դեպք։ Թեև ջրծաղիկի և հերպես զոստերի ծանր հիվանդացության և մահացության բեռը հանրային առողջապահության տեսանկյունից զգալիորեն ավելի ցածր է, ի տարբերություն պատվաստանյութով կանխարգելվող այլ հիվանդությունների, ինչպիսիք են՝ կարմրուկը, կապույտ հազը, ռոտավիրուսը կամ ինվազիվ պնևմակոկային հիվանդությունը՝ մինչև պատվաստանյութի ներդրումը, այնուամենայնիվ, ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կիրառումը նվազեցնում է հիվանդացությունը և մահացությունը, հատկապես բնակչության ռիսկի խմբերում: Ջրծաղիկի հնարավոր բարդություններն են՝ երկրորդային բակտերիալ վարակներ, էնցեֆալիտ, վիրուսային թոքաբորբ, որը մեծահասակների մոտ ամենահաճախադեպ բարդությունն է, իսկ իմունային անբավարարությամբ անձանց մոտ բարդությունները կարող են հանգեցնել նույնիսկ մահվան:

Ջրծաղիկը Հայաստանի Հանրապետությունում տարածված հիվանդություն է: Գնահատվում է, որ Հայաստանում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտ 15000 դեպք։ 2011-2021 թվականներին գրանցվել է ջրծաղիկի 163764 դեպք։ Վերջին տարիներին (2008-2021 թթ.) Հայաստանում ջրծաղիկի տարեկան հիվանդացության մակարդակը տատանվել է 310.1-770.9-ի սահմաններում 100.000 բնակչի հաշվարկով, ընդ որում ամենաբարձր հիվանդացության ցուցանիշը (770.9 դեպք 100.000 բնակչի հաշվարկով) դիտվել է 2011 թվականին: Ջրծաղիկի դեպքերի 70%-ը գրանցվել է 0-18 տարեկան անձանց շրջանում: Ընդհանուր առմամբ, 2014-2021թթ. ընթացքում Հայաստանում 4689 մարդ հոսպիտալացվել է ջրծաղիկի պատճառով, իսկ հոսպիտալացումների տարեկան թիվը տատանվել է 898-ից (2018) մինչև 38 (2020): 2022 թվականի առաջին կիսամյակում հոսպիտալացվել է 281 մարդ:

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը ստեղծվել և կլինիկական փորձարկման է ենթարկվել  1970-1980թթ. ընթացքում: Այն առաջին անգամ լիցենզավորվել է Գերմանիայում և Շվեդիայում 1984-ին: Ներկայում աշխարհում կիրառվում են  ջրծաղիկի դեմ  կենդանի թուլացած լիոֆիլացված պատվաստանյութեր: Ջրծաղիկի դեմ  պատվաստանյութերը նախատեսված են  12 ամսականից բարձր տարիքի երեխաների համար, որոշ տեսակներ (1 մոնովալենտ և 2 համակցված պատվաստանյութեր) արտոնագրված են նաև 9 ամսականից կիրառման համար:

Բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ ջրծաղիկի նկատմամբ պատվաստումների բավարար ընդգրկվածության ապահովման պայմաններում, նվազում է հիվանդացության մակարդակը, ինչը նպաստում է նաև հերպես զոստերով հիվանդացության նվազմանը:

Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային ծրագրում ջրծաղիկի դեմ պատվաստումը ներդրվելու է 2024թ.ին, այն նախատեսված է  12 ամսական և 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև նախազորակոչային տարիքի (15-16տ., 2 դեղաչափով) անձանց համար:

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ ապացույցների համակարգված ուսումնասիրությունը ցույց է տվել մոնովալենտ պատվաստանյութի անվտանգությունը: Երեխաներին պատվաստելուց հետո գրանցված ամենահաճախ հանդիպող հետպատվաստումային ռեակցիաները եղել են աննշան և ներառել են թեթև ցավոտություն, կարմրություն, ցան ներարկման տեղում: Հազվադեպ արտահայտվել նաև ջերմություն և ջրծաղիկանման ցան:

 

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid02rkda6fFdZJRJBZZMWpgwKJVoXjPMswBxsQjnuSw9ahKvAv5BJfBfKifQ7ZBE6HGvl%26id%3D100044600406611&show_text=true&width=500″ width=”500″ height=”329″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829