Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Սահմանադրությունը պետք է փոխվի, դա չպետք է անեն Նիկոլն ու իր թիմը, իրենք ոչ գիտելիքների, ոչ էլ բարոյականության առումով դրա իրավունքը չունեն»

Փետրվար 05,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ոչ թե սահմանադրական բարեփոխումների։ Ակնհայտ է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները թելադրված են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Ալիեւը բաց խոսեց այդ մասին, ասաց, որ «Հայաստանի Սահմանադրության եւ այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը կատարում է թշնամիների պահա՞նջը, ինչի՞ կհանգեցնեն այս շարունակական զիջումները, եւ հնարավո՞ր է խաղաղություն ունենալ նման պայմաններում։

-Ակնհայտ է՝ այս ճանապարհով, այսինքն՝ անընդհատ զիջելով ու ենթարկվելով Ադրբեջանի պահանջներին, խաղաղության հասնել հնարավոր չէ։ Բազմիցս ասել եմ, որ այդ պահանջները լինելու են անընդհատ, անվերջ։ Այսօր պահանջ են դնում փոխել Սահմանադրությունը, վաղը, վստահ եմ, խոսելու են իբր իրենց պատճառած վնասների ու հատուցումների մասին, հետո խոսելու են, որ մենք պարտավոր ենք ներողություն խնդրել, որ իրենց վատաբանել ենք, զրպարտել ենք։ Սրանք իմ մտքերը չեն, սրանք ադրբեջանական քաղաքական դաշտում հնչած տարբեր պահանջներ են։ Եթե Ալիեւը չի ուզում խաղաղություն, իսկ ակնհայտ է, որ ինքը չի ուզում խաղաղություն, այս ճանապարհով հնարավոր չէ խաղաղության հասնել։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումն է։ Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է հստակ գործողություններ անեն։

Ինչ վերաբերում է ընդհանրապես Սահմանադրության փոփոխությանը, այո, այս Սահմանադրությունը շատ վատն է։ Իմ կարծիքով՝ սա միապետություն հաստատող Սահմանադրություն է, ոչ թե խորհրդարանական իշխանություն։ Այստեղ իշխող կուսակցությունը ձեւավորում է բոլոր երեք իշխանական մարմինները՝ օրենսդիր, դատական եւ գործադիր, իսկ կուսակցության ղեկավարը միապետորեն իշխում է։ Եթե անգամ ԽՍՀՄ տարիներին կար Պոլիտբյուրո, հիմա դա էլ չկա, Նիկոլաբյուրո է, ինքն ինչ ուզում, անում է։ Եթե Սահմանադրությունը պետք է փոխվի, դա չպետք է անեն Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, քանի որ իրենք ոչ գիտելիքների, ոչ էլ բարոյականության առումով դրա իրավունքը չունեն։ Այսինքն՝ այս միապետական համակարգը պետք է փոխվի, սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն այն ուղղությամբ, որը գիտենք, որ այսօր ուզում են անել, այսինքն՝ հրաժարում բոլոր իրավունքներից եւ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեհաճության տակ մտնել։ Հակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է հստակ սահմանադրորեն վերահաստատի իր իրավունքները։ Բայց Նիկոլը լրիվ հակառակն է ուզում անել։

-Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրի նախաբանը հիմնված է «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսօր Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշման փաստը իշխանությունները դիտավորյալ անտեսում են, այնինչ այդ որոշումը ոչ ոք չի չեղարկել, այդպե՞ս է։

-Ես տարիներ շարունակ հանդես եմ եկել հենց վերամիավորման օգտին՝ ասելով, որ Հայաստանն ու Արցախը միավորված են։ Ես դեմ եմ եղել Արցախի անկախությանը, պատճառներից մեկը հենց Անկախության հռչակագրում ամրագրված դեկտեմբերի 1-ի որոշումն է։ Դա փաստ է, որը լռելյայն ճանաչվել էր բազմաթիվ երկրների կողմից։ Խոսքը վերաբերում է առնվազն այն երկրներին, որոնք Արցախում ապրող եւ այնտեղ գրանցում ունեցող քաղաքացիներին վիզաներ էին տալիս Հայաստանում։ Հետեւաբար, Հայաստանը պետք է պայքարի իր տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Չգիտես ինչու, Հայաստանն ընդունում է, որ ՍՍՀՄ վարչական սահմաններն օրինական են, երբ դրա համար հիմք չկա։ Եվ, ամենակարեւորը, Ադրբեջանն ինքն իր Անկախության հռչակագրով՝ 1991 թ. հոկտեմբերի 18-ի ակտով հրաժարվել է ՍՍՀՄ իրավաքաղաքական ժառանգությունից։ Սխալ է այն պատկերացումը, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իրենց քաղաքականությունը ձեւավորում են իրենց նկատմամբ մեր քաղաքականությամբ։ Ոչ, իրենք դա ձեւավորում են իրենց շահի հիման վրա, իրենց շահը Հայաստանը ռազմաքաղաքական ոչնչացումն է, դրա մակարդակի իջեցումը ստորին մակարդակի, այն է՝ ադրբեջանական պրոտեկտորատի։

-Եթե Սահմանադրության նախաբանից փորձեն հանել հղումը Անկախության հռչակագրին, դրանով վերանո՞ւմ է փաստը, դադարո՞ւմ է գործել վերամիավորման որոշումը։

-Իրավական առումով, ոչ, չի վերանում։ Բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն տանում են այն ուղղությամբ, որ կասեն՝ դա ՍՍՀՄ տարիների որոշում է, օրինական չէ, եւ այլն։ Իրենք կփորձեն հարցը թաղել բառակույտերի մեջ։ Բայց կմնա Անկախության հռչակագիրը, դա փոխել հնարավոր չէ, Սահմանադրություն չէ, որ փոխես, նորն ընդունես։ Անկախության հռչակագիրը լինում է մեկ անգամ եւ մեկընդմիշտ։ Բայց խնդիրը հետեւյալն է՝ Ադրբեջանին ու նրան սպասարկող Նիկոլ Փաշինյանին պետք է, որ Արցախից հրաժարումն ամրագրվի, որ եթե վաղը-մյուս օրը մենք միջազգային դատարան դիմենք, ինքը վկայակոչի միջազգային իրավունքի այնպիսի սկզբունք, ինչպիսին է estoppel-ը։ Դա նշանակում է, որ կփորձի ցույց տալ, որ Հայաստանն իր գործողություններով եւ անգործությամբ համաձայն է եղել ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանն ասելու է՝ տեսեք, Հայաստանը սահմանադրորեն հրաժարվել է իր իրավունքներից, հետեւաբար, դատարանը չի կարող հարցը վերցնել քննության։ Սա է Ադրբեջանի նպատակը։ Ավելին, սա դուռ է բացելու եւ հիմք է ստեղծելու, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ դատական հայցեր ներկայացնի, ինչի ուղղությամբ իրենք աշխատանք են տանում. 7-8 հայց արդեն պատրաստել են, մեկն էլ արդեն ներկայացված է դատարան։

-Փաշինյանը հայտարարում է՝ «կանգ եմ առնելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա, եւ լեգիտիմությունն է լինելու մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը»։ Իրականում որո՞նք են Հայաստանի լեգիտիմ սահմանները։

-Լեգիտիմ բառի հիմքում օրենք, իրավունք հասկացությունն է։ Հիմա հարց ենք տալիս՝ Սովետական Հայաստանի վարչական սահմաններն ինչո՞վ են լեգիտիմ։ Դրանց վերաբերյալ չկա որեւէ միջազգային, միջպետական փաստաթուղթ, որն ամրագրում է Հայաստան-Ադրբեջան սահմանն այս վիճակում։ Հղումը Ալմա-Աթայի հռչակագրին նույնպես որեւէ իրավական հիմք չունի, որովհետեւ այնտեղ ասվում է, որ կողմերն ընդունում են գոյություն ունեցող սահմանները։ Որո՞նք ենք գոյություն ունեցող սահմանները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող միակ սահմանը Ազգերի լիգայի՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանը որոշող հանձնաժողովի որոշումներն են։ Չի կարող Կավբյուրոյի որոշումը լինել լեգիտիմ։ Չի կարող անօրինականությունը ժամանակի ընթացքում դառնալ օրինական։ Չի կարող օրենքի խախտման վրա խարսխվել օրենք։ Դու չես կարող խախտելով օրենքն ու իրավունքը՝ ստեղծել մեկ այլ օրենք ու իրավունք, այն, ինչ անում է Նիկոլը։ Ինչպես ասում էր դասականներից մեկը՝ Նիկոլի ձեռքին է եւ մուրճը, եւ մեխը, ինքն ինչ ուզում է, անում է։ Ամեն  տեսակի անհեթեթություն դուրս է տալիս, դա տիրաժավորում են իր վերահսկողության տակ գտնվող մեդիան եւ այլք, եւ հնարավորություն չի տրվում հակառակ տեսակետը հասցնելու հասարակությանը։ Հասարակությունն էլ նախ չգիտի իրականությունը, երկրորդ, ընկնում է այս ազդեցության տակ։

Հայաստանի լեգիտիմ սահմաններն այն սահմաններն են, որոնք միջազգային իրավունքի փաստաթղթերով որոշված են։ Հայաստանի սահմանների վերաբերյալ գոյություն ունի երկու միջազգային փաստաթուղթ. հայ-թուրքական սահմանների մասով դա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է, հայ-ադրբեջանական եւ Հայաստան-Վրաստան սահմանների մասով՝ Ազգերի լիգայի համապատասխան հանձնաժողովի զեկույց-առաջարկը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829