Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ «Ինչպես դուրս գալ այս իրավիճակից» թեմայով։
Քննարկմանը մասնակցող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարծիք հայտնեց, որ պիտի փոխենք մեր մտածողությունը, չգերագնահատենք մեզ, թերագնահատենք թուրքին, պիտի բուժվենք, այլապես մեր վիճակը կատաստրոֆիկ կլինի։
Ըստ Սրբազանի, հայ ժողովուրդն ինքն իր մասին սխալ պատկերացում ունի՝ կարծում է, թե ամենաիդեալական ժողովուրդն է, մինչդեռ, ըստ թեմի առաջնորդի, «ամենահիվանդ ժողովուրդն է, ամենաբուժման կարիք ունեցող, բայց իրեն ամենաառողջ համարող»։
Ըստ նրա, մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, չի բուժվի, պիտի ճանաչի ճշմարտությունը, որպեսզի ազատ դառնա, իսկ հիմա ստրկության մեջ է ՝ իր կարծրատիպերի պատճառով։
Կարդացեք նաև
«Եկեք մեզ չգերագնահատենք, մեր արժեքը ճիշտ տանք, մեր պրոբը ճիշտ տանք ու բուժվենք, այլապես մեր վիճակը կատաստրոֆիկ է լինելու։ Նիկոլ կլինի, Կիկոլ կլինի, եթե մեր մտածողությունը չփոխվի և մեր վարքը չփոխվի, մտածողության և վարքի փոփոխության մեջ է ամեն ինչ, Նիկոլներ միշտ կլինեն, Նիկոլը հետևանք էր նախկին բոլոր իշխանությունների անմիտ, անփույթ, տգետ գործողությունների, այս երկրի նկատմամբ թքած, անփույթ վերաբերմունքի։
Ասում էին ՝ մեկ է՝ ռուսը չի թողնի պատերազմ լինի, սա էր, դիվանագիտություն էլ չկար։
Ինչ դիվանագիտություն՝ սաղ խնամի, ծանոթ-բարեկամ չէի՞ն, հիմա էլ նույնը չէ՞, Ամերիկայի դեսպանն ո՞վ է, դե երևակայեք ձեր դիվանագիտության վիճակը, ոչ թե նրա համար, որ կին է, կինն էլ կարող է լինել խելացի, կարող է լինել տգետ»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց նաև, որ չպիտի զբաղվենք ինքնախաբեությամբ։
«Ամենամեծ ճշմարտությունը մենք մոռանում ենք՝ Արցախի կորուստը, Արցախը կորած է, սին հույսեր փայփայել, թե Արցախը հետ ենք բերելու, սա մեծ ինքնախաբեություն է, սա մեծագույն խաբեությունն է, որ կարող ենք ասել։ Արցախն անդարձ կորած է,անդարձ ասելով՝ ես համարում եմ մեր սերնդի համար, կարող է հաջորդ սերունդը․․․ Որովհետև Արցախն անդարձ կորած էր նաև 1922 թվին։ 1922 թվին, ով որ հանձնեց Արցախն Ադրբեջանին, ոչ ոք կենդանի չէր երևի 88, 90, 94 թվականներին։ Նրանք հանձնեցին և իր համար անդարձ կորավ, հիմա մենք հանձնեցինք և մեզ համար կորած է, այդ ճշմարտությունն այստեղից է սկսվում, այս ցավալի ճշմարտությունը։
Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե գանք այս ալիքի վրա ասելու՝ եկեք, մենք գալիս ենք ու Արցախը հետ ենք բերելու, ղալաթ ենք անելու, ոչ մեկը չի կարողանալու Արցախը հետ բերի։ Ես ուրիշ անգամներ էլ եմ ասել՝ օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, և ոչ միայն Արցախը, այլ Նախիջևանն էլ հետ բերել հնարավոր է, Կարսն ու Արդահանը հետ բերել էլ հնարավոր է օբյեկտիվորեն, բայց դու հաշվի պիտի առնես, թե սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես։ Սուբյեկտիվորեն դու այսօր հարց ունես Երևանը պահելու, որևիցե մի քայլ անելուց օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալները պետք է քննես, գցես-բռնես, մտնես- ելնես, զգացական բան է, իսկ հայի համար զգացականից դուրս գալը դա թիվ մեկ պրոբլեմն է, չի կարողանում»։
