Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ դա սահմանադրական հեղաշրջում է» 

Փետրվար 03,2024 13:30

«Եթե անգամ Սահմանադրության նախաբանն ուժը կորցրած ճանաչվի՝ ինչ-ինչ եղանակով, Անկախության հռչակագիրը դրանից չի դադարում լինել Անկախության հռչակագիր եւ այն իր իրավաբանական, իրավաքաղաքական նշանակությունը շարունակում է ունենալ». «Առավոտի» զրուցակիցն է արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը:

«Իրավաբանորեն, Սահմանադրության նախաբանի փոփոխություն անել՝ ուզում ես անունը դիր նոր Սահմանադրություն, ուզում ես դիր՝ Սահմանադրության փոփոխություն, չի կարելի. դա սահմանադրական հեղաշրջում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը:

«…ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետեւյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել եւ ո՞ւմ համար: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրել (Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդարանական մոդելին էր կողմ արտահայտվել-Ն. Գ.): …Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձեւերով լուծել, ՀՀ-ն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարեւոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»,- օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Փորձագետները, քաղաքական գործիչները մտահոգություններ հայտնեցին, որ իշխանությունը խնդիր է դրել գործող Սահմանադրության նախաբանը փոխելու: Իսկ նախաբանում հղում կա ՀՀ անկախության հռչակագրի, որում ամրագրում կա ՀԽՍՀ եւ ԼՂ ԳԽ ազգային խորհրդի՝ վերամիավորման՝ 1991 թվականի համատեղ որոշմանը: ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետով նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Արամ Օրբելյանն էլ է այն կարծիքին, որ Սահմանադրության նախաբանի Անկախության հռչակագրին արվող հղումն է խնդիրն իշխանության համար: «Այստեղ երկու շատ պարզ հանգամանք. սահմանադրական եղանակով, այսինքն, առանց Սահմանադրություն խախտելու, հնարավոր չէ իրավաբանորեն փոխել Սահմանադրության առաջին երեք հոդվածները եւ նախաբանը: Այսինքն, ցանկացած փոփոխություն, դա արդեն պետական հեղաշրջում է՝ ուզում է դա լինի խաղաղ, ոչ խաղաղ կամ այլ հանգամանքներում: Եվ երկրորդ խնդիրը. եթե անգամ Սահմանադրության նախաբանն ուժը կորցրած ճանաչվի՝ ինչ-ինչ եղանակով, Անկախության հռչակագիրը դրանից չի դադարում լինել Անկախության հռչակագիր եւ այն իր իրավաբանական, իրավաքաղաքական հունը շարունակում է ունենալ: Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերից մեկը Անկախության հռչակագիրն է, որի իրավաբանական ուժը, առանց որեւէ հիմնավորումների, քննարկումների ժամանակ՝ նվազեցվում է Սահմանադրությունից, այնինչ, Անկախության հռչակագրի համաձայն, ինքը հիմք է Սահմանադրության մշակման, Սահմանադրության փոփոխությունների եւ հետագա Սահմանադրությունների համաձայն: Այսինքն, ոչ թե Սահմանադրության ուժով է Անկախության հռչակագիրն ուժ ստանում, այլ Անկախության հռչակագրի ուժով է Սահմանադրությունն ուժ ստանում, եթե մի քիչ ավելի պարզ ասենք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հաջորդ վիճարկվող հարցը քիչ ավելի լայն է, որովհետեւ միայն Անկախության հռչակագրին չի վերաբերվում. քննարկումներ կա որոշակի այլ հոդվածների՝ Հայաստանի սիմվոլիկայի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետ հարաբերությունների, դերակատարման մասով: Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ քննարկումների ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ հասարակական հիմքերը չկան: Ավելին, նման քննարկումն արդեն իսկ վտանգավոր է. «Այսինքն, ռեբրենդինգ կոչվածը. ըստ էության, մենք պետք է հասկանանք, որ սա ոչ թե մի տարածք է, որտեղ մարդիկ են ապրում եւ copy-past պետք է արվի ինչ-որ մի ստանդարտ բան, այլ սա Հայաստանի Հանրապետությունն է: Նույնն է, որ ինչ-որ մեկը գնա Ֆրանսիայում  ասի՝ անցյալում ինչ-որ բան այն չի եղել, բերեք անցյալը փոխենք, օբյեկտիվությունը փոխենք, մյուսը գնա Նիդեռլանդներ՝ ասի ի՞նչ կապ ունի նախկին Նիդեռլանդների հետ, փոխենք եւ այսպես: Ոչ թե պետք է ասենք՝ մեզ դուր չի գալիս՝ փոխենք, այլ մենք պետք է ենթարկվենք Սահմանադրությանը: Սահմանադրությունը, ճիշտ է, ինչպես ինքն էր ասել՝ Աստվածաշունչ չի, դա օրենք է, որը կարգավորում է, բայց դա չի նշանակում, որ Սահմանադրության՝ սահմանադրական կարգի հիմունքները, որոնք բխում են Անկախության հռչակագրից եւ Սահմանադրության հիմնաքարային դրույթները, կարող ենք փոխել, որովհետեւ մեզ դուր չի գալիս: Ոչ, դրանք ենթակա չեն փոփոխության կամ ենթակա են փոփոխության՝ շատ ավելի խորքային ու ավելի ներառական գործընթացի արդյունքում: ԱՄՆ սահմանադրությունը 27 փոփոխություն է ունեցել, առաջին 10-ը եղել է համարյա միաժամանակ Սահմանադրությանը, ինչը Սահմանադրության ընդունման նախապայման է եղել, բայց մնացած փոփոխությունները, ընդ որում, առաջին հայացքից կարող է շատ տրիվյալ փոփոխություն լինեն, քննարկվում են շատ լուրջ եւ այնպես չի, որ ամեն բան, ինչը որ դուր չի գալիս, փոխում են: Սահմանադրությունն, ըստ էության, կանոններ է սահմանում, որոնցով պետք է առաջնորդվենք, ոչ թե այդ կանոններն օրը մեջ փոխենք»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ նախկին երեք նախագահների կառավարման շրջանում, ՀՀ Սահմանադրությունը երեք անգամ է փոխվել. «Առաջին նախագահի կառավարման շրջանում ընդունվել է Սահմանադրությունը, կարող ենք պայմանականորեն ասել՝ 1990-91 թվականի սահմանադրական փաստաթղթերն էլ են ընդունվել Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 2003-ի փոփոխությունները չանցան, 2005-ի տարբերակով փոփոխվեց, Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 2015 թվականին փոփոխություններ եղան. այս իշխանությունն արդեն երկրորդ անգամ է սահմանադրական փոփոխություն նախաձեռնում, այն դեպքում, որ առաջինն իրականացրել է՝ 2020 թվականի փոփոխությունները: Սահմանադրությունը կառավարության որոշում չէ, որ շաբաթը մեկ փոխենք, դա էլ է սահմանադրական արժեքի մաս: Եթե Սահմանադրությանը սկսում ենք մոտենալ՝ երբ եւ ինչ ուզեմ կփոխեմ տարբերակով, դա էլ է նվաստացնում»:

Իշխանության բերած հիմնավորումները, թե նոր Սահմանադրությունը կամ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են, քանի որ գործող մայր օրենքի նկատմամբ նվազ հանրային վստահություն կա, Արամ Օրբելյանը համարում է սուտ եւ տարակուսում՝ եթե գործող Սահմանադրությունն անօրինական էր, ինչո՞ւ էին գործող իշխանություններն այդ փաստաթղթով առաջնորդվում՝ իշխանության գալիս կամ իրենց իշխանության ընթացքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829