Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պետք է շատ աշխատել և հավատալ քո ուժերին»․ Վլադիմիր Գալստյան

Փետրվար 04,2024 17:04

Վլադիմիր Գալստյանը 2023 թվականին էր Արցախից բռնի տեղահանվել և տեղափոխվել Հրազդան քաղաք։ Հայրը՝ Իգոր Գալստյանը, զոհվել է Արցախյան վերջին պատերազմում։ Վլադիմիրի սրտում վառ են մնացել հոր հետ կապված ամենաթանկ հիշողությունները։ Նա միշտ պատուհանից նայում էր, և երբ հայրը տուն էր գալիս, արագ պատրաստում էր երաժշտական գործիքներն ու նվագում հոր համար։

Վլադիմիր Գալստյանը յոթ տարի սովորել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ սկզբում ժողովրդական երգերի բաժնում, հետո՝ դաշնամուրի։ Ասում է՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ դաշնամուրն ավելի հոգեհարազատ է իրեն։

«Երբ որևէ մեկը դաշնամուր էր նվագում, զգում էի, որ հենց այդ գործիքն եմ լսել սիրում։ Ինձ մոտ դաշնամուր նվագելն ավելի արագ ստացվեց»,- ասում է Վլադիմիր Գալստյանը։

Երբ Վլադիմիրն առաջին անգամ Երևանում մասնակցեց «Արտ մյուզիք» 13-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, «Դաշնամուրային դուետ» անվանակարգում գրավեց երկրորդ տեղը։ Անկեղծանում է՝ առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, ակնկալում էր գոնե հինգերորդ տեղը գրավել։ Բոլորն ուրախացել ու ոգևորվել էին Վլադիմիրի հաջողություններով։

«Վստահ և խրոխտ բեմ բարձրացա և նվագեցի։ Երբ տեսանյութերն ուղարկեցի Ստեփանակերտ, բոլորը հիացան»,-ասում է Վլադիմիրը։

2022 թվականին Վլադիմիրը մասնակցել է «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնին և առաջնակարգ տեղ գրավել։ 2023 թվականին նա մասնակցել է «Փարիզյան աստղեր» օնլայն մրցույթին և ներկայացրել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և «Երաժշտական պատկեր» կատարումները։ Վլադիմիրը զբաղեցրել է 1-ին տեղը։

«Այդ օրը բոլորն ինձ ուրախ դիմավորեցին դպրոցում, գրկեցին ու համբուրեցին։ Հետո ասացին, որ գրան պրի մրցանակի եմ արժանացել։ Շատ էի ոգևորվել և ուրախացել։ Չէի հավատում։ Ցավոք, չկարողացա վերցնել հաղթողի գավաթը, որովհետև մրցույթն օնլայն էր կազմակերպվել, միայն մեդալ եմ ստացել»,-ասում է Վլադիմիրը։

Վլադիմիրն ասում է, որ երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները Մանկական եվրատեսիլ մրցույթը դիտելու համար Երևան էին եկել։ Այդ օրերին Արցախի շրջափակման պատճառով երկար ժամանակ տուն վերադառնալ չկարողացան։

«Զանգում եմ մայրիկին, մայրս էլ կարծում է՝ կատակում եմ։ Մեծ դժվարությամբ Կարմիր խաչի միջնորդությամբ տուն ենք վերադարձել»,-ասում է նա։

Վլադիմիրը նվիրական երազանքներ ունի՝ Արցախ վերադառնալ և հայտնի դաշնակահար դառնալ։ Նրա կարծիքով՝ հայտնի դաշնակահար դառնալու համար պետք է շատ աշխատել, հույսը ոչ ոքի վրա չդնել, առաջ գնալ և հավատալ քո ուժերին։

Այժմ նա իր ուսումը շարունակում է Հրազդանի Ա․ Բաբաջանյանի անվան թիվ երկու երաժշտական դպրոցում։ Կապը Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հետ պահպանվում է։ Կարողանում է համատեղել և իր ժամանակը ճիշտ բաշխել։ Մեծ սիրով ու խանդավառությամբ պատրաստվում է «Արտ մյուզիք» մրցույթ-փառատոնին։

 Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829