Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման ենթադրյալ դեպքերի առչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, ում շահերը քրեական վարույթի ընթացքում ներկայացնում եմ ես: Չնայած անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի գոյությանը, քրեական վարույթին զուգահեռ հրապարակվում և շրջանառվում են այնպիսի տեղեկություններ, որոնք գրեթե ոչնչացնում են այդ սկզբունքի պաշտպանիչ դերը և հանրային ընկալումներում ձևավորում անձի բացասական կերպար՝ իր կանխատեսելի ու անկանխատեսելի անդառնալի հետևանքներով:
Վերոգրյալից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ մեղադրանքի առնչությամբ, վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը, իր պաշտոնեական լիազորությունները չի չարաշահել, ավելին, իր ձեռնարկած միջոցներով մշտապես փորձել է նպաստել պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը:
Հուսով ենք՝ ամենակարճ ժամկետում նախաքննական մարմինը կհավաստիանա Տ.Մարտիրոսյանի անմեղության մեջ և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացվի:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, մեր կողմից բողոքարկվելու է Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, քանի որ այն հիմնավոր չէր, իսկ նախաքննական մարմնին առաջիկա օրերին ներկայացվելու են Տ.Մարտիրոսյանի անմեղությունը հավաստող մի շարք գրավոր ապացույցներ:
Մտահոգիչ է այս գործին առնչվող՝ մեկ այլ մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալին առաջարկվել է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ, հակառակ պարագայում սպառնալով կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
Հուսով ենք, որ նմանօրինակ երևույթներն ամբողջությամբ կբացառվեն ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ջանքերով և դրանք որևէ ազդեցություն չեն ունենա սույն գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված դատավարական գործընթացի վրա:
Փաստաբան Գուրգեն Ներսիսյան