Փետրվարի 1-ին Ժնևի հանրահայտ «Գրյուտլի» կինոթատրոնում հանդիսավորությամբ նշվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը։ Ցուցադրվել է մեծանուն կինոբեմադրիչի գլուխգործոց «Նռան գույնը» ֆիլմը։
Միջոցառման բացման խոսքով և Ս.Փարաջանովի արվեստի գնահատման ելույթներով հանդես են եկել ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևում ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրասենյակի տնօրեն Անա Լուիզա Մասսոտ Թոմփսոնը, «Գրյուտլի» կինոթատրոնի փոխտնօրեն Ալֆիո դի Գուարդոն, Ժնևի «Մուզիկա» ընկերակցության ներկայացուցիչ Անի Գասպարյանը։ Վերջինս Ս.Փարաջանովին հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպիչն է, որոնց շրջանակներում Ժնևում նախատեսվում է ցուցադրել մեծ կինոբեմադրիչի ևս երեք ֆիլմեր։
Ֆիլմի ցուցադրությունից առաջ Սայաթ Նովայի երգերի կատարմամբ և իր հիշողություններով ներկաների հետ կիսվել է մեցո սոպրանո Ջուլիետա Գալստյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Վիլեն Գալստյանի դուստրն է։
Ֆիլմի ցուցադրությունն անցել է հանդիսատեսներով լի դահլիճում։ Ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Շվեյցարիայի օրենսդիր մարմինների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն այս առիթով կազմակերպել էր նաև ընդունելություն, որի ընթացքում մատուցվել է հայկական գինի։
Միջոցառումն իրականացվել է Գրյուտլի կինոթատրոնի wu «Մուզիկա» ընկերակցության կազմակերպչական ջանքերի շնորհիվ և ՀՀ Մշտական ներկայացուցչության ու Ժնևում ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրասենյակի բարձր հովանու ներքո։
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն