Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զարմանում եմ, որ մարդ, որն ինքն իրեն հռչակել է համայնքի ղեկավար, նման խայտառակ միջնորդություն է ներկայացնում, որ նիստը չլուսաբանվի». Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 05,2024 17:49

Այսօր Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու գործով առաջին նիստն էր Վարչական դատարանում: Նախապես հատկացված դահլիճը փոքր էր, քանի որ հետաքրքրվողներն ու մասնակիցները շատ էին, ուստի ստիպված տեղափոխեցին այլ՝ ավելի մեծ դահլիճ:

Երբ դատավորին խնդրեցինք թույլատրել դատական նիստի ժամանակ լուսանկարել եւ տեսանկարահանել, նա հարցրեց, թե ինչո՞ւ չենք բավարարվում միայն ձայնագրելով ու գրառումներ անելով: Փոխանցեցինք, որ սա հանրային մեծ հնչեղություն ունեցող հարց է եւ լրատվամիջոցին անհրաժեշտ է կատարվածը ներկայացնել հնարավոր հասանելի տարբերակներով: Դատավորը մերժեց միջնորդությունը եւ չթույլատրեց, քանի որ Դավիթ Ղումաշյանը, ինքը չգալով նիստին, առարկել էր նկարահանման դեմ:

Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն էր հայտնել համայնքի գործող ղեկավար Թամազյանին եւ նախաձեռնել իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթաց: Արկադի Թամազյանն էլ դիմել էր դատարան՝ վիճարկելու 27 անդամներից 14-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու եւ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթացը:

Նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում Արկադի Թամազյանի ներկայացուցիչ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Հաշվի առնելով, որ այս հարցը հանրային հնչեղություն ունի, Ալավերդի համայնքի բազմահազարանոց բնակիչներին հետաքրքրող հարց է, դատական նիստի լուսաբանումը՝ տեսանկարահանումը որեւէ խնդիր չէր առաջացնելու: Որպեսզի բնակիչները չգան դատական նիստին, լրատվության կողմից լուսաբանումը բավականին ողջամիտ էր: Ես զարմանում եմ, որ մարդ, որն ինքն իրեն հռչակել է համայնքի ղեկավար, արդեն մեկ ամիս է՝ խուսափում է լրագրողների հետ շփվելուց ու նաեւ խուսափում է իրեն վերաբերվող դատական նիստի լուսաբանումից եւ նման խայտառակ միջնորդություն է ներկայացնում համայնքի ղեկավար կոչվածը, որ համայնքի ղեկավարին վերաբերվող դատական նիստը չլուսաբանվի»:

Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրենց կողմից դատական նիստին ներկայացվեցին եւս մի քանի միջնորդություններ, որոնք վերաբերվում էին դատարան ներկայացված փաստաթղթերի պատշաճությանը. «Մեզ համար զարմանք է առաջացնում, որ մեր պահանջները, որոնք ընդամենը ժամանակ էին պահանջում, որ պատասխանող կողմը ներկայացնի, մերժվեց՝ առանց քննության: Դրա համար դատավորին հայտնեցինք բացարկ: Մեր փաստաբանական թիմի կողմից ավելի մանրամասն կներկայացվեն բացարկի վերաբերյալ հիմքերը»:

Հարցին՝ Ալավերդի համայնքապետարանում ձեր կողմից գործողությունները ՔՊ-ականները ապօրինություններ էին որակում, որ այդպես ապօրինաբար մուտք եք գործել, ի՞նչ կասեք դրա հետ կապված՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Ընդհանրապես այս իշխանությունը ապօրինություն տերմինը չպետք է օդի մեջ ներկայացնի, ինչպես իրենց ամբողջ գործունեությունն է: Եթե անձամբ իմ կամ մեր թիմակիցներից որեւէ մեկի գործողություններում կա ապօրինություն, այդ բառը ենթադրում է որեւէ օրենքի որեւէ նորմի խախտում, հետեւաբար ես ակնկալում էի, որ այս ընթացքում որեւէ նորմի խախտման վերաբերյալ առնվազն ինձանից պատասխան կպահանջեին: Բայց ակնհայտ է, որ դա իրենց հերթական պոպուլիստական արտահայտություններն էին, էլ չասած, որ բազմաթիվ նորմեր իրենք են խախտել, որի համար մենք դիմել ենք դատարան: Թող բարի լինեին, իրենք դիմեին դատարան մեր որեւէ գործողության վերաբերյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829