Միքայել Աջապահյանն ասաց, որ 300 հազար զոհ ենք տվել Հայրենական մեծ պատերազմին, նույնքան զոհ տվել ենք առաջին համաշխարհային պատերազմում, ինչպես է այդ թիվը կարողացել մարսել մեր ազգը , բայց հիմա 5000-ը չի կարողանում մարսել։
«Ո՞նց է 14, 18 թվի 300 հազարը մարսել, որ հիմա այս 5000-ը չի կարողանում մարսել՝ կոկորդին է կանգնել, և հիմա էլ որ ասում են՝ պատերազմ կլինի, բոլորս սարսափում ենք։ Պատերազմից չեն սարսափում, պատերազմն արդեն է, մենք մեջն ենք պատերազմի, բայց սա անզոհ պատերազմ է, մենք տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։
Սրան համաձայն ենք, բայց պիտի լիներ հակառակը՝ պիտի զոհ տայինք՝ 1, 10, 100, 1000, 10000, 100 000, բայց տարածք չպիտի տայինք, ուրեմն մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուրըմբռնումն է պատերազմի մասին։ Մարդիկ չեն պատերազմում մարդ սպանելու համար․ ոչ մեկը չի պատերազմել այս ամբողջ համաշխարհային պատմության մեջ մարդ սպանելու համար, պատերազմել են տարածք գրավելու, տարածք սեփականացնելու, տարածք պահելու համար՝ անկախ զոհերից։
Հայի մոտ այս մտածողությունը չէ, հայի մոտ լրիվ տարբեր է՝ 30 հազար փրկեցի, հերոս եմ, չի էլ փրկել,հարցը դա չէ, որովհետև 30 հազարին չէր կարող 500 հոգի շրջապատեր։ Պատմությունը, համաշխարհային ռազմագիտությունը չունի այդպիսի օրինակ, որ 500 հոգին շրջապատի 30 հազար հոգու, և 30 հազար հոգին ստիպված լինի հանձնվել։
Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, հաղթանակի հասկացողությունը սխալ է, պարտության հասկացողությունը սխալ է, պետության հասկացողությունը սխալ է, եկեղեցու հասկացողությունը սխալ է, չի հասկանում եկեղեցին, չի ճանաչում եկեղեցուն, չի սիրում իր եկեղեցուն, իր սեփականը չի սիրում։ Ուրեմն օբյեկտիվ իրականությունը սոսկալի վատ է, հայե՛ր»։
Նա նաև նշեց, եթե իրեն լսեին, հեղափոխությունը վաղուց պիտի լիներ։
«Ես իշխանություն փոխելու ընդամենը 3 ճանապարհ գիտեմ, դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Ընտրություն իբր թե կամ իբր թե ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Կա՞ ուրիշ, չկա, երեքն էլ անհնարին է՝ սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է։ Մի հատ վերանանք մեր իրականությունից, հնարավոր է»,-ասաց Սրբազանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև ասաց, որ մենք պետք է լինեինք տարածքի ամենահզոր երկիրը, Աստված տվել էր այդ աշխարհագրությունը։
«300 հազար ամրոց, 300 հազար քառակուսի բնական ամրոց, տվե՞լ էր, բա մի բնիկ ազգ, որ այստեղ 4500 տարի ապրում է, կունենա՞ 30 հազար քառակուսի կիլոմետր, և դա էլ դեռ հարց՝ կունենա՞ն, թե չունենա՞ն, այս հիվանդությունը երբ պիտի մենք ախտորոշենք, որ ամբողջ 4500 տարվա մեջ մենք ընդամենը մի հատ Տիգրան Մեծ․․․2000 տարի անցել է Տիգրան Մեծից, այ տղա, ուշքի արի», -ասաց Սրբազանը։
Նա, դիմելով ժողովրդին, հորդորեց՝ չգերագնահատել իրեն։
«Մի գերագնահատիր քեզ, քո գերագնահատելու արդյունք է այն, որ Նիկոլն է քո ղեկավարը, և Նիկոլը մի ճիշտ բան արեց, լավ բան չարեց, լավ չէ, բայց ճիշտ է՝ ցույց տվեց մեր էությունը, բայց մենք չենք ուզում համաձայնվել, որ դա մեր էությունն է։ Ասում ենք՝ չէ, դավադրություն էր, թուրքական գործակալ էր։ Եթե գիտեիք՝ թուրքական գործակալ էր, բա ազգային անվտանգություն չունենայի՞ր։ Ու երբ որ դու մի ազգ ես, որ 100 դոլարով կարող է քո սպան ծախվի, ինչքան ուզում ես ասա՝ բանակն այսպես, բանակն այնպես․․․
