Փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի այս տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը»։ Քաղցկեղը շարունակում է մնալ մարդկության լրջագույն մարտահրավերներից մեկը․ աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք (ԱՀԿ տվյալներով): Այս հոդվածում մենք դիտարկում ենք «քաղցկեղ» հիվանդությունը՝ ընդհանուր գծերով և ևս մեկ անգամ ներկայացնում կանխարգելման, բուժման այն հնարավորությունները, որոնք հիշեցնում են՝ քաղցկեղը թեև մարտահրավեր է, բայց դատավճիռ չէ։
Ի՞նչ է քաղցկեղը
Քաղցկեղը լայն հասկացություն է, որը նկարագրում է այն հիվանդությունը, որն զարգանում է, երբ բջջային փոփոխություններն առաջացնում են բջիջների անվերահսկելի աճ ու բաժանում։
Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում բջիջների աճը շատ արագ է տեղի ունենում, որոշ տեսակների դեպքում՝ համեմատաբար ավելի դանդաղ։ Քաղցկեղի որոշ տեսակներ արտահայտիչ գոյացություններ՝ ուռուցքներ են առաջացնում, կամ էլ չեն առանձնանում այդպիսի դրսևորմամբ, ինչպես, օրինակ, լեյկեմիայի դեպքում։
Ինչպես հայտնի է, օրգանիզմի բջիջների մեծամասնությունը որոշակի գործառույթ և կյանքի տևողություն ունի։ Բջիջների մահը բնական գործընթաց է, որը առողջապահության ոլորտի մասնագետների կողմից կոչվում է «ապոպտոզ»։
Կարդացեք նաև
Բջիջը մահանալու «հրահանգ» է ստանում, որպեսզի օրգանիզմում նոր բջիջ առաջանա, որն ավելի լավ է աշխատում, իսկ քաղցկեղի բջիջները, կարծես, զրկված են այդ՝ բաժանումը դադարեցնելու և մահանալու հնարավորությունից։ Արդյունքում դրանք կուտակվում են օրգանիզմում՝ օգտագործելով թթվածինն ու սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են այլ բջիջների սնուցման համար։ Քաղցկեղի բջիջները կարող են ուռուցքներ ձևավորել, խաթարել իմունային համակարգն ու այլ փոփոխություններ առաջացնել՝ խանգարելով օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը։ Դրանք կարող են առաջանալ օրգանիզմի մի հատվածում, այնուհետև տարածվել ավշային հանգույցների միջոցով։
Քաղցկեղի ռիսկի գործոնները
Քաղցկեղի զարգացման պատճառները բազմաթիվ են, և դրանց մի մասը կարելի է կանխարգելել։
Քաղցկեղի՝ կանխարգելման ենթակա ռիսկի գործոններն են՝
- ծխելը,
- ոգելից խմիչքի չարաշահումը,
- մարմնի ավելորդ քաշը,
- նստակյաց կյանքը,
- անառողջ սննդակարգը, վատ սնուցումը,
- մարդու պապիլոմավիրուսային վարակը։
Քաղցկեղի ռիսկի այլ գործոններն անհնար է կանխարգելելը․ ներկայումս առավել նշանակալի գործոն է համարվում տարիքը։ ԱՄՆ քաղցկեղի միության տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղցկեղի դեպքերի 88%-ն ախտորոշվում է 50 և ավելի տարիքի անձանց մոտ։
Արդյո՞ք քաղցկեղը ժառանգական է
Ժառանգական գործոնը կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը։ Մարդու գենետիկ կոդը հայտնում է բջիջներին, թե երբ է պետք բաժանվել ու մահանալ։ Գենային փոփոխությունները կարող են հանգեցնել սխալ «հրահանգների», ինչն էլ կարող է բերել քաղցկեղի զարգացման։ Գեները նաև ազդում են սպիտակուցների արտադրության վրա, իսկ սպիտակուցներում պարունակվում են բջջային աճի ու բաժանման շատ ուղեցույցներ։
Որոշ գեներ փոփոխում են այն սպիտակուցները, որոնք վերականգնում են վնասված բջիջները․ դա կարող է հանգեցնել քաղցկեղի նախատրամադրվածության։ Եթե ծնողների մոտ առկա են այդ գեները, ապա դրանք կարող են փոխանցվել սերունդներին։ Բժիշկները դա կոչում են «ժառանգական գենային մուտացիա», և այդ մուտացիաները կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը մինչև 10%-ով։
Քաղցկեղի ռիսկը մեծացնող գենային որոշ մուտացիաներ առաջանում են ծնվելուց հետո․ բժիշկները դրանք անվանում են
«ձեռքբերովի գենային մուտացիաներ»։ Հնարավոր պատճառներ կարող են լինել ծխելը կամ արևի ճառագայթների բացասական ազդեցությունը։ Գենետիկ այդ փոփոխություններն ավելի հաճախ են քաղցկեղ առաջացնում, քան ժառանգական գենային մուտացիաները։
