ԵՄ-ի հետ հարաբերություններում չափազանցեցված սպասելիքներ ունենալ պետք չէ, այլ արժե համադրել փաստերն ու այն ընկալումը, որը կա ԵՄ-ում Հարավային Կովկասի հետ կապված՝ մանավանդ, որ ԵՄ պաշտոնյաների հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում ինչ-որ մեկի տեղը զբաղեցնելու մտադրություն չունի։
Հունվարի 23-ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարությամբ հաստատվեց՝ ԵՄ-ն դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան՝ 2 տարով։ Հայտարարությամբ ամրագրված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի պնդումը, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ «Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում»։
Սա նշանակում է, որ Եվրոպական Միությունը երկարաժամկետ ծրագրեր ունի Հարավային Կովկասի` նաեւ Հայաստանի հետ կապված։ ԵՄ-ի հետ կապված՝ Հարավային Կովկասի երկրներից ակնկալիքներն ընդհանուր առմամբ պարզ են։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից։ Վերջին շրջանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը թերեւս վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ձգտում է դուրս գալ ռուսական կախվածությունից եւ ավելի մերձենալ ԵՄ-ին՝ բնականաբար ձգտելով դառնալ ԵՄ-ի հիմնական գործընկեր, այլ ոչ թե դիտարկվել ՌԴ-ի հետ ԵՄ-ի ունեցած հարաբերությունների համատեքստում։ Սակայն կան փաստեր, որոնք Հայաստանում պետք է հաշվի առնեն մինչ Հարավային Կովկասում ԵՄ-ի հիմնական գործընկերոջ դերակատարության մասի մտածելը։
2023-ի դեկտեմբերի 14-ին ԵՄ գագաթնաժողովը որոշեց Վրաստանին տալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Այսինքն՝ գոնե իրավական առումով ԵՄ-ի թիվ մեկ գործընկերը Հարավային Կովկասում Վրաստանն է։ Ըստ ԵՄ ընթացակարգերի՝ եթե պետությունը ստանում է ԵՄ անդամության կարգավիճակ, հետեւաբար բազմաթիվ ծրագրեր սկսվում են իրականացվել այդ երկրում։
Կարդացեք նաև
ԱՊՐԻ-Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, «որ այդ ծրագրերի իրականացման համար նույնիսկ կարեւոր էլ չէ, թե Վրաստանում իրականում կառավարությունը ինչ է մտածում եւ այլն։ Փաստացի Վրաստանը տարածաշրջանում կշարունակի մնալ ԵՄ-ի հիմնական գործընկերը»։
Ի՞նչ ակնկալիքներ ունի ԵՄ-ն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բնորոշմամբ «Էներգետիկայի ոլորտում Եվրոպայի վստահելի գործընկեր» Ադրբեջանից։ Հաշվի առնելով ԵՄ-ի՝ էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, արեւի էներգիայի օգտագործման օրակարգը՝ արդեն 2030-ից հետո երկարաժամկետ առումով Ադրբեջանի տրամադրած նավթն ու գազը գուցե արդեն պետք էլ չլինեն ԵՄ-ին. դրա պահանջարկը նվազելու է։ Մյուս կողմից էլ լուրջ փորձագիտական կասկածներ կան՝ արդյոք Ադրբեջանն ի վիճակի կլինի՞ մինչեւ 2027-ը ԵՄ արտահանվող գազի ծավալները դարձնել 20 միլիարդ խորանարդ մետր, ինչի շուրջ 2022-ի հուլիսին ԵՄ-ն ու Ադրբեջանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Բայց Ադրբեջանը միայն նավթի ու գազի համար չէ, որ պետք է ԵՄ-ին։ Բենիամին Պողոսյանը փաստեց՝ դա նաեւ տարանցիկ ճանապարհ է ԵՄ-ի համար Չինաստանի հետ Ռուսաստանը եւ Իրանը շրջանցելով առեւտուր անելու համար. «Խոսում եմ միջին միջանցքի մասին։ Գիտեք՝ վերջին տարիներին հատկապես 2022-ի փետրվարից հետո դրա մասին շատ են խոսում՝ Չինաստան, Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա կամ Չինաստան, Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, Սեւ ծով, Եվրամիություն»։
