Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չենք կարծում, որ ադրբեջանցու հեղինակած նյութում լինեին հայկական անձնանուններ». Մայրենիի դասագրքի համահեղինակ

Փետրվար 02,2024 15:10

Վերջին օրերին սոցցանցերում տարբեր հրապարակումներ են արվում Աշոտ Գալստյանի եւ Թամարա Թովմասյանի հեղինակած, «Էդիթ Պրինտի» հրատարակած 5-րդ դասարանի Մայրենիի դասագրքի վերաբերյալ, ու հաճախ առանց փաստերին ծանոթանալու՝ մարդիկ տարածում են ապատեղեկատվություն:

Աշոտ Գալստյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ի հետ զրույցում դասագրքի համահեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանն ասաց, որ իրենց դասագիրքը կազմված է նոր չափորոշիչների հենքով, միտված է աշակերտի կարողունակությունների զարգացմանը։ «Սա ինտեգրված դասագիրք է՝ գրական նյութի հիման վրա պիտի ներկայացվի լեզվական նյութը։ Ընտրված դասերը փորձարկվել են ուսուցիչների և աշակերտների շրջանում։ Ամբողջությամբ նորություն է դասագրքի QR ծածկագրի առկայությունը, որը լրացուցիչ նյութեր է պարունակում և գրավում է աշակերտին։

Դասագիրքը բաղկացած է 176 էջից, իսկ մնացյալ նյութերը զետեղել ենք QR-ի տակ, որտեղ տեղ են գտել ե՛ւ լեզվական վարժություններ, ե՛ւ առաջադրանքներ, ե՛ւ գրական նյութեր, խաչբառ-վիկտորինաներ։ Դասագրքի հեղինակներս հաճախ ենք հեռակապով հանդիպում ուսուցիչների հետ, լսում նրանց, պատասխանում հարցերին։ Եղել ենք Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում, տեղում հանդիպել պատասխանատուներին եւ աշակերտներին։ Եղել ենք նաեւ մայրաքաղաքի դպրոցներում, հանդիպել աշակերտների հետ, դասեր վարել։ Ուսուցիչների առաջարկով ստեղծել ենք ուսուցանող եւ թեմատիկ գրավորների տետրեր։ Այժմ կազմում ենք 5-րդ դասարանի աշակերտի նվազագույն բառապաշարի բառարան»,-ասաց մեր զրուցակիցը։

Սոցիալական ցանցերում իրենց հեղինակած դասագրքի թիրախավորման եւ դրա վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին էլ անդրադարձ եղավ: Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբեր ամսին ԿԳՄՍ նախարարությունը ապատեղեկատվություն էր որակել, թե երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, «Էդիթ Պրինտն» էլ հայտարարել էր, որ գրքի կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որեւէ երկրի դրոշի հետ, եւ նմանեցման միտում երբեւէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:

«Սկզբում դրոշի խնդիրը բարձրաձայնվեց, որ մեր դասագրքի հետ ոչ մի աղերս չուներ։ Հետո Հովհաննես Թումանյանի ծննդավայրի հետ կապված հարցեր էին բարձրացվել, որը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Վերջին օրերին էլ մեղադրվում ենք մի ստեղծագործության ընտրության մեջ, պատճառաբանվում է, որ այդ պատմվածքի հեղինակը ադրբեջանցի է։ Որտե՞ղ է ապացուցված, որ դա ադրբեջանցի հեղինակի նյութ է: Մի գրքում նման մի տեքստ ներկայացված է` ըստ ադրբեջանական գրողի: Քանի՞ նման դեպք ունենք, որ ադրբեջանցիները շատ հանգիստ յուրացնում են հայկական երգն ու երաժշտությունը, պատմական հուշարձանները, գրողներին ու գրական ժառանգությունը:

Հերթական չապացուցված մանիպուլյացիան է՝ ուղղված տարիների փորձառություն ունեցող գիտամանկավարժական խմբին: Մեզ համար կարեւոր է տեքստի հայեցի լինելը, տեքստի բովանդակությունն ու աշակերտի վերլուծելու կարողությունը: Հաճախ դեռահասին այնպիսի նյութեր են անհրաժեշտ, որոնք պիտի լեզվական նյութի իրացումը լինեն։ Եվ այդ առումով այս նյութը լիովին համընկնում է լեզվականին։ Չենք կարծում, որ ադրբեջանցու հեղինակած նյութում լինեին Անի, Հարություն, Գրիգոր, Տիգրան հայկական անձնանուններ։ Տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժի, որ քննության նյութ դառնան: Սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը»,- նշեց Աշոտ Գալստյանը:

Բանասիրական գիտությունների դոկտորն ընդգծեց, որ Թամարա Թովմասյանի հետ պարբերաբար այցելում են դպրոցներ, փորձարկումներ իրականացնում 5-րդ դասարանում, եւ իրենց տպավորությամբ՝ աշակերտները դասագիրքը շատ են հավանում, սիրով են կատարում թե բառային, թե՛ տեքստային աշխատանքները, ուսուցիչներն իրենց վստահեցնում են, որ աշակերտները չեն հոգնում այդ դասագրքով աշխատելիս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829