Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելությունս երգելն է ու սերունդներ կրթելը․ Արսեն Գրիգորյան

Փետրվար 03,2024 17:37

Նրա «Անվերնագիր» երգը դարձավ շատերի սիրո վերնագիրը։ Այս երգը լսելիս շատերն հիշում են իրենց առաջին սերը, սիրո հետաքրքիր պատմությունները։ Սեր երգող ու տարածող երգիչ Արսեն Գրիգորյանը, նույն ինքը` Ռոմանսի Արսենը, հայկական Էստրադային այն արտիստներից է, որն ունի հստակ ու կայուն ձեռագիր։

Բայց մինչ նրա էստրադային ժանրում հանդես գալը Արսենի երգեցողության հիմքը հայկական ժողովրդական երաժշտությունն է։ Նա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի սանն է։ Դրանով էլ պայմանավորված` ժողովրդական երգերը ներկայացնում է հետաքրքիր գունապնակով։

Արսեն Գրիգորյան երգիչը բեմական մկրտությունը ստացավ Հայաստանի երգի պետական թատրոնում՝ Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ։ Եվ հենց թատրոնում էլ սկսվեց Գրիգորյան արտիստի ճանապարհը՝ հյուրախաղեր, մրցույթներ, մրցանակներ: Սրանք երգչի կենսակերպն էին դարձել։

Բայց Արսենը միայն երգարվեստով չի սահմանափակվում։ Այսօր իր փորձն ու գիտելիքներն է կիսում նոր սերնդի հետ։ Մի առիթով երգիչն ասել է` եկավ մի ժամանակ, երբ հասկացավ, որ տարիների ընթացքում կուտակված բեմական փորձը պետք է կիսել նոր սերնդի հետ։ Եվ երկար-բարակ քննարկումներից հետո, կնոջ ու ընկերների խորհրդով և աջակցությամբ, 2018 թ․-ին բացեց «Արսեն Գրիգորյան» երգարվեստի դպրոց-ստուդիան, որը հետագայում կոչվեց «Arsen Grigoryan’s Studio»: Արդեն կարճ ժամանակում Արսենի աշակերտները սկսեցին մասնակցել տարբեր երաժշտական փառատոնների, միջազգային մրցույթների։ Նախորդ տարի նրա սաները տիրացել էին «Art Music Fest» երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակներին։ Ի դեպ, Արսեն Գրիգորյանին հաճախ են տարբեր երաժշտական ու մեծ մասսայականություն վայելող նախագծերից ժյուրի հրավիրում՝ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ», «Ազգային երգիչ» նախագիծերից, միջազգային «Դուետ»-ից, «Արմենիա» հեռուստաընկերության նախագծերից։ Իսկ նախորդ տարի որպես ժյուրի հրավիրվել էր «Art Music Fest» մրցութային փառատոնին, որը տարածաշրջանային ծանրակշիռ ու պրոֆեսիոնալ երգի մրցույթ է։

Արսենի գործունեությունը միայն երգելն ու դասավանդելը չէ։ Երգահան ու երգիչը զուգահեռ քայլում են իրար հետ։ Հայկական էստրադայի շատ երգիչ-երգչուհիներ ճանաչում ձեռք բերեցին Արսենի ստեղծագործությունների շնորհիվ։ Նրա գրված շատ ստեղծագործություններ տևական ժամանակ հիթեր էին դառնում ու հեռուստատեսային երաժշտական նախագծերում բարձր հորիզոնականներ զբաղեցնում։ Հետևաբար պատահական չէ, որ որպես երգահան Արսեն Գրիգորյանը 2007 թ․-ին Լոս-Անջելեսի Gibson Amphitheatre անցկացվող Armenian Music Awards անցկացվող մրցանակաբաշխություն ժամանակ արժանացավ միանգամից երեք մրցանակի՝«Տարվա լավագույն կոմպոզիտոր», «Տարվա լավագույն դուետ» և «Տարվա լավագույն երգ» անվանակարգերում։

Մինչ այդ 2006 թ․-ին «Kodak Amphitheatre»-ում անցկացվող «M Club Music Awards»մրցանակաբաշխության ժամանակ «Սերն է դա» ճանաչվեց տարվա լավագույն երգ։ Դարձյալ 2007 թ․-ին հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ այս անգամ էլ Մոսկվայում արժանացավ «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին։ Մինչ այսօր արտիստը թողարկել է 6 ձայնասկավառակ ու նկարահանել մեկ տասնյակից ավելի տեսահոլովակներ։

Այսօր երաժիշտը ժամանակավոր բնակություն է հաստատել ԱՄՆ -ում՝ պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Թերևս ամենակարևորը՝  Grand Stage Dance ստուդիայի հրավերով Արսեն Գրիգորյանը վոկալ է դասավանդում՝ զարգացնելով ու տարածելով հայ երգը։ Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից սկսվեցին փորձերը և արդեն 2023 թ․-ի դեկտեմբերի 16 -ին տեղի ունեցավ մեծ համերգը։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 2019 թ․ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Arsen Grigoryan Studio-ի առաջին մենահամերգը Երեւանում։Եվ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն իր հիթային և այցեքարտ դարձած ստեղծագործություններով համերգը եզրափակեց Արսեն Գրիգորյանը։

Իսկ Grand Stage Dance ստուդիայում դասավանդելու անհրաժեշտություն կար, քանի որ ԱՄՆ -ում մեծ հայ համայնք կա, հետևաբար նաև հայկական երաժշտությամբ կրթելու խնդիր։

Երգչի գործունեությունն ԱՄՆ-ում այսքանով չի սահմանափակվելու։ Այս պահին խմորման փուլում է մի նախագիծ, որը կոչվում է Imagine՝ ոգեշնչված Ջոն Լենոնի համանուն երգից։ Ինչպես ինքն է ասում, իր առաքելությունը որպես երգիչ մնում է հայ հանդիսատեսի համար երգելը, նոր երգեր ստեղծելը, իսկ իբրեւ ուսուցիչ՝ սերունդներ դաստիարակելը։

Արմինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829