Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ասել, թե ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ՝ նույնն է, որ ասես իշխանափոխություն ընդհանրապես հնարավոր չէ

Փետրվար 05,2024 15:01

Հոռետեսների մի ամբողջ բանակ է ստեղծվել Հայոց աշխարհում։ Տեսակետներ են հնչում, որ ընտրություններով իշխանափոխության հասնելը ներկա պայմաններում հնարավոր չէ։ Իսկ ո՞րն է պատճառը, ինչո՞ւ հնարավոր չէ։ Իշխանությունները դժգոհությունների առիթ չե՞ն տվել, թե պատերազմում «հաղթած գլխավոր հրամանատարին» անհնար է պարտության մատնել։ Այսօր ասել, թե ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ՝ նույնն է, որ ասես իշխանափոխություն ընդհանրապես հնարավոր չէ։ Իշխանափոխության այլ օրինական ճանապարհ գոյություն չունի։ Նա, ով չի կիսում այս տեսակետը, ուրեմն ինքն իրեն դուրս է դնում քաղաքական պայքարից, ու ավելի լավ է՝ իր հոռետեսությամբ թևաթափ չանի մարդկանց։ Բարձրաձայնվող հոռետեսությունը դավաճանության տեսակ է, այնպես որ, եթե չեք կարող ավելի արժեքավոր բան ասել, քան լռությունն է, ուրեմն լռեք։

Գենադի Մնացականյան

Առանց անուններ հնչեցնելու՝ ասեմ, որ Հայաստանում բազմաթիվ հմուտ ու փորձառու քաղաքական գործիչներ կան, ովքեր ի վիճակի են լուրջ քաղաքական վերլուծություններ կատարել ու ծրագրեր մշակել ընտրություններում հաղթելու համար, սակայն այդ ծրագրերը իրականացնելու համար դրանց մասին չպետք է բարձրաձայնել, որպեսզի հիվանդ երևակայությամբ մարդիկ չգայթակղվեն։

Եթե կան քաղաքական գործիչներ, ովքեր հավին՝ աքլորից ու կատաղած ոչխարը ցուլից չեն տարբերում, դե պատկերացրեք ինչպես կարձագանքեն այն իրատեսական ծրագրերին, որոնք ընտրություններով հաղթանակ կբերեն նրանց իրականացնողներին։ Դրանք ուղղակի անհրաժեշտ է կյանքի կոչել։ Բարոյական, մարդկային ու նյութական մեծ վնաս կրած ժողովրդի հետ թող խոսեն միայն լավատեսներն ու իրական հույս ներշնչողները։

Ընտրություններով իշխանափոխությունը հնարավոր է։ Այս իշխանություններին պետք է հաղթել ընտրություններով ու այնպես, որ նրանք շնորհավորեն հաղթող կողմին։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։

Մեր ընդդիմադիր քաղաքական այրերին մի քիչ պետք է զարգացնել իրենց հետևողականությունն ու համառությունը։ Քաղաքական տաղանդով օժտված ամեն մեկին ասում եմ անձնապես՝ պետք չէ ակնկալել, որ հանրահավաք կկազմակերպես ու անմիջապես ամբողջ ազգը կգա ու կկանգնի քո կողքին, և պետք չէ հանրահավաքի վայր ընտրել անպայման Ազատության, Հանրապետության կամ այլ հրապարակներ, դրա ժամանակն էլ կգա, բայց մինչ այդ խոսիր ժողովրդի հետ լավատեսությամբ, ոչ թե խաբուսիկ, այլ իրական հույս ներշնչելով։

Աստված չի լքում իր ժողովրդին, Աստված մեզ հետ է, ուրեմն՝ Տիրոջ կամքով մենք պետք է հաղթենք։ Խոսիր ծանոթ ու անծանոթի հետ, յուրաքանչյուրի հետ անհատապես, հավատա, հայ ժողովուրդը քո խոսքի ու գործի կարիքն ունի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829