Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իլհամ Ալիեւն ասում է, որ Շահին Մուստաֆաեւին ուղարկում է կոնկրետ Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը քննարկելու»

Փետրվար 05,2024 17:09

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում պատմեց նախօրեին իր, Նաիրա Զոհրաբյանի եւ Անժելա Թովմասյանի՝ Տավուշի մարզ կատարած այցի մասին:

«Մեզ համար գլխավորը խոցելի խնդիրներն են, որ կապված են Տավուշի մարզի հետ, որովհետեւ մեր երկրի տարածքի այդ հատվածները, ստրատեգիական նշանակություն ունեն ոչ միայն Տավուշի համար, այլ առհասարակ Հայաստանի: Խոսքը Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի մասին է, որ հայրենիքի այս գողերը ակնհայտորեն մտադիր են հանձնել թշնամուն: Մեր այցից մեկ օր առաջ էր, եթե չեմ սխալվում, տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Բայց մինչեւ հանդիպման նախորդ օրը դեռեւս կոնկրետ օրվա, ժամի մասին հայտարարություն չէր տարածվել, որովհետեւ Իլհամ Ալիեւն է որոշում:

Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ հանձնաժողովները ստեղծվել են 2022 թվականի մայիսի 23-ին: Այս տարվա մայիսի 23-ին կլրանա երկու տարին: Եվ երկու տարվա ընթացքում սրանք դեռ երկու մետր սահմանի համաձայնություն չեն իրականացրել: Այսինքն, այս հանձնաժողով կոչվածը բացարձակ ձախողում է: Հիմա Մհեր Գրիգորյանն ասում է, թե պետք է քննարկեն կազմակերպական խնդիրներ, իսկ Իլհամ Ալիեւն ասում է, որ Շահինին ուղարկում է այնտեղ՝ կոնկրետ Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը քննարկելու:

Հանձնաժողովի նախագահների հանդիպումը եղել է, բայց ոչ մի բովանդակային մամուլի հաղորդագրություն դրա վերաբերյալ գոյություն չունի: Կենսական հարց է, բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպում են, հայ-ադրբեջանական ուղիղ շփումներ առանց որեւէ միջնորդ երկրի: Ի՞նչ հարց են քննարկել: Լրիվ մութ, լրիվ քողարկված:

Ասում են՝ հանձնաժողովներ: Ամեն հանձնաժողովում 12 հոգի կա: Բայց հանձնաժողովների ամբողջական կազմով հանդիպում մի անգամ չի եղել: Մինչդեռ, եթե չեմ սխալվում, սա իրենց արդեն հինգերորդ հանդիպումն էր: Կառավարության կայքում որ նայում ենք, նույնիսկ Երեւանում, կառավարության շենքում Մհեր Գրիգորյանը հանձնաժողովի նիստ չի անցկացրել, որ մի անգամ լսեն, ասենք, կադաստրի կոմիտեի ներկայացուցիչն ինչ է խոսում, զինված ուժերի շտաբի ներկայացուցիչն ինչ է ասում: Այսինքն, Շահինի հետ հանդիպումները միայն անհատական հանդիպումներ են: Դրանք ոչ թե հանձնաժողովների հանդիպումներ են, այլ հատուկ բանագնացների: Ինչպես Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հարցով է բանագնաց, որն էլ 2023 թվականին Սերդար Քըլըչի հետ ունեցել է զրո հանդիպում: Այսինքն, Մհեր Գրիգորյանը հատուկ բանագնաց է նշանակվել Հայրենիքը թշնամուն հանձնելու հարցերում: Իլհամ Ալիեւն էլ ասում է, որ այդ հանձնաժողովը ուրիշ հարց չունի քննարկելու: Ասում է՝ տարածքները պետք է հանձնեք: Իսկ մեր տարածքները մենք միասին գնացել ու մեր աչքով ենք տեսել:

Մակարավանքի բարձունքից պարզ երեւում են մինչեւ Ղազախ՝ այս պահին իրենց տիրապետության տակ գտնվող ճանապարհները, ջրամբարները, ամեն ինչ: Եվ այդ հատվածները, որոնց Ադրբեջանն ուզում է տիրանալ, ընդամենը մի նշանակություն ունի: Դրանց մեծ մասում հիմա բնակավայրեր չկան, որտեղ մարդ ապրի: Ադրբեջանը բերելու է մի զորամաս: Եթե չեմ սխալվում, Տավուշի դիմաց նստած է Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը, որը մի գունդ, առնվազն 2000 զինվոր, բերելու է տեղակայի այնտեղ: Ու նստելու են Իջեւան խոշորացված համայնքի բնակավայրերի արանքում: Իջեւանն էլ Փաշինյանի ծննդավայրն է: Ու տեղակայվելով՝ վերահսկելու են իր տարածքով անցնող Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ավտոճանապարհը: Դա նշանակում է, որ այդ ավտոճանապարհով Թբիլիսի այլեւս չենք գնալու: Պիտի մտածենք այն շրջանցող ճանապարհի կամ Գյումրիով, Բավրայով Վրաստան գնացող ճանապարհի մասին, որն իր հերթին ձմեռը փակ է լինում:

Մեր երկիրը հանձնվում է թշնամուն: Եվ մեր նպատակն էր՝ գնալ, տեսնել իրականությունը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829