Ձորաղբյուրը Կոտայքի մարզի հին բնակավայրերից է։ Այն նախկինում անվանվել է Տաճարաբակ (Տաճարափակ)։ Միջնադարում գյուղը մտել է Գեղարդի վանքի վիճակի մեջ։ Իսկ նրա մոտ գտնված «Ալատաղ» կոչված մեծ հողը պատկանել է Գետարգելի վանքին։ Գյուղը 1873 թ. ուներ 379, 1897-ին՝ 604, 1926-ին՝ 949, 1939-ին՝ 1045, 1959-ին՝ 914, 1970-ին՝ 1132, 1979-ին՝ 1505, 1989-ին՝ 1775, 2001-ին՝ 2133, 2011-ին՝ 2124 հայ բնակիչ։
Գյուղը հարուստ է հնագիտական եւ պատմաճարտարապետական հուշարձաններով։ Միջնադարում այստեղ գործել են Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Սարգիս եկեղեցիները, Սբ Խաչ մատուռը եւ այլ աղոթատներ։ Այդ եկեղեցիների շուրջը եղել են գերեզմանոցներ, որոնցից մեկը տարածվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչեւ Սբ Խաչ մատուռը։ Այստեղ կանգուն են եղել 13-14-րդ դարերի մի շարք քանդակազարդ խաչքարեր։
19-րդ դարի առաջին կեսում գյուղ է այցելել Հովհաննես եպս. Շահխաթունյանցը եւ գրել է. «Տաճարաբակ. այժմ՝ Դժրաբակ. տունք՝ 21։ Եկեղեցին անուամբ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի. հին եկեղեցի սոցա եւս ի խարտեալ քարանց յաւերութեան կայ»։ Իսկ 19-րդ դարի վերջերին գյուղ է այցելել Մեսրոպ արքեպ. Սմբատյանցը եւ գրել է. «Տաճարաբակ գիւղը, որ առատ աղբիւրների շնորհիւ զարդարուած էր պտղատու եւ անպտուղ ծառովք, ունէր 33 տուն հայ բնակիչ»։
Սբ Սարգիս եկեղեցին գտնվում է գյուղի հարավային մասում, գետակի աջափնյա ձորալանջին։ Ենթադրվում է, որ կառուցվել է 12-13-րդ դարերում եւ եղել է միանավ բազիլիկա։ Այդ են հավաստում տարածքում սփռված շինության մի շարք ճարտարապետական նշանակություն ունեցող սրբատաշ քարեր եւ նրանց բեկորներ։ Եկեղեցին ժամանակի ընթացքում վնասվել է հատկապես 1679, 1827, 1840 թթ. երկրաշարժերից եւ մեր ժամանակներն է հասել ավերակ վիճակում։ Հավանաբար մեծ է եղել 1827թ. Ծաղկաձորի երկրաշարժի ներգործությունը, որից հետո Հ. Շահխաթունյանցը եկեղեցին տեսել է՝ «ի խարտեալ քարանց յաւերութեան կայ»։
Կարդացեք նաև
Պահպանվել էր միայն եկեղեցու հիմնապատի հս-աե հատվածը՝ մոտ 3 մ երկարությամբ, որն էլ կործանվում է 1960-ական թթ., կիրճի վերնամասից ընկած ժայռաբեկորից։ Ներկայումս ժայռաբեկորի տակ նկատելի է եկեղեցու հիմքի դարչնագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով կառուցված հատվածը։
Մեսրոպ արքեպ. Սմբատյանցը անդրադարձել է նաեւ Սբ Սարգիս եկեղեցուն. «Մի մատրան աւերակ եւս տեսինք գիւղի արեւմտեան կողմի ձորակի մէջ՝ սուրբ Սարգսի անուամբ, որը հարկաւոր գրուածք չունէր. միայն ներքուստ սեղանատեղւոյ մէջ մի քարի վերայ կարդացինք չորս բառ. «Ես Սառայ խաթուն տվեցի…»։
Եկեղեցու շրջակայքում եղել է միջնադարյան գերեզմանոց, որից պահպանվել են մի քանի խաչքարեր եւ դրանց բեկորներ։ Իսկ եկեղեցուց մոտ 70 մ արեւելք, կիրճի եզրին՝ ժայռի վրա, փորագրված են 3 խաչեր։ Եկեղեցին ու գերեզմանոցը ունեցել են պարսպապատ, որից պահպանվել են միայն հատվածներ։
2008 թ. եկեղեցու հիմքերի մի մասի վրա Սիրանուշ Շահբազյանը կառուցել է տվել ուղղանկյուն մատուռ, որի մասին փորագրված է արեւմտյան մուտքի վերնամասի սալիկին։ Պատերի մեջ դրված են 12-13-րդ դարերի խաչքարեր, դրանց բեկորներ եւ մեկ արձանագիր քար։
Մատուռի մուտքի մոտ կանգնեցված է խաչ՝ նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմին Ձորաղբյուրից նահատակված 5 զոհերին, որոնց անունները փորագրված են հատուկ պատրաստված ցուցանակի վրա։
Մեսրոպ արքեպիսկոպոսը նկարագրել է նաեւ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ Սբ Խաչ մատուռը։
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
03.02.2024