Փետրվարի 1-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին, որը նկարահանվել էր ավելի վաղ, մոնտաժվել ու հետո միայն հեռարձակվել, թեեւ հեռարձակման ժամանակ գնում էր «ուղիղ եթեր» խորագրի ներքո։ Փաշինյանն այդ հարցազրույցի ընթացքում փաստացի խոստովանեց, որ Սահմանադրության փոփոխության նպատակը Հայաստանի Հանրապետությունից հրաժարումն ու մի նոր` «4-րդ հանրապետության» ստեղծումն է։ Փաշինյանը չթաքցրեց նաեւ, որ այդ փոփոխությունները պարտադրված են Ադրբեջանի կողմից։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանին հարցրինք, թե ինչ տպավորություն ունի Փաշինյանի հարցազրույցից եւ նրա արած հայտարարություններից։
«Այդ հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ այդ մարդը պետություն ղեկավարելու հետ որեւէ կապ չունի, այդ մարդը լրագրող է, այն էլ՝ ոչ շատ լավ լրագրող, եթե այդպիսի հայտարարություններ է անում, այդպիսի լեզու է օգտագործում, ապա այդ մարդը պետություն ղեկավարելու հետ որեւէ ընդհանուր բան չունի։ Այդ մարդու վերջին հինգուկես տարվա բոլոր ասածները սուտ դուրս եկան, բոլոր լոզունգները «խաղաղության դարաշրջանից» դեպի «ապագա կա», «Արցախը հանձնենք, լավ ապրենք» եւ այլն, այդ բոլորը, ինչ նրանք ասացին, դուրս եկավ սուտ։ Այս մարդը ո՛չ բանակցել գիտի, ո՛չ պետություն կառավարել գիտի, նա, բանակցությունների ժամանակ զիջելով Արցախը, անգամ գլխի չընկավ, որ այդ ժամանակ պետք է ստանար երաշխիք, որ որեւէ հարց էլ չի լինի, Հայաստանին ուղղված որեւէ պրետենզիաներ չեն լինի, դա էլ չկարողացավ անել։ Մենք գնում ենք դեպի պետականության կորուստ, բացարձակ պետականության կորուստ․ եթե մենք ենթարկվում ենք Ադրբեջանին, փոխում ենք մեր սահմանադրությունը, նշանակում է՝ մենք պետություն չունենք, եւ հետո մենք փոխելու ենք մեր զինանշանը, դա էլ նշանակում է, որ մենք դառնում ենք Ադրբեջանից կախված պրոտեկտորատ, եւ Ադրբեջանը չի հագենա դրանով, որովհետեւ Ալիեւի նպատակը հայ ժողովրդի վերացումն է այստեղ»,- պատասխանեց Խաչիկյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում