«Դատարանը մեղավոր ճանաչեց պարոն Չարչյանին իրեն վերագրվող հանցանքի կատարման մեջ։ Ամենանվազագույն պատիժը կիրառեց՝ 4 տարի ազատազրկում։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ, այդ ժամանակահատվածից եւս կրճատելով՝ ընդհանուր պատիժը սահմանեց 3 տարի 7 ամիս։ Դատարանը, կիրառելով պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց։ Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ պարոն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրենց համար յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի Արմեն Չարչյանի՝ քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, լավ է։ «Բայց դատավճռի մասով, ընդհանուր առմամբ, ունենք անհամաձայնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե ասել ենք, ասում ենք եւ ասելու ենք, որ պարոն Չարչյանն անմեղ է։ Եվ տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման դատական ակտ։ Թե ինչու չի կայացվել, այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ։ Բնականաբար, դատական ակտը բողոքարկելու ենք, վիճարկելու ենք այն բանից հետո, երբ դատական ակտն ամբողջ ծավալով ստանանք։ Եվ փորձելու ենք արդարադատությունն արդարացման տեսանկյունից վերականգնել արդեն վերաքննության կարգով»,- ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը նաեւ նշեց, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, Չարչյանի նկատմամբ սահմանված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պահպանվում է։
Ըստ նրա՝ այս քրեական գործն ի սկզբանե չի ունեցել օրինական հենք։ Ի սկզբանե քրեական գործի հարուցման որոշումը եղել է խնդրահարույց, ոչ իրավաչափ։ «Գործում առկա փաստական տվյալները հանգում էին նրան, որ այստեղ հանցակազմի մասին խոսելը պարզապես ավելորդ էր։ Ինչո՞ւ, որովհետեւ հիշում ենք պարոն Չարչյանի խոսքի վերջաբանը՝ ով ինչ ընտրություն կանի, չի անի, կգնա ընտրության, չի գնա, որեւէ բացասական հետեւանք չի լինելու։ Պետք չէ կոնտեքստից կտրել մի արտահայտություն եւ այդ արտահայտության հիման վրա կազմել մեղադրանքը։ Պետք է նայել ամբողջ արտահայտության բովանդակությունը եւ դրանից հետո միայն անել հետեւություն։ Տվյալ դեպքում կոնտեքստից կտրված է եղել արտահայտության մի հատված, սա եղել է մեղադրանքի առարկան, ինչի հետ համաձայնվեց դատարանը։ Մեր անհամաձայնությունը կա ու լինելու է, որովհետեւ այս դատական ակտը, որով պարոն Չարչյանը ճանաչվեց մեղավոր, պարզապես արդար չի կարող լինել»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է այն բանի համար, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածու լինելով, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանին ձերբակալել էին այն բանից հետո, երբ ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ Արմեն Չարչյանն իբրեւ ուղղորդում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին`ընտրության օրը կոնկրետ ուժի օգտին քվեարկություն կատարելու համար:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