Երեւանի քաղաքապետարանը ներդնում է ընտանիքի պլանավորման դպրոցներ։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի առողջապահության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը (լուսանկարում)։
Ծրագիրն, ինչպես զեկուցեց Կարապետյանը, քաղաքապետի հանձնարարականով է իրականացվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարի շրջանակներում։
«Նպատակն է ձեւավորել կիրթ ապագա մայրիկների խումբ, որոնք հիմք կդնեն նաեւ առողջ սերնդի ձեւավորմանը, ձեւավորել մինչեւ ամուսնական շրջանում գտնվող զույգերի խմբեր, տրամադրել լիարժեք տեղեկատվություն ընտանիքի պլանավորման, հետազոտման եւ դրա հետ կապված բոլոր մտահոգությունների պարզաբանման հետ կապված, խուսափել պտղի սեռական խտրական ընտրությունից հերթական հղիությանը պատրաստվելիս, նշելով, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, բացի կնոջ առողջության վրա հնարավոր բացասական ռիսկերից, բացասական ազդեցություն է ունենում նաեւ հասարակության բնական ցուցանիշի վրա»,-զեկուցեց Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ այս դպրոցներում, մինչեւ հղիանալը, կանանց շրջանում իրազեկման աշխատանքներ են կատարվելու։
Կարդացեք նաև
Դպրոցի ստեղծման նպատակներից է, ըստ Կարապետյանի, ստեղծել անկաշկանդ միջավայր հղիների ինքնադրսեւորման եւ հուզող հարցերի բարձրաձայնման համար․ «Ներգրավվելու են այլ մասնագետներ, մանկական բժիշկներ, պերենատալ հոգեբաններ, եւ այլն, տրամադրվելու է գրականություն, ինչպես նաեւ տեսողական օժանդակ նյութեր նույնպես օգտագործվելու է, որպեսզի փորձենք այնպես անել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ չլինեն»։
Ծրագիրը հաստատված է, այն ներդրվելու է առողջության բոլոր կենտրոններում, լինելու են տեսողական եւ գործնական դասընթացներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ որոշ ժամանակ հետո ծրագրի արդյունքները պետք է չափել։
Նա նաեւ մեկ այլ ծրագրի մասին հայտարարեց․ քաղաքապետարանը նախատեսում է հիմնել նորագույն լուծումներով, նոր տիպի բժշկական կենտրոն, որը պետք է հագեցած լինի ամենալավ, նորագույն սարքավորումներով։ Ավինյանն ասաց, որ ծրագիրը շատ նախնական քննարկվել է․ «Գիտենք՝ որտեղ են ֆինանսական հոսքերը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