Քանաքարա Խաչիկի Հայրապետյանը օրերս պաշտպանեց Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին նվիրված «Խորեն Մուրադբեկյանի հոգեւոր եւ հասարակական գործունեությունը (1901-1938 թվականներին)» ատենախոսությունը: Պաշտպանությանը մասնակցում էր նաեւ «Առավոտի» մեր գործընկերը: Ներկայացնում ենք մի հատված ատենախոսությունից:
Խորհրդային Հայաստանի իշխանությունները լավ էին հասկանում, որ եկեղեցական գույքի բռնագրավումը, եկեղեցիներ փակելը, հոգեւորականներին ձերբակալելը, «նոր եկեղեցիներ» ստեղծելը, մամուլում վարկաբեկելը բավարար չէ ժողովրդի միջից հավատքը վերջնականապես արմատախիլ անելու համար, ուստի, հիմք ընդունելով Կարլ Մարքսի «Կրոնը հաշիշ է ժողովրդի համար» տեսությունը, 1925 թ. ստեղծում են «Անաստվածների միությունը» (1929 թ. վերանվանվում է «Մարտնչող անաստվածների միություն» (ՄԱՄ)), որի ակունքում կանգնած էին դեռեւս 1922 թ. հիմնադրված «Безбожник» թերթի հետեւորդները)։ Միության հիմնական նպատակը ժողովրդի աթեիստական դաստիարակությամբ զբաղվելն էր, որն առավել եւս սրում էր եկեղեցու եւ կրոնի նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականությունը։
1927 թ. ՀԿ(բ)Կ կենտկոմին կից ստեղծվում է եկեղեցական եւ հակակրոնական հարցերով մշտական հանձնաժողով եւ նախաձեռնող խումբ: 1928 թ.-ից հրապարակվում է «Անաստված» պաշտոնաթերթը՝ հեղեղված հակակրոնական, հակաեկեղեցական քարոզներով եւ հոգեւորականների ծաղրանկարներով։ «Անաստված» պաշտոնաթերթի առաջին համարում կարդում ենք. «Խորհրդային իշխանությունը վոչ մի կրոնի կարոտ չե, նա դեմ ե ամեն մի կրոնի, նա իր քաղաքականության մեջ կրոնի վերաբերմամբ ղեկավարվում ե մեր կուսակցության սկզբունքներով, վորոնց համաձայն կրոնը մասսաներին հոգեպես բռնադատելու ձեւերից մեկն է»։
«Մարտնչող անաստվածների միություն»-ը հայ ժողովրդի շրջանում քրիստոնեական հավատքը ոչնչացնելու հարցում որոշակի առաջընթաց գրանցելու նպատակով սկսում է կազմակերպել հակակրոնական դասընթացներ, հրապարակել դասագրքեր ու համառ պայքար մղել եկեղեցական ավանդույթների եւ տոների դեմ։ Եկեղեցուն նույնիսկ թույլատրեցին օրացույց տպել միայն այն բանից հետո, երբ դրա էջերից հեռացվեցին եկեղեցական տոները եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկարը։ Անաստվածների գործողությունների գագաթնակետը եկեղեցիների մասսայական փակումն էր, դրանք ակումբների եւ պահեստների վերածելը։ Այդ իրողությունից անհանգստացած` հավատացյալ ժողովուրդը փրկության ելքեր գտնելու ակնկալիքով բազում նամակներ եւ խնդրագրեր է ուղարկում Գերագույն հոգեւոր խորհրդին, որոնցից մեկում կարդում ենք. «Ամենաուժեղ պայքար է մղուած կրօնի եւ հոգեւորականների դէմ, սոսկալի կերպով ահաբեկած են բոլոր հաւատացեալ ժողովրդին, եկեղեցի յաճախօղներին, եկեղեցւոյ խորհրդի անդամներին եւ սպասաւորներին ձայներից զրկելով։ Եւ ահա այդ տեսակէտից ձեռներս ծալած, հօտը կորցրած հովիւի նման մնացած եմ շուարած եւ իբրեւ որբացած մի ծծկեր մանուկ անհամբեր սպասում եմ հարազատ մօրս այցին»։
Կարդացեք նաև
Իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող բացահայտ բռնությունների ու շարունակվող սահմանափակումների քաղաքականությունից անհանգստացած՝ կաթողիկոսի տեղակալ Խորեն արքեպիսկոպոսը եւ Գեւորգ արքեպիսկոպոսը 1929 թ. ապրիլի 28-ին զեկուցագիր են հղում ՀՍԽՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Ս. Մարգարյանին։ Զեկուցագիրը բաղկացած էր երկու մասից՝ տնտեսական եւ եկեղեցակրոնական։ Տնտեսական մասում սրբազանները գրում են, որ Էջմիածինը, համակերպվելով պետական գործող օրենքներին, զրկվելով թեմերից եկած եկամուտներից՝ մնացել է իր կալվածքների եկամուտների հույսին։ Սակայն կառավարության կողմից ընդունված դեկրետի համաձայն՝ բռնագրավվել են եկեղեցական գույքն ու հողերը, եւ միայն 1926 թ. կառավարության որոշմամբ Էջմիածնին վերադարձվել է 40 դեսյատին հող եւ վեց այգի։ ՀՍԽՀ Ժողկոմխորհի որոշմամբ այգիները հետ են վերցվում եւ հանձնվում են նորակազմ «Անաստվածների միությանը», որոնք կտրում են այգու բոլոր ծառերը եւ վաճառում։ Այգիներն ու հողերը վանքից խլելուց հետո՝ 1928 թ., Էջմիածնի միաբանների ապրուստի միակ միջոցն են մնում երկու ջրաղացները։ Սակայն Էջմիածնի գավգործկոմը պահանջում է նաեւ այդ ջրաղացները։ Հոգեւոր գերագույն խորհուրդը խնդրանքով դիմում է կառավարությանը, որպեսզի գոնե ջրաղացները մնան Մայր Աթոռի տնօրինության ներքո։
