Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութի մասով նոր հանցանք կատարելու հավանականությունը բացակայում է այնքան, որքան ցանկացած բարեխիղճ քաղաքացու մոտ. փաստաբան

Փետրվար 05,2024 14:20

«ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ դատապարտյալը կարող է 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է ոչ պակաս, քան մեկ երրորդը: Հարություն Գրիգորյանը դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով, հետևաբար՝ մեր օրենսդրությունը հնարավորություն էր տալիս վերջինիս պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավական հնարավորությունից օգտվել, դեռևս այն դեպքում, երբ նա փաստացի ազատազրկված կլիներ 1 տարի 8 ամիս: Տվյալ դեպքում Հարութը անազատության մեջ է գտնվել ավելի քան 4 տարի, ազատազրկման ընթացքում ցուցաբերել է բարեխիղճ վարքագիծ, ինչն էլ, ի թիվս այլ բազում հանգամանքների, ամենայն հավանականությամբ, հաշվի է առել դատարանը որոշում կայացնելիս: Որոշումը դեռ չենք ստացել, սակայն կարող եմ նշել, որ բարձր եմ գնահատում տարատեսակ ճնշումների չենթարկվող անկախ դատարանի կողմից օբյեկտիվ և արդար որոշում կայացնելու հանգամանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2019 թվականին Եղեգնաձորում ծեծի ենթարկված ու տարիներ անց այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալը: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:

Ավելի վաղ մահացած փոխգնդապետի հայրը՝ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե օրենքը, որը թույլ է տալիս հանցագործներին վաղաժամկետ պայմանական ազատ արձակվել, թույլ է տալիս նաեւ նորից հանցագործություն անել. «Հանցագործը, որ դուրս եկավ, ի՞նչ պետք է անի, նորից հանցագործություն»:

Լեւոն Սահակյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Անդրադառնալով իր պաշտպանյալի հասցեին Մխիթարյանի այս դիտարկումներին՝ պարոն Սահակյանը շարունակեց. «Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ ազատության մեջ հայտնվելով դատապարտյալը կարող է կրկին հանցանք կատարել, ապա պետք է նաև նշեմ, որ մեր օրենսդրության համաձայն՝ եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, ապա դատարանը վերացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը և նշանակվում է պատիժ դատավճիռների համակցության կանոններով: Բացի այդ, Հարութի մասով նոր հանցանք կատարելու հավանականությունը բացակայում է այնքան, որքան ցանկացած բարեխիղճ քաղաքացու մոտ: Լավ կլինի, որ ոչ մի բարեխիղճ քաղաքացու կյանքում չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ պատահական հանդիպած հարբած անձինք կեսգիշերին նրան հետապնդեն մինչև իր տան դուռ ու «ստիպեն», որ նա կատարի այնպիսի արարք, որի հետևանքով ավելի քան 4 տարի գտնվի անազատության մեջ: Ամեն դեպքում, Հարութը զղջացել է կատարվածի համար ու դրա վառ ապացույցն է նաև այն, որ դեպքից անմիջապես հետո առաջին մարդը, որ զանգահարել է շտապօգնություն, հենց նա է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829