Փաստաբան Էդգար Այվազյանը հայտնում է․
Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել ևս մեկ ուշագրավ և կարևոր գործի մասին, որում ներգրավված է սկանդալային գործով անցնող Աշոտ Հովհանեսյանն իր «Սիներջի» ընկերության հետ։
Մասնավորապես, գործը վերաբերում է նրան, որ «Սիներջի» ընկերությունն՝ ի դեմս Աշոտ Հովհաննիսյանի որդի՝ գործադիր տնօրեն Արթուր Հովհանեսյանի, ապօրինի կերպով յուրացրել է իր ՍՊԸ-ի շինության տարածքում գտնվող այլ ընկերության գույքը։
Քաղաքացի Արտյոմ Շիրազի Հարությունյանը 2017թ. մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հանդիսանալով «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, իրենց գործունեությունը ծավալելու համար Երևան քաղաքի Արմենակյան 2/5 հասցեում գտնվող «Իննովակ-Ինվետս» ՍՊԸ-ին պատկանող շինությունում վարձակալել են տարածքներ։ Արտասահմանյան ընկերության լուծարվելու արդյունքում վարձակալության գումարը վճարված չլինելու պատճառով վարձակալած տարածքից գողացվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող, ինչպես նաև բոլոր աշխատակիցների անձնական իրերը։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 02.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13183817 քրեական գործը, ինչպես նաև քաղաքացիական գործ՝ գույքի հետ բռնագրման մասով։
Քաղաքացիական գործի ընթացքում ապացուցվել է գույքի պատկանելիությունը, սակայն քրեական գործը շարունակաբար կանչվում է, որից հետո դատական կարգով կրկին վերացվում է որոշումը և գործին ընթացք տրվում։ Ուշագրավ է, որ ամեն անգամ դատարանը որոշում է կայացնում գործը վերաբացել և ընթացք տալ, իսկ քննչականն անհեթեթ պատճառաբանություններով ամեն անգամ կարճում է գործը։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝
Արամ Արամյանին
Հասցե՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 2
Թիվ 13183817 քրեական վարույթով տուժող
Արտյոմ Հարությունյանի ներկայացուցիչ՝
փաստաբան Էդգար Այվազյանից
հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 26ա, 109 գրասենյակ
հեռ.՝ 094-472-888
ԲՈՂՈՔ
/հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 27.12.2023թ. որոշման և քրեական վարույթը կարճելու մասին քննիչի՝ 30.12.2023թ. որոշման դեմ/
Հարգելի պարոն Արամյան,
- Բողոքի նախապատմությունը.
Արտյոմ Շիրազի Հարությունյանը 2017թ. մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հանդիսանալով «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, իրենց գործունեությունը ծավալելու համար Երևան քաղաքի Արմենակյան 2/5 հասցեում գտնվող «Իննովակ-Ինվետս» ՍՊԸ-ին պատկանող շինությունում վարձակալել են տարածքներ, որից հետո, հիշյալ ընկերության տնօրինությունը վարձակալության գումարը վճարված չլինելու պատճառով արգելել է վարձակալած տարածքից վերցնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 02.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13183817 քրեական գործը:
Վարույթն իրականացնող մարմնի՝ 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ թիվ 13183817 քրեական գործի վարույթը կարճվել է և Արթուր Հովհանեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշյալ որոշման դեմ տուժող Արտյոմ Հարությունյանը և նրա ներկայացուցիչը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, որը մերժվել է:
Նշված որոշումների դեմ 2017թ. սեպտեմբերի 8-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 02.02.2018թ. որոշմամբ բավարարվել է, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել արձանագրված իրավունքների խախտումները:
Վերոնշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2018թ. մայիսի 17-ին մերժվել է:
2018թ. սեպտեմբերի 20-ին դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:
2019թ. մայիսի 27-ին վարույթն իրականացնող մարմինը ևս մեկ անգամ որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
2019թ. հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը, քննարկելով վերոնշյալ որոշման դեմ տուժող Արտյոմ Հարությունյանի ներկայացուցչի բողոքը, որոշում է կայացրել վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը:
2019թ. դեկտեմբերի 19-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ.Բիշարյանի՝ 2020թ. հունվարի 21-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ տուժող Ա.Հարությունյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է:
2020թ. հունվարի 31-ին քննիչի և դատախազի վերոնշյալ որոշումների դեմ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/:
Դատարանի՝ 2021թ. հուլիսի 15-ի որոշմամբ վերոնշյալ բողոքը մերժվել է:
Վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ քրեական դատարանը 18.03.2022թ. որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթն իրականացնող մարմնին սահմանել է պարտականություն՝ վերացնել դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը:
Դրանից հետո քրեական վարույթի նախաքննությունը շարունակվել է, իսկ 27.12.2023թ. հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով: Այդ որոշումը քրեական վարույթի նյութերի հետ էլեկտրոնային եղանակով ստացել ենք 2023թ. դեկտեմբերի 29-ին:
2023թ. դեկտեմբերի 30-ին քննիչի կողմից որոշում է կայացվել թիվ 13183817 քրեական վարույթը կարճելու մասին՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության հիմքով:
- Բողոքի հիմքերը և հիմնավորումները.
Գտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը և հսկող դատախազը սխալ են գնահատել գործի հանգամանքները, առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության պայմաններում հսկող դատախազը չի հարուցել հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը կարճել է քրեական վարույթը:
Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն՝
- Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր:
- Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս:
- Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար:
- Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործություն է համարվում ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0063/01/09 քրեական գործով 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ Ինքնիրավչությունը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես կառավարման սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործություն: Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ինքնիրավչության տեսակային օբյեկտ են պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև:
Ինքնիրավչության հիմնական անմիջական օբյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն (դիմում, բողոք) ներկայացնելը` ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ:
Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որևէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թե ենթադրյալ իրավունքի իրականացմանը:
Ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շահերին` խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ:
Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ ինքնիրավ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:
Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, և ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:
Ինքնիրավչության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:
Վերոգրյալ իրավանորմերը համակարգային վերլուծության ենթարկելով և համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` գտնում ենք, որ «Իննովակ Ինվեստ» ՍՊԸ-ի աշխատակից Արթուր Հովհանեսյանի արարքում ինքնիրավչության հանցակազմն առերևույթ է, ուստի նման պայմաններում քրեական հետապնդում չհարուցելով և քրեական վարույթը կարճելով շարունակվում են խախտվել տուժող Արտյոմ Հարությունյանի իրավունքները:
Այսպես. թիվ ԱՎԴ1/0063/01/09 քրեական գործի հանգամանքները գրեթե նույնական են սույն քրեական վարույթի հանգամանքների հետ, իսկ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ առկա է ինքնիրավչության հանցակազմ: Երկու դեպքում էլ անշարժ գույքի սեփականատերը /նրա աշխատակիցը/ առանց այդ տարածքը վարձակալած անձանց համաձայնության փոխել են տարածքի կողպեքները, արգելափակել նրանց մուտքը տարածք, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել վերցնել իրենց պատկանող գույքը: Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Արտյոմ Հարությունյանին բանավոր կերպով ասվել է, որ նա կարող է գնալ և իրեն պատկանող գույքը վերցնել, ապա այդ կապակցությամբ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն իսկ արձանագրել է նախորդ բողոքի քննության ընթացքում, որ դա որևէ նշանակություն ունենալ չի կարող ինքնիրավչության հանցակազմի առկայությունը հաստատելու համար:
Անդրադառնալով բողոքարկվող որոշումներում արձանագրված այն հանգամանքին, թե իբր խնդրո առարկա գույքն իրեն պատկանելու վերաբերյալ Արտյոմ Հարությունյանի կողմից այդպես էլ ապացույց չի ներկայացվել և գույքը պատկանում է «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին, պետք է նշել, որ գույքն Արտյոմ Հարությունյանին պատկանելը ոչ միայն վիճելի չէ, այլև ամբողջությամբ ապացուցված է հետևյալ տվյալներով.