Լավ գեներալներ ունեցել ենք, լավ սպա ունեցել ենք, բայց բանակը պարտված, ջախջախված բանակ է այսօր, չենք ուզում ընդունել, ինչու չենք ուզում ընդունել, որ մեր բանակն այսօր պարտված, ջախջախված, հուսալքված, բարոյալքված է։ Էն է, խոսում է մարդը՝ Նիկոլը, ասում է՝ 50 տոկոս փախնում է բանակից, ազատվում է զանազան պատճառներով, այստեղ Նիկոլն է մեղավո՞ր,Նիկո՞լն է դասավորում 50 տոկոսի բանակից փախնելը»,- հարցնում է Միքայել Աջապահյանը։
Նա նշում է, որ բոլորը պիտի գնան բանակ, այդ թվում կանայք, քանի որ հայկական իրականության համար դա անխուսափելի է։
«Այս տարածքում եթե մենք ուզում ենք հայկական պետականություն ունենալ, և ոչ թե այս խղճուկ, չնչին, ողորմելի սահմանների մեջ, ուրիշ ձև չկա, քան լինել գերռազմականացած պետություն, սա տերտերը պիտի ասի, հա՞, ես պիտի ասեմ սա՞։
Ուրիշ ճանապարհ չկա, մնացած բոլոր ճանապարհները բերելու են հայկական ինքնության, հայկական պետականության վերացման, անունը դարձյալ ասում եմ՝ կպահպանվի Հայաստանի Հանրապետություն, մի 100 տարի հետո կասեն՝ Էրմենիստան թուրք ռեսպուբլիկասե, այսինքն՝ Հայաստանի թուրքական Հանրապետություն, կդառնա տարածքային անվանում Հայաստանը»։
Ըստ նրա, այդ դեպքում Հայաստան անունը չի նշանակի, որ Հայաստան կա, ուստիև պիտի վերջ դնել զգացմունքայնությանը, ռեալ նայել իրականությանը։
«Ուզենք, թե չուզենք, ազգի մեջ լինելու է՝ Արարատը տանք, հանգիստ ապրենք, Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, թուրքերին թողնենք գան․․․ Սա պիտի լինի, բայց սա պիտի լինի չինչին փոքրամասնություն, իսկ այսօր չնչին փոքրամասնությունը մենք ենք։
Եվ չնչին փոքրամասնության իշխանության գալը միմիայն հնարավոր է անհնարին ճանապարհով, հնար չկա, եթե դուք տեսնում եք այդ հնարը, ցույց տվեք, հեղափոխություն չի կարող անել փոքրամասնությունը, հեղաշրջում չի կարող անել, եթե հեղաշրջում անելու ունակ լիներ, այդ ազգային անվտանգության և բանակում կլիներ, ընտրությունով անհնարին է, բացարձակ անհնարին, ընտրությունով ամենաանհնարին է։
Բանակը եթե բանակ լիներ, կկանգներ, կնայե՞ր, թե ոնց է Արցախը հայաթափվում կամ կասի՝ ես թույլ եմ, ինչ անեմ, էս էլ կորցնեմ, սա բանակի պահվա՞ծք է, ես չեմ հասկացել բանակը։ Ես եմ սխալ հասկացել երևի։ Հիմա ես հունվարի 28-ին բանակի տոն չեմ նշում, թող ինձ ներեն, ես պարտված բանակի տոնը ինչու պիտի նշեմ, երբ որ իմ բանակը կվերագտնի իր փառքը, այն ժամանակ նշեմ, այս ջարդված, կոտրված, Արցախի ցեղասպանությանը բինոկլով նայած, Արցախը հավետ կորցրած բանակի ինչը պիտի նշեմ»։
Միքայել Աջապահյանն ասաց՝ ինքը վատատես է, բայց չի ասում, թե փրկություն չկա, կա, եթե հասկանանք, որ հիվանդ ենք ու բուժման կարիք ունենք։
«Եթե ինձ բժիշկս քննի ու ասի՝ գիտես ինչ, դու քաղցկեղի 4-րդ աստիճանում ես, էսօր, էգուց ես, ես պիտի ասեմ ՝ էս ի՞նչ ես խոսում, պիտի ընդունեմ չէ, որ հիվանդ եմ, որ բուժվեմ, որ շանս ունենամ բուժվելու»,- ասաց Սրբազանը։
Նա իր խոսքում անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ խստորեն քննադատելով նաև նրանց։
Այս մասին՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