Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի արդյունքները

Փետրվար 03,2024 18:09

Փետրվարի 1-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառումն իրականացվել էր Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ:

Ծրագիրը, որ հայտարարվել էր 2023 թ. հունիսին, նպատակ ուներ մեկտեղել տարբեր ոլորտների մեջ հայ ուսանողության մասնագիտական կարողությունները, դրանք ծառայեցնել հայ դատին և Արցախյան հիմնախնդրի լուծմանը։ Ծրագիրը նպատակ ուներ նաև ստացված ուսումնասիրությունները տրամադրել հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ կառույցներին՝ արդյունավետ օգտագործման համար: Երկարաժամկետ իմաստով նախաձեռնությունը նպատակ ունի առարկայական կերպով հարցերը վերլուծելու միջոցով  նպաստել քննական մտքի եւ մոտեցումների զարգացմանը, որը հանդիսանում է հասուն քաղաքական մտքի եւ գործունեության հիմնաքարը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարար Նորիկ Մկրտչյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանը եւ Մետաքսե Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան ծրագրին մասնակցող  լավագույն ուսանողները՝ ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունները, տեղեկություններ փոխանցեցին նաև ուսանողների խորհրդատուները։ Ծրագրին հետազոտություններ են հանձնել  12 ուսանողներ եւ 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից:

Հատուկ գնահատանքի արժանացան հետևյալ երկու նյութերը, որոնք նշանավորվեցին իրենց կարևորությամբ եւ այժմեականությամբ․

  • Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի երեխաների իրաւունքների եւ հոգեվիճակի վրա:

Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ 

Ուսանող՝ Տաթև Դավթյան, ՀՀ

  • Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:

Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին Վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևորմշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար, ՀՀ

Ուսանող՝ Վահագն Խաչատրյան, ԱՀ

Հաղթող ճանաչվեցին հետևյալ ուսանողները․

  • Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ

Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ջենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ

Ուսանողական խմբակ՝ Հովհաննես Ղազարյան, Լիլիթ Եկմալյան եւ Լատուշ Սիմոնյան, ՀՀ

  • Երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում

Խորհրդատու՝ Հեղինե Էվինյան, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն, Բելգիա

Ուսանող՝ Նարոտ Նորամանյան, Նիդերլանդներ

  • Երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջան եւ Իսրայել հարաբերությունները

Խորհրդատու՝ Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան

Ուսանող՝ Ժաննա Վարդանյան, ՀՀ

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր և նվերներ: Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ծրագրի նուիրատուներին և խորհրդատուներին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ և երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գևորգյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ծրագրի երեք հիմնասյուներն են՝ ուսանողները, ուսումնասիրությունները և հայության իրավունքների պաշտպանության գործին լծված հաստատությունները, որոնց համար այս ուսումնասիրությունները ոչ միայն տեղեկությունների աղբյուր են, այլ առաջարկություններ և գործունեության հեռանկարային առաջադրանքներ: Նա շեշտեց, որ հայության ուժը հայ մարդն է և մասնավորաբար հայ ուսանողությունը, և այս ծրագիրը մեր համեստ ներդրումն էր համախմբելու հայ ուսանողների ներուժը և նորարարական միջոցով բարձրացնելու վերջիններիս ներդրումն ու  ներկայությունը ազգային կյանքում: Ուսումնասիրություններից որոշներն անդրադառնում են հարցին՝ ինչպես տարիների ընթացքում թշնամի Ադրբեջանը օգտագործեց իր ունեցած միջոցները հասնելու իր ներկա իրագործումներին՝ նավթի, նավթային դիվանագիտության, դաշնակիցների և այլ հնարավորությունների ճանապարհով: Հարց, որն ինքն իրեն պարտադրում է այսօր, այն է, թէ ինչպե՞ս մենք պիտի հաջողենք հզորանալ որպես պետություն և կասեցնել այս պարտությունների և նահանջի գահավեժ ընթացքը, վերածելով այն վերելքի ու վերականգման ճանապարհի, որ պիտի տանի դեպի նոր հաղթանակներ:

Առաջիկայում այս հարցադրումի շուրջ հայ ուսանողությանը համախմբելու առաջարկությունը նկատի ունենալով ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, համաձայն իր առաքելության, պիտի շարունակի հայ ուսանողությանը հայանպաստ գործունեության մղելու՝  հատկապես այսօր Արցախի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

02 փետրվարի, 2024 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829