Այլ փոփոխությունները, որոնք կարող են քաղցկեղի հանգեցնել, տեղի են ունենում քիմիական ազդակներում, որոնք կանխորոշում են, թե ինչպես են բջիջները միացնում կամ անջատում որոշակի գեները։ Դա անվանում են«էպիգենետիկ փոփոխություններ»։
Բուժումը
Քաղցկեղի բուժումը սովորաբար նշանակվում է՝ քաղցկեղի տեսակից, ախտորոշման պահին քաղցկեղի փուլից և ընդհանուր առողջական վիճակից կախված։
Քաղցկեղի բուժման որոշ մեթոդներն են՝
Քիմիաթերապիան, որի նպատակը արագ բաժանվող բջիջների վրա ազդող դեղամիջոցների օգնությամբ քաղցկեղի բջիջների ոչնչացումն է։ Այդ դեղամիջոցները կարող են փոքրացնել նաև ուռուցքը, սակայն, սովորաբար, ունենում են լուրջ կողմնակի ազդեցություններ։
Հորմոնալ թերապիան ենթադրում է այնպիսի դեղամիջոցների ընդունում, որոնք փոփոխում են որոշակի հորմոնների աշխատանքն ու խոչընդոտում օրգանիզմի կողմից դրանց արտադրությունը։ Այս եղանակը կիրառվում է այն դեպքերում, երբ հորմոնները նշանակալի դեր են ունենում, օրինակ կրծքագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար։
Իմունոթերապիան օգտագործում է դեղորայք և բուժման այլ մեթոդներ օրգանիզմի իմունային համակարգն ամրացնելու և քաղցկեղի բջիջների դեմ պայքարը խթանելու համար։
Ճառագայթային թերապիան օգտագործում է ռադիացիայի բարձր չափաբաժինները՝ քաղցկեղի բջիջների վերացման համար։
Ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է նպաստավոր լինել արյան հետ կապված հիվանդությունների դեպքում, օրինակ՝ լեյկեմիայի կամ լիմֆոմայի։
Վիրահատական միջամտությունը հաճախ լինում է բուժման պլանի մի մասը եթե կա ուռուցք, դրանից բացի, կարող են հեռացվել ավշային հանգույցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար։
Թիրախային թերապիան ներգործում է քաղցկեղի բջիջների վրա՝ կանխելով դրանց բազմացումը։ Այն կարող է նաև ուղղված լինել իմունային համակարգի ամրացմանը։
Քաղցկեղի բուժման ժամանակ հաճախ են համադրվում բուժման մեկից ավելի եղանակները՝ բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրական ելքը մեծապես կախված է հիվանդության տեսակից, հայտնաբերման փուլից և մի շարք այլ գործոններից։
Քաղցկեղի տեսակները
ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով՝ քաղցկեղի ավելի քան 100 տեսակներ կան։ Աշխարհում ամենատարածված տեսակներն են կրծքագեղձի, թոքի, շագանակագեղձի քաղցկեղը։ Քաղցկեղի տարածված տեսակներ են համարվում նաև հաստ և ուղիղ աղիքի, միզապարկի, երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի, արգանդի պարանոցի քաղցկեղը, լեյկեմիան, ոչ հոջկինյան լիմֆոման, մելանոման և այլն։
Քաղցկեղը դասակարգվում է ըստ այն բջիջների, որոնցից կազմված է և ըստ տեղակայության։ Օրինակ՝ սարկոմաններ ձևավորվում են ոսկրերում ու փափուկ հյուսվածքներում, կարցինոմաները՝ կրծքագեղձում, շագանակագեղձում կամ թոքերում և այլն։ Քաղցկեղի բջիջների տարածումը դեպի մարմնի այլ հատվածներ բնորոշվում է «մետաստազ» եզրույթով։ Մարդը կարող է միաժամանակ մի քանի տեսակի քաղցկեղ ունենալ։
Կանխարգելման հնարավորությունները
Քաղցկեղի կանխարգելման համար կարևոր դեր է խաղում վերևում թվարկված ռիսկի կառավարելի գործոնների բացառումը։
Քաղցկեղի որոշ տեսակներ դրսևորվում են վաղ ախտանշաններով, սակայն շատ են այն տեսակները, որոնք մինչև ուշ փուլերը ոչ մի ախտանշան չեն առաջացնում, իսկ ախտանշաններից շատերն էլ քաղցկեղի հետ անմիջականորեն կապված չեն լինում։ Ուստի հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու արդյունավետ մեթոդ են համարվում կանոնավոր հետազոտությունները։
Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում անվճար իրականացվող ծրագրերի և առաջիկա միջոցառումների մասին՝ այստեղ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today
Գլխավոր նկարը՝ Գուստավ Կլիմտ, «Մահ և կյանք»