Ավարտելով զեկուցագիրը՝ սրբազանները հույս են հայտնում, որ անցյալում փակված եկեղեցիները շուտով կբացվեն եւ կվերադարձվեն հավատացյալ ժողովրդին՝ արմատախիլ անելով նրա հոգում բույն դրած դժգոհությունները Խորհրդային Հայաստանի կառավարության նկատմամբ։ Էջմիածինը միշտ էլ ունեցել է պարտքի գիտակցում իր երկրի եւ խորհրդային կառավարության հանդեպ։ Այս առիթով Էջմիածինը եւ խոսքով, եւ գործով արտահայտել է իր բարյացակամ վերաբերմունքը խորհրդային կառավարության եւ խորհրդային իրավակարգի նկատմամբ, հետեւաբար Գերագույն հոգեւոր խորհուրդը հույս է հայտնում, որ լուծում կտրվի վերը նշված խնդիրներին՝ հանուն հայ ժողովրդի եւ պետական շահերի։ Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Խորեն արք. Մուրադբեկյանը հանդիպումներ է ունենում Խորհրդային Հայաստանի ներքին գործերի ժողկոմ Ս. Մարգարյանի հետ՝ հուսալով մեղմել իշխանությունների վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սակայն, ինչպես վերը նշված զեկուցագիրը, այնպես էլ շարունակական հանդիպումներն ու խնդրագրերը որեւէ արդյունք չեն տալիս. եկեղեցիները զանգվածաբար փակվում են, հոգեւորականները՝ ձերբակալվում ու ահաբեկվում։
Խորհրդային իշխանություններն այս ընթացքում հակակրոնական պայքարում ներդրեցին իրենց ողջ ներուժը, այդ թվում՝ Միացյալ գլխավոր քաղաքական վարչությունը (ՄԳՔՎ), որը 1930 թ. մարտին շրջաբերական է հղում իր բոլոր տեղական մարմիններին, որտեղ տրվում են այն հրահանգները, որ պետք է կատարվեին եկեղեցու դեմ տարվող աշխատանքներում։ ՄԳՔՎ-ի շրջաբերականում կարդում ենք. «Բնականաբար, այդ պայմաններում մենք չենք կարող վարչական-օպերատիվ ճանապարհով լիկվիդացնել եկեղեցին, ուր մնում է բազմամիլիոնանոց գյուղացիությունը։ Այդ պատճառով, մեր օրգանների առաջ խնդիր բարձրացավ օգտագործել եկեղեցականների հարմարվողական ձգտումները՝ եկեղեցին պառակտելու նպատակով, որպեսզի դրանով թուլացնենք նրան, ենթարկենք մեր ազդեցությանը, իջեցնենք նրա հզորությունը, որպես հակահեղափոխական կազմակերպություն, խարխլենք նրա հեղինակությունը հավատացյալ զանգվածների մեջ»։
Խորեն արք. Մուրադբեկյանը, այդ օրերի ընդհանուր հուսալքության մթնոլորտում չկորցնելով լավատեսությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի փորձությունները հաղթահարելու հույսով Գեւորգ արքեպիսկոպոսին գրում է. «…Հայ հաւատացեալ ժողովուրդը սրտով կապուած է Մայր Աթոռի հետ եւ դաւաճանների համար միմիայն ատելութեան եւ արհամարհանքի զգացում ունի: Այս ձեւով նոքա ոչնչանում են հաստատելով իրենց ոչնչութիւնը եւ որ գլխաւորն է, որեւէ պարտաւորութիւն յանձն չենք առնում մէկին կամ միւսին ներելու եւ ընտրելու»։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարող ենք նշել, որ 1924-1930 թթ. իշխանությունների կողմից տարվող կոշտ քաղաքականությունն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու եւ հոգեւորականների՝ ավելի սաստկացավ։ Այս ամենին գումարվեցին նաեւ իշխանությունների կողմից հովանավորվող հակաեկեղեցական շարժումները՝ հանձինս «Ազատ եկեղեցականների» եւ «Անաստվածների միության», որոնց հիմնական խնդիրն էր պառակտել, քայքայել Հայ առաքելական եկեղեցին։ Արդյունքում, 1924-30 թթ. խորհրդային իշխանությունների կողմից որդեգրած հակաեկեղեցական, հակակրոնական քաղաքականության հետեւանքով Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծվեցին խիստ ծանր պայմաններ. այն զրկվեց իր գույքից, կալվածքներից, եկեղեցական եւ վանական համալիրներից, պառակտվեց, ստորացվեց, ստիպողաբար հեռացվեց հավատացյալ ժողովրդից՝ պարփակվելով Էջմիածնի պատերի ներքո։ Խորհրդային իշխանությանը կարծես թե հաջողվեց, չվերացնելով եկեղեցին, այն պահել կոմունիստական գաղափարախոսության համար ընդունելի պայմաններում։ Հայ եկեղեցու նկատմամբ խորհրդային բռնաճնշումների քաղաքականությունը, ցավոք, չսահմանափակվեց մեկ տասնամյակով, այն շարունակվեց եւ իր գագաթնակետին հասավ 1937-1938 թվականներին։
Քանաքարա Խաչիկի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2024