Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը նպատակ է դրել ամբողջովին ջնջել հայկական հետքն Արցախից». Հայքի մշակույթի օմբուդսմեն

Փետրվար 04,2024 14:23

Ադրբեջանցիները բռնազավթված Ստեփանակերտում օրերս ավերել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը: Թշնամական մեդիան, տարածելով լուսանկարը, նշել է, որ Հայաստանի եւ Արցախի տարածքում գտնվող բոլոր նման հուշարձանները վերացվելու են։

Aravot.am-ի հետ զրույցում Հայքի մշակույթի օմբուդսմեն, պատմաբան Հովիկ Ավանեսովը փաստեց, որ դա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն է, եւ որ նրանք անգամ ավերված հուշարձանների մասին տեղեկատվությունը հրապարակում են իրենց պետական, պաշտոնական լրատվամիջոցներով: Հայքի մշակույթի օմբուդսմենը  հավելեց, որ բացի մյուս պատմաճարտարապետական հուշարձաններից, վերջին շրջանում թիրախավորում են հատկապես 1991-ից մինչեւ 2023թ սեպտեմբեր կառուցված հուշարձանները, սակայն դա չի նշանակում, որ մյուս հուշարձանները անմասն են մնում  Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհ դառնալուց:

Մեր զրուցակիցը նշեց, որ բազմիցս են անդրադարձել վանդալիզմի դեպքերին, հատկապես Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված, տարբեր տարիների հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հուշարձանների, հուշաղբյուրների ու խաչքարերի նկատմամբ: «Ոչ միայն առանձին  արձաններ են ոչնչացվել ու պղծվել, այլեւ պանթեոնը, ինչը տեսանք Հաթերքի պարագայում: Ինչպես արդեն նշեցի, այդ տեղեկատվությունը հրապարակվում է նաեւ ադրբեջանական պետական լրատվամիջոցներում»,-ասաց  Հովիկ Ավանեսովը:

Նրա խոսքով, երբ ադրբեջանցիները նշում են, թե որ վայրում ոչնչացրին այս կամ այն հերոսի հուշարձանը, հուշաքարը կամ հուշաղբյուրը, վերջում  էլ հավելում են, որ ոչնչացնելու են նաեւ մյուս բոլոր կառույցները: «Այդ համատեքստում հատկանշական է այն, որ մեր հերոսներին նվիրված  այդ հուշարձաններից բացի, վտանգված են նաեւ եկեղեցիները: Օրինակ, չնայած տեղեկատվություն է տարածվում, որ Բերձորի եկեղեցին ամենայն հավանականությամբ կվերածեն մզկիթի, այդ մասին ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակվում են լուսանկարներ, բայց դրան զուգահեռ նաեւ  հայտարարում են, թե չեն բացառում, որ դա նույնպես ամբողջովին  ոչնչացնելու են: Իրենք բացահայտ հայտարարում են, որ ոչնչացնելու են հատկապես 1991-2023 թթ. կառուցած ցանկացած պատմաճարտարապետական  հուշարձան, կոթող, կառույց»:

Մեր դիտարկմանը, թե Ադրբեջանը եւս տարբեր կոնվենցիաների է միացել, մի՞թե զսպող մեխանիզմներ չկան, Հովիկ Ավանեսով հետեւյալ կերպ արձագանքեց. «Չնայած այն  կոնվենցիաներին, որոնց Ադրբեջանը միացել է եւ որոնցում նշված է, որ բռնազավթված տարածքներում հուշարձանները չպետք է ավերվեն, վանդալիզմի ենթարկվեն կամ կողոպտվեն, միեւնույն է Ադրբեջանը դրանց ուշադրություն չի դարձնում՝ չնայած, դրանց տակ իր ստորագրությունը կա: Ու քանի դեռ հետեւողական միջազգային ճնշում չկա, իրենք շարունակելու են իրենց գործողությունները:

Մի քանի անգամ միջազգային տարբեր հարթակներից տարբեր հայտարարություններ եղան,  բանաձեւեր ընդունվեցին, անգամ դատարանների որոշում եղավ , որ չպետք է հայկական պատմաճարտարապետական  հուշարձանները ոչնչացվեն, սակայն որոշումից քայլ՝ դեպի կոնկրետ գործողություններ, չեղավ: Մինչդեռ եթե Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվեր, պատժվեր, թեկուզ ռասայական խտրականության, պատերազմական հանցագործությունների համար, որոշակի զսպող մեխանիզմ կլիներ: Ու քանի դեռ դա չկա, նմանատիպ դեպքերին ականատես ենք լինելու, ընդ որում այդ ամենն արվում է պետական մակարդակով:

Մեր եկեղեցիների, խաչքարների արձանագրությունների պղծելու մասին հայտարարվում է Ադրբեջանի նախագահի շուրթերով: Վերցնենք թեկուզ այն օրինակը, երբ Ալիեւը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում էր (Ալիեւը Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին անվանել էր ալբանական, որն իբր հայերը փորձել են հայկականացնել ու հայերենով գրություններ են գրել-Գ.Հ.)»:

Մեր զրույցի ընթացքում Հադրութ քաղաքի՝ Ադրբեջանի կողմից հաստատված հատակագծին էլ անդրադարձ եղավ:  Հովիկ Ավանեսովն ընդգծեց. «Ըստ Ադրբեջանի կողմից հաստատված հատակագծի՝ բոլոր հայկական պատմաճարտարապետական նշանակության շենքերը ավերվելու են, ինչի մասին իրենք քանիցս հայտարարել են: Ադրբեջանը նպատակ է դրել ընդհանրապես ոչնչացել հայկական հետքը Արցախի տարածքից: Հստակորեն պետք է նշել՝ անկախ որ ժամանակահատվածի պատմաճարտարապետական, մշակութային ժառանգություն մասին է խոսքը, Արցախում մնացած բոլոր պատմաճարտարապետական հուշարձանները վտանգված են: Մենք ականատես ենք եղել անգամ իբր աղվանական հռչակված եկեղեցիների նկատմամբ է վանդալիզմի դեպքերին: Պետք է նման թեմաների մասին անընդհատ բարձրաձայնել՝  տեղեկատվական դաշտում իրազեկվածության մակարդակն ավելի բարձրացնելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829