Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից․ հայտարարություն

Փետրվար 03,2024 21:23

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին: Այդ քրեական գործերի գերակշիռ մասն արդյունքում կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ Նման վերաբերմունքը ոչ միայն վնաս է հասցնում նշված անձանց՝ տարիներով ձեռք բերած, իրենց ղեկավարած կառույցի կամ ոլորտի համբավին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որը սկսել է ընկալվել որպես դատավարական իրավունքները խախտող և ներդրումներ կատարելու ու բիզնես սկսելու համար ռիսկային երկիր։

Նման օրինակներից է սույն թվականի հունվարի 31-ին «Սիներջի» (Synergy Armenia) ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ինչպես նաև աշխատակիցներ Լիլի Մկրյանի և Անի Գևորգյանի ձերբակալումները: Նման վերաբերմունքն անընդունելի է, քանզի խաթարված համբավն, անգամ արդարացման կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու դեպքում, վերականգնելը շատ դժվար է և հասցնում է այնպիսի վնասներ, որոնց համար պատասխանատվություն ոչ ոք չի կրում։

Դատավարական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որոնցից են գրավոր բացատրություններ ներկայացնելը, քննիչին կամ դատարան ծանուցմամբ ներկայանալը և այլն: Սակայն ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում անմիջապես կիրառվում են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորինս աղմկոտ կդարձնեն ձերբակալությունը՝ հանրային գործիչներին հավասարեցնելով ծանր հանցագործություններ կատարած անձանց։

Պետական նման անհեռատես վերաբերմունքը բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, ի վերջո հանգեցնելու է նրան, որ ոչ միայն արտասահմանյան բարձր տեխնոլոգիական, այլև տեղական տեխնոլոգիական բիզնեսը կամ կդադարեցնի իր գործունեությունը, կամ ստիպված կլինի տեղափոխվել այնպիսի երկիր, որտեղ հարգվում են բոլոր, այդ թվում՝ դատավարական իրավունքները։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում և հորդորում համապատասխան պետական մարմիններին զերծ մնալ անընդունելի վարքագիծ դրսևորելու և անհիմն ձերբակալություններ իրականացնելու գործելաոճից և առաջնորդվել դատավարական օրենսդրությամբ նախատեսված այնպիսի միջոցներից, որոնք անհարկի և չվերականգնվող վնաս չեն հասցնում բիզնեսին և մեր երկրին։

Առաջատար տեխնոլոգիաների ձենարկությունների միություն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829