Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան․ Բաքվի բանտերում են գտնվում մի բանի համար, որ հայ են․ «Հրապարակ»

Փետրվար 03,2024 11:51

Ամերիկյան Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը դեռ նախորդ տարվա վերջին հրատապ զեկույց էր պատրաստել՝ Ադրբեջանում հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին կալանքի տակ պահելու վերաբերյալ։ «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն-ՃԱԿ» (The Center for Truth and Justice) ամերիկյան կազմակերպությունն իրավաբանների միջազգային կառույց է՝ հիմնված Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ 2020 թվականի պատերազմից ի վեր ՃԱԿ-ը Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի իրավաբանների, իրավաբանության ուսանողների ուժերով փաստագրում է հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումները եւ ռազմական հանցագործությունները։

Մեր զրուցակիցը կենտրոնի տարածաշրջանային ղեկավար, իրավաբան Արշակ Գասպարյանն է։

– Ձեր հարցազրույցներում նշում եք, որ գերիների թեման բարձրաձայնելու առումով կարեւոր է, ավելին՝ այդ խնդիրների մասին լռելը վտանգավոր է, եւ ավելի վատ լինել չի կարող։

– Այո, ընդհանրապես չկա որեւէ հետազոտություն, որեւէ տվյալ, որ գերիների մասին խոսելը վնասում է նրանց։ Նույնիսկ մենք ունենք դեպքեր, երբ վերադարձած գերիներից փաստել են, որ ինչքան իրենց մասին բարձրաձայնվել է, խոսվել է, այնքան իրենց վիճակն ավելի լավ է եղել։ Չլռելու, լուսաբանման արդյունքում այն միջազգային կազմակերպությունները, որոնք իրավունք ունեն, կարող են մուտք գործել բանտեր, հնարավորություն ունենալ խոսելու, շփվելու մեր գերիների հետ։ Գերիներից զատ մենք ունենք անհետ կորածներ, որոնց թիվը շատ է, իսկ յուրաքանչյուր տեղեկություն արդեն իսկ օգնություն է։ Ես միշտ ասում եմ մեր քաղաքացիներին, մեր վերադարձած գերիներին, նրանց հարազատներին՝ կապվել մեզ հետ, որովհետեւ լռելը երբեք ոչ մի դրական արդյունք չի տալու, նրանցից յուրաքանչյուրի տված մեկ տեղեկությունն ամբողջ շենքի մեծ պարիսպն է։

– Ադրբեջանն անարգել երկարաձգում է ապօրինի գերեվարված ՀՀ քաղաքացիների կալանքի ժամկետը: Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաների խափանման միջոցը եւս չորս ամսով երկարաձգեց: Ի՞նչ նպատակ է հետապնդում, եւ կա՞ն լծակներ՝ դրան հակազդելու:

– Մենք ունենք 23 գերեվարված հայ քաղաքացի, այդ թվում՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այսօր Բաքվի բանտերում են գտնվում մի բանի համար, որ հայ են: Նրանց օր առաջ վերադարձը բոլորիս խնդիրն է: Այն, որ երկարացրին կալանքի ժամկետը, դրանով Ադրբեջանը, հավանաբար, մի քանի բան փորձեց հասկացնել: Մի կողմից՝ խաղաղության պայմանագրի հետ կապված, ներպետական, արտապետական եւ այլ քաղաքական ուժերի հետ էր կապված եւ տեղահանված արցախցիների հանդեպ կամայական պահվածք, հասկացնում է, որ ինչ կուզեմ, կանեմ: Բայց սա չի նշանակում, որ պիտի հուսահատվել, չպետք է թուլանալ, եւ ավելի պիտի ընդլայնվի իրավաբանների, մեդիայի, քաղաքացիների աշխատանքը, եւ հասանելի դարձնել միջազգային հարթակին, հասկացնել, որ, խոշոր հաշվով, միայն ՀՀ-ի համար չէ արվում: Ես տեղեկություններ ունեմ, որ քիչ բան չի արվում, այլ բան է, թե ինչպես է արձանագրվում: Դուք տեսաք, թե ինչպես ԵԽԽՎ-ից Ադրբեջանը դուրս եկավ, որը կապվեց Լաչինի միջանցքի որոշման հետ: Մի բան պիտի իմանանք, որ միջազգային կառույցները շատ արագ չեն աշխատում, բայց դրանք պետությունների շահերը՝ միջպետական հարաբերությունների կարգավորման համար են, եւ ինչ-որ պահի թվում է՝ լռություն է, բայց այդպես չէ: Այս պահին հնարավորինս պետք է օգտագործել միջազգային կառույցների տված ողջ գործիքակազմը:

 

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829