- Քրեական վարույթի ընթացքում Արտյոմ Հարությունյանը կողմից ներկայացվել են բազմաթիվ անդորրագրեր, որոնցով երևում է, որ գույքի գերակշիռ մասը ձեռք է բերվել մինչև «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի ստեղծումը /մասնաճյուղը կանոնադրությամբ ստեղծվել է 19.10.2015թ., իսկ պետական ռեգիստրում գրանցվել է 20.01.2016թ., սակայն գույքի մեծ մասը ձեռք է բերվել 2015թ./,
- Քրեական վարույթի նյութերում առկա են ՍՊԸ-ի հարկային էլեկտրոնային հաշվետվություններից քաղվածքներ, որոնցում գույք որպես ակտիվ, բացակայում է,
- Քրեական վարույթի նյութերում առկա է 2015թ. փետրվարի 2-ին Արտյոմ Հարությունյանի և «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի թիվ D12-15 պայմանագրի պատճենը, որով Ա. Հարությունյանը, որպես ֆիզիկական անձ, ձեռք է բերել դիսպենսեր,
- Քրեական վարույթի ընթացքում ցուցմունքներ են տվել «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, ովքեր հաստատել են գույքն Արտյոմ Հարությունյանին պատկանելու փաստը,
- Քրեական վարույթի ընթացքում գրություններ են հասցեագրվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին, որտեղից ստացված տեղեկության համաձայն «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից ներմուծումներ իրականացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Վերոնշյալ ապացույցների առկայության պայմաններում անհասկանալի է, թե ինչ փաստական տվյալներ են հիմք ընդունել քննիչը և հսկող դատախազը, երբ արձանագրել են, որ գույքը չի պատկանում Արտյոմ Հարությունյանին:
Ավելին, առավել անհասկանալի է այս արձանագրումն այն պայմաններում, երբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից առգրավվել և Արտյոմ Հարությունյանին են վերադարձվել խնդրո առարկա գույքի գերակշիռ մասը: Այստեղ հարց է առաջանում, որ եթե քննիչն ու հսկող դատախազը կարծում են, որ գույքը չի պատկանում Ա.Հարությունյանին, ապա ինչու են այն վերադարձրել վերջինիս:
Բացի այդ, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ սույն քրեական վարույթը նախորդ երեք անգամ կարճելու մասին որոշումները բողոքարկման արդյունքում վերացվել են, ընդ որում՝ առաջին անգամ դատարանի կողմից, երկրորդ անգամ՝ դատախազության, երրորդ անգամ՝ կրկին դատարանի կողմից: Երեք դեպքում էլ նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել ՀՀ քրեական դատավարության նախորդ օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ չի պարզել, թե ում է պատկանում այդ գույքը, ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022թ. մարտի 18-ի որոշմամբ հատուկ նշել է քրեական վարույթի նյութերում առկա անդորրագրերի և առուվաճառքի պայմանագրի մասին: Եվս մեկ անգամ կարճելով քրեական վարույթը՝ վարույթն իրականացնող մարմինը դարձյալ չի գնահատել դատարանի նշած հանգամանքները, իսկ հսկող դատախազը՝ դասագրքային ինքնիրավչության դեպքի առկայության պայմաններում անհասկանալիորեն որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Վերլուծելով վերոնշյալ իրավանորմերը սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ գալիս ենք եզրակացության, որ հսկող դատախազը և վարույթն իրականացնող քննիչը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները, սխալ գնահատելով գործի հանգամանքները, կայացրել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 7-8-րդ մասերի համաձայն՝
- Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:
- Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:
Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝
Քրեական վարույթը կարճելու մասին որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-9-րդ մասերով նախատեսված կարգը:
- Բողոքի պահանջը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 7-րդ մասով և 207-րդ հոդվածի 7-րդ մասով.
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ
Վերացնել թիվ 13183817 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի և քրեական վարույթը կարճելու մասին քննիչի՝ 2023թ. դեկտեմբերի 30-ի որոշումները:
Կից ներկայացվում է`
- Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի որոշումը 29.12.2023թ. ստացած լինելու հանգամանքը հավաստող ապացույց:
Փաստաբան Էդգար ԱՅՎԱԶՅԱՆ
Այսինքն ոմն մեկը պարտքա մնացել սիներջիին, հրաժարվելա պարտքը վճարի։ երբ պարտքի դիմաց իր գույքն են վերցրել, վայնասունա դրել, թե բա գույքս գողացել են։ կլասիկ կլյաուզնիկի պահվածք։ մի խոսքով նիկոլի օրոք կլյաուզնիկների, խաբեբաների ոսկեդարնա։ Մեկն էլ Սերժի գործով էր չէ։ իբր կարար էժանով սալյարկա բերեր։ ես էլ սիներջիի հետ տենդերի մասնակցեմ։ հայտարարել, որ կարամ էտ ծրագիրը 100հազար դրամով գրեմ։ հենց մերժել, դիմեմ դատախազություն, թե բա պետբյուջեն թալանում են։
Այսինքն Սիներջի ընկերությունը այլ ընկերության պարտքի դիմաց ընկերության աշխատակիցների անձնական գույքը գողացել է, առանց դատարանի որոշման, դեպքը տեղի է ունեցել Սերժի ժամանակ այլ ոչ Նիկոլի, Աշոտ հերիք է քոմմենթներում արդարանաս