ՀԱՊԿ-ի անդամ, ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, ԵԱՏՄ անդամ Հայաստանի՞ց ինչ կարող է ակնկալել ԵՄ-ն։ ՀՀ-ում տեղակայված են ՌԴ սահմանապահ զորքերը, ՌԴ-ն ՀՀ տնտեսության մեջ մեծ ներկայություն ունի։ Այս բոլոր հանգամանքները չխանգարեցին ԵՄ-ին ՀՀ-ի հետ ստորագրել ՍԵՊԱ-ն։ ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցության ամենամեծ մատակարարն է եւ նրա երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերը: 2023 թվականին ԵՄ-ն խորացրեց իր ներգրավվածությունը ՀՀ-ում՝ ընդլայնելով սահմանների մոնիտորինգի առաքելությունը եւ սկսելով պաշտոնական քննարկումներ վիզաների ազատականացման հարցի շուրջ։ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից բազմիցս հնչում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հայտարարություններ, բայց դրանք հիմնականում բավարար չափով փաստարկված ու հստակ չեն։ Դա է թերեւս պատճառը, որ ԵՄ առանձին պաշտոնյաներ մասնավոր տարբեր զրույցների ընթացքում ակնարկում են՝ Հայաստանից ավելի ակտիվ դիրքորոշում են սպասում եւ ոչ միայն անվտանգային ոլորտում սպասելիքների, այլեւ այլ ոլորտների հետ կապված։
Այն, որ ԵՄ-ում ընկալման փոփոխություն կա ՀՀ-ի նկատմամբ վարվող քաղաքականության հարցում, ակնհայտ է, մասնավորապես, որ ՀՀ-ն փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ցանկանում է նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից։ Ըստ Բենիամին Պողոսյանի՝ «եթե նախկինում ՀՀ-ն ընկալվում էր ամբողջությամբ ռուսական ազդեցության տակ գտնվող պետություն, բայց որի հետ ինչ-որ հարաբերություններ պետք է ունենար ԵՄ-ն՝ այդ թվում ՍԵՊԱ ստորագրել՝ տարբեր նկատառումներից ելնելով, ապա հիմա արդեն ՀՀ-ն ընկալվում է՝ որպես պետություն, որը փորձում է կախվածությունը նվազեցնել ՌԴ-ից։ Այս հարցում Եվրամիությունը ասում է՝ այո, ես պատրաստ եմ օգնել ՀՀ-ին, որպեսզի նա նվազեցնի իր կախվածությունը ՌԴ-ից»։ Բենիամին Պողոսյանն այս հարցում ԱՄՆ նախագահի ընտրությունները դիտարկում է՝ որպես «սեւ կարապ»։
Սա միանշանակ այսպես կարող էր լինել, եթե 2024-ի նոյեմբերին նախատեսված չլինեին ԱՄՆ նախագահի ընտրությունները։ Եվ հենց այս ընտրության ելքից է կախված. եթե ԱՄՆ-ի քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ փոխվեց, իսկ կանխատեսումներ կան, որ Դոնալդ Թրամփի՝ ընտրվելու պարագայում փոխվելու է ՌԴ-ի հետ քաղաքականությունը, ապա այդ դեպքում դժվար թե ԵՄ-ն միայնակ պատրաստ լինի շարունակել ՌԴ-ի դեմ պատերազմը։ Իսկ այս դեպքում արդեն կփոխվի նաեւ ԵՄ-ում ՀՀ-ի հետ հարաբերությունների ընկալումը։ Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերություններում չափազանցեցված սպասելիքներ ունենալ պետք չէ, այլ արժե համադրել փաստերն ու այն ընկալումը, որը կա ԵՄ-ում Հարավային Կովկասի հետ կապված՝ մանավանդ, որ ԵՄ պաշտոնյաների հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում ինչ-որ մեկի տեղը զբաղեցնելու մտադրություն չունի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2024