Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալն ընտանիք է ուզում կազմել, բայց ազատության մեջ

Փետրվար 04,2024 22:29

«Ես մեղավոր եմ, չնայած անձամբ ես չեմ սպանել, բայց այդ սպանությանը մասնակցել եմ, իհարկե, ես զղջում եմ, ապաշխարում ու գիտակցել եմ սխալս»,-ասում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանը։ 23 տարեկան էր այն ժամանակ, իսկ հիմա 44։ Ասում է՝ անազատության 21 տարիները շատ բան սովորեցրին իրեն։ Միքայելն արդեն երկրորդ անգամ դիմել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար։

Առաջին անգամ անցած տարի էր, երբ դեռ պատիժ էր կրում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Պահանջվող երկու զեկույցներից քրեակատարողական հիմնարկինը դրական է, իսկ պրոբացիայի ծառայությունը բացասական զեկույց է տալիս։ «Պատճառաբանում են, որ կրկնահանցագործության ռիսկայնությունը բարձր է, ուստի աննպատակահարմար են գտնում վաղաժամկետ ազատելը»,- մեզ հետ զրույցում նշեց ցմահ դատապարտյալը։ Նրա խոսքով՝ պրոբացիայի ծառայության աշխատակիցները  չեն կարողանում կապ հաստատել տուժողի իրավահաջորդների հետ։ «Ես ունեմ տվյալները, ես կարողանում եմ կապ հաստատել, նրանք՝ ո՞չ»,-հարցնում է Միքայելը։ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նրա վաղաժամկետ ազատելը։

Ցմահ դատապարտյալի խոսքով՝ արդարադատության ոլորտում ներդրվել է տուժողի կամ նրա իրավահաջորդի ինստիտուտը։ Դատարանն անձին դատապարտում է իր կատարած հանցանքների համար՝«ՀՀ քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածներով, այլ ոչ տուժողի իրավահաջորդի առաջարկած մեթոդներով։ Ասում է՝ սա օրինական եւ օրինաչափ է։ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատարանը հաշվի է առնում նաեւ տուժողի կամ նրա իրավահաջորդի դիրքորոշումը։ «Տեսեք, ցմահ ազատազրկման դատապարտվում են ծանր հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ սպանության համար։ Բնականաբար տուժողի իրավահաջորդը կառարկի, չի ուզի իր հարազատին կյանքից զրկողին տեսնել ազատության մեջ»,-ասում է  Միքայել Մարտիրոսյանը։

Դատարանը հաշվի է առնում նաեւ դատախազի դիրքորոշումը։ «Ըստ դատախազի՝ եթե տուժողի համաձայնությունը չլինի, ապա մտավախություն կա, որ ազատվելուց հետո դատապարտյալը կարող է տուժողից վրեժխնդիր լինել կամ հենց ինքը դառնալ վրեժխնդրության զոհ»,-ասում է զրուցակիցս՝ այդպես էլ չկարողանալով գտնել հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են նման համոզմունք հայտնում դատախազները։

Բոլորն էլ կարող են սխալվել․ Միքայել Մարտիրոսյանն ընդունում է իր սխալը, բայց կարծում է՝ որ փոխվել է իր վարքագիծը։ Վերասոցիալականացվել է․ մասնակցել է դասընթացների, կավագործությամբ է զբաղվում, կավից կենցաղային իրեր է պատրաստում, աշխատում է։ Հիմա ուզում է ազատվել, ընտանիք կազմել։ «Ճիշտ է, օրենքը թույլ է տալիս՝ որ այստեղ էլ կարող եմ ամուսնանալ, բայց ուզում եմ ազատության մեջ ընտանիք կազմել, որ կինս, հետագայում նաեւ զավակներս անընդհատ բանտի ճանապարհին չլինեն»,-ասում է Միքայել Մարտիրոսյանը։

Փետրվարի 28-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ կքննարկվի Միքայել Մարտիրոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։ Ցմահ դատապարտյալը դատարան է ներկայանալու առանց պաշտպանի։ «Այս տարիներին այնքան եմ կարդացել օրենսդրությունը, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որ ինքս կարող եմ շահերը պաշտպանել դատարանում»,-ասում է Միքայել Մարտիրոսյանը։

Նշենք, որ ցմահ դատապարտյալի դատական նիստին մասնակցելու ենք եւ  մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Դատապարտյալի լուսանկարները հրապարակվում են նրա համաձայնությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829