ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ քրեական հետապնդումներին։ Մասնավորապես, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի կալանավորման որոշումը դժգոհություն է առաջացրել փաստաբանական համայնքում, կան մեկնաբանություններ, որ մանկահասակ երեխաներ ունեցող կնոջ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ճիշտ չէ։
«Ես կարծում եմ, որ այդ հակակոռուպցիոն բեմադրությունը, որը տեղի է ունենում էկոնոմիկայի նախարարությունում եւ նախարարության շուրջը, ընդամենը ֆինանսական հոսքերի վերաբաշխման խնդիր է։ Եվ այդտեղ ես չեմ կարող որոնել որեւէ արդարություն այն պարզ պատճառով, որ երկար ժամանակ խոսվում է, նաեւ մամուլում հանդիպում եմ հոդվածներ, որ քաղաքական ինչ-ինչ տարաձայնություններ կան Ազգային ժողովի նախագահի եւ իր թիմի միջեւ։ Եվ դա ունենում է հետեւանքներ։ Հիմա ես կարծում եմ, որ սա ընդամենը քաղաքական խնդիր է, եւ շատ դատապարտելի է, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը։ Ես չեմ կարծում, որ դա լավագույն ճանապարհն է, սա այն կարմիր գիծն է, որը ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ չի կարող անցնել։ Եվ չի կարելի մարդուն պատժելու համար նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացնել իրավական ռեպրեսիաներ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այս գործով դատավորը կայացրել է կալանավորման վճիռ, բայց կարող էր տնային կալանք կամ այլ խափանման միջոց կիրառել։ «Բայց քանի որ Հայաստանում կալանքը վաղուց ընկալվում եւ կիրառվում է որպես խափանման միջոց, հետեւաբար, Ալեն Սիմոնյանի բարեկամը պետք է պատժվի։ Եվ պատժվել է այն փոխնախարարը, որն իշխանության հետ այնքան էլ սերտ հարաբերություն չի ունեցել, Սփյուռքից է տեղափոխվել Հայաստան։ Այսինքն՝ կալանքի տակ են մարդիկ, որոնց իշխանությունը ցանկանում է պահել կալանքի տակ։ Իսկ Ալեն Սիմոնյանին պատժելու համար Նիկոլ Փաշինյանը շատ առիթներ ունեցել է։ Երբ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու վրա, այդ ժամանակ պետք էր պատժել նրան։ Ալեն Սիմոնյանին պետք էր պատժել, երբ Ազգային ժողովում, իր պաշտոնեական լիազորությունները գերազանցելով, նա պատեհ-անպատեհ անվտանգության աշխատակիցներին հրավիրում է եւ ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնից մոտից ապօրինաբար դուրս է հրավիրում։ Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի այն բանի համար, որ իր կիսագրագետ թիմակիցներն Ազգային ժողովն իրենց համար դարձրել են ուղղակի բարձր աշխատավարձով աշխատանքի վայր, որտեղ կան բացառապես սեւեր ու սպիտակներ եւ խայտառակ կառավարում է իրականացվում։ Բայց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երբեք Ալենի արածների համար չպետք է պատասխանատվություն կրի»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։
Անդրադառնալով հարցին, թե Ալեն Սիմոնյանի եւ իր թիմի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել, Թովմասյանը պատասխանեց․ «Դժվար թե աշխարհաքաղաքական հարցի համար լինի՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Ալեն Սիմոնյանն ամենաենթակա պաշտոնյաներից է եղել եւ կա։ Նա մշտապես կատարել է այն հրահանգները, որոնք իջել են։ Թե թիմի ներսում ինչ է եղել, չեմ կարող ասել, բայց այն, որ նա թիմի ներսում պրոբլեմ ունի, դա նկատելի է։ Մի քանի օր իրար հետեւից տեսնում ենք, որ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները թիրախավորված են իշխանության կողմից։ Ես այն հրապարակումներն եմ հիմք ընդունում իմ կարծիքն ամրապնդելու համար, որ Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, եւ թիմը որոշել է պատժել նրան»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդում եմ Թագուհի Թովմասյանի այն միտքը, որ “ալեն սիմոնյանը ամենաենթակա պաշտոնյաներից է եղել և կա”, հետո էլ կարդում եմ հոդվածի վերնագիրը ու չեմ հասկանում թե ինչու պետք է նիկոլը ուզենա պատժի նման մարդուն։
Ավելի հավանական է, որ նիկոլը սկսում է նոր կեղծ շոու-սերիալը իրեն “արդար թագավորի” կերպարով օժտելու, ժողովրդի դժգոհության “գոլորշին” որոշ չափով բաց թողնելու, էս հիմար հարցով մարդկանց զբաղեցնելու և այդ ընթացքում իր քիրվա ալիևի պահանջները տակից սղղցնելու համար։