Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարկ դատավորին՝ կանխակալության համար. Ալավերդու նախկին համայնքապետն ընդդեմ ավագանու գործով արգելում են տեսագրել ու լուսանկարել

Փետրվար 05,2024 17:27

Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու:

Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը անվստահություն էր հայտնել համայնքի գործող ղեկավար Թամազյանին եւ նախաձեռնել իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթաց:

Այսօր ՀՀ վարչական դատարանում առաջին նիստն էր:

Դատավոր Ելենա Առաքելյանը չթույլատրեց տեսանկարահանել, լուսանկարել դատական նիստը, ասացինք, որ այս գործը հանրային հնչեղություն ունի եւ կարեւոր է ապահովել գործի քննության հրապարակայնությունը, թափանցիկությունը, դատավորը հորդորեց բավարարվել գրառումներով եւ ձայնագրությամբ, քանի որ տեսա եւ լուսանկարահանմանը դեմ էր Դավիթ Ղումաշյանը: Նա նիստին չէր եկել, բայց ներկայացուցիչը փոխանցեց, որ առարկել է նկարահանմանը:

Թամազյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Օհանյանն ասաց, որ հիմնավորող որեւէ փաստաթուղթ չունեն, որ համայնքի ղեկավարը բացակայել է եւ տեղակալն է փաստաբանին լիազորել դատարանում ներկայացնելու համայնքի շահերը, ուստի միջնորդություն ներկայացրեց, որ այն ապացույցները, որոնք կցված են հայցադիմումի պատասխանին, անթույլատրելի ճանաչվեն:

Պատասխանող կողմն առարկեց՝ ասելով, որ ի պաշտոնե հանդես գալու իրավունք ունեն համայնքի ղեկավարը կամ տեղակալը, երկուսն էլ ի պաշտոնե իրավունք ունեն ներկայացնելու դատարանում համայնքի շահերը:

Դատավորն ասաց, որ Վարչական դատարանի 22 հոդվածի 8-րդ մասը հաշվի առնելով՝ որեւէ խնդիր չի տեսնում լիազորությունների հետ կապված:

Հետո միջնորդություն ներկայացվեց պատասխանող կողմից պահանջել համայնքի ղեկավարի բացակայությունը հիմնավորող փաստաթուղթ տրամադրել. «Իմ մոտ ողջամիտ կասկած է առաջանում ներկայացված ապացույցների պատշաճ լինելու մասով»,- ասաց Լեւոն Օհանյանը:

Դատավորն էլ ասաց, որ նման ապացույց ներկայացնելը որեւէ նշանակություն չունի. «Իմ այդ որոշումը բողոքարկման ենթակա չի»: Ըստ նրա, եթե անընդհատ փաստաբանը նույն միջնորդությունը ներկայացնի, դատական նիստի բնականոն ընթացքը կխաթարի:

Լեւոն Օհանյանը ժամանակ խնդրեց՝ դատավորին ներկայացնելու բացարկի միջնորդություն:

Դատավորը հորդորեց հիմնավորել՝ ասելով. «Դուք ի՞նչ ակնկալիք ունեիք, եթե դատավորը բավարարում է ձեր միջնորդությունը, ուրեմն անաչառ է, եթե չի ընդունում, ուրեմն դա դառնում է բացարկի հի՞մք»:

Լեւոն Օհանյանն ասաց, որ սկսած լուսաբանման միջնորդության մերժումից՝ մինչեւ այս միջնորդությունների մերժումը հիմք է տալիս եզրակացնելու, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի այս դատական գործի նկատմամբ: Նա խնդրեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու եւ գրավոր բոլոր հիմնավորումները տալու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 19-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829