Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիք ուստարում 10-րդ դասարանում 1-ին անգամ կներդրվի «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները

Փետրվար 04,2024 22:11

Մի քանի օր է, ինչ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ), մասնագիտական շրջանակներին և հանրակրթության շահառուների դատին է հանձնել` նոր ՀՊՉ-ով գրված 2024-2025 ուսումնական տարում գործածության համար երաշխավորված Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար նախատեսված դասագրքերի մի մասը։

Հիշեցնեմ նաև այն, որ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում նոր ՀՊՉ-ի ներդնումը նախատեսվում էր 2023-2024 ուսումնական տարում, բայց այն ինձ անհայտ պատճառներով հետաձգվեց և արդյունքում կներդրվի 2024-2025 ուսումնական տարում։

Այս համատեքստում հետաքրքրական է այն, որ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում 1-ին անգամ ավելացել են նոր առարկաներ, օրինակ` «Կերպարվեստ» և «Երաժշտություն»։

Ես, չլինելով «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների մասնագետ, չեմ կարող խոսել և կարծիք հայտնել հիշյալ դասագրքերի մեթոդական և բովանդակային մասերի վերաբերյալ։ Դա լուրջ մասնագիտական խնդիր է և թող այդ թեման քննարկեն մասնագետները։

Ես խնդիրը կդիտարկեմ այլ ասպեկտներով.

● Արդյոք ճի՞շտ է հիշյալ առարկաները ներմուծել Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում։

● Արդյո՞ք մեր կրթական համակարգը պատրաստ է այս նորամուծությանը։

Նախ և առաջ նշեմ, որ հիշյալ առարկաների դասավանդումը սկսած ԽՍՀՄ տարիներից մինչ օրս մեր մոտ պատշաճ չի իրականացվում։

Պատճառներից ամենագլխավորը մասնագետների պակասն է։

Այսօր հիշյալ առարկանները Հանրակրթական դպրոցների մեծ մասում բառացիորեն դասավանդում են բոլոր տեսակի մասնագետները՝ սկսած տեխնիկական մասնագիտացում ունեցողներից մինչև հումանիտար և բնագիտամաթեմատիկական մասնագիտություններ ունեցողներով։

Այսինքն` առարկան դասավանդում են բոլորը, բացի բուն մասնագետներից։ Ինչի արդյունքում, օրինակ, Հանրակրթական դպրոցը ավարտած շրջանավարտների մեծ մասը տարրական գիտելիքներ և պատկերացումներ չունեն երաժշտության և կերպարվեստի մասին։ Ու այդ մասսան որպես կանոն համալրում են արաբաթուրքական երաժշտության երկրպագուների շարքերը։

Ընդհանրապես դպրոցի գերխնդիրներից մեկը, բացի սովորողներին գիտելիքներ տալուց, պետք է միտված լինի սովորողների մոտ գեղագիտական ճաշակ ձևավորելուն։

Շատ լավ է, որ ԿԳՄՍ փոխնախարարությունը փորձում է արժևորել այս առարկաները, բայց եթե նույնիսկ ամենահրաշալի դասագրքերը գրվեն ու դրվեն աշակերտների սեղաններին, միևնույն է` դրանից որևէ էական բան չի փոխվելու, քանի որ մենք մեծամասամբ չունենք հիշյալ առարկաները պատշաճ դասավանդող կոմպետենտ մասնագետներ։ Իսկ նյութատեխնիկական բազայի մասին ընդհանրապես ավելորդ է խոսելը։

Ցավոք, այսօր մեր կրթական համակարգը նյութատեխնիկական և մասնագիտական առումով պատրաստ չէ հավուր պատշաճի իրականացնել 10-րդ դասարանում ներդրված «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների կրթական ծրագրերը։

Շատ լավ կլիներ, եթե ԿԳՄՍ նախարարությունը, մինչև այս առարկաների ներդնումը ուսումնասիրեր և հետևություններ աներ մոտ 10 (տասը) տարի առաջ ներդրված «Տեխնոլոգիա» առարկայի ձախողված փորձը։ Բանն այն է, որ «Աշխատանքի ուսուցում» առարկային փոխարինելու եկավ բազմաբովանդակ մի հրաշալի առարկա, որը մեզ այսօր հայտնի է «Տեխնոլոգիա» անունով։ Այն ժամանակ էլ գրվեցին չափորոշիչներ, ստեղծվեցին մասնագետների կարծիքով հրաշալի դասագրքեր և այն ամենը, ինչ մեթոդական առումով անհրաժեշտ էր և է հավուր պատշաճի հիշյալ առարկան դասավանդելու համար։ Բայց այն ժամանակ ԿԳ նախարարությունն այսօրվա ԿԳՄՍ նախարարության նման չի լուծել և չի կարողանում լուծել մասնագետների և նյութատեխնիկական բազայի խնդիրները։ Արդյունքում այսօր որևէ շոշափելի արդյունք մենք չունենք այս առարկային դասավանդման մասով։

Ցավում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը կրկնում է հին սխալները։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է միաժամանակ աշխատի 3 (երեք) ուղղությամբ` բուհական համակարգի միջոցով մասնագետների պատրաստում, նյութատեխնիկական բազային համալրում և Հանրակրթական համակարգից դուրս գտնվող համապատասխան մասնագետների մոտիվացում դեպի Հանրակրթություն։

ԿԳՄՍ նախարարությունը այս ողջ ընթացքում չհասկացավ մի պարզ ճշմարտություն, որ վերապատրաստումների միջոցով հնարավոր չէ ոչ մասնագետին դարձնել մասնագետ և վստահել հիշյալ առարկաների դասավանդման ողջ պատասխանատվությունն ու առաքելությունը։

Արդյունքում այսօր Հանրակրթական դպրոցը ավարտած շրջանավարտների գերակշիռ մասը տարրական գիտելիքներ չունի այս առարկաներից։

ԱՄՓՈՓՈՒՄ

Էլի եմ ասում, ըստ իս, ընդհանուր առմամբ վատ չէ այս առարկաների դասավանդումը Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում և հաշվի առնելով մեր հասարակության դեգրադացված արժեհամակարգը, կարծում եմ, տեղին է։ Բայց նյութատեխնիկական բազային իսպառ բացակայության և մասնագետների այս մակարդակով հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունք գրանցել։

Ցավում եմ…

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829