Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ սունդուկները մի քիչ ավելի հետաքրքրաշարժ բառեր են, բայց, այո՛, կան փաստաթղթերի փաթեթներ, որոնք պահպանված եղել են Ռոզա Ծառուկյանի կողմից. փաստաբան

Փետրվար 01,2024 23:07

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը:

Դատախազը ներկայացրեց հայցի առարկան, ինչից հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը, որ ծանուցեն այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց շահերին կարող է այս գործն առնչվել: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 1-ը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել էր ուսումնասիրություն Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ:Այնուհետև այդ ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

79 անշարժ գույք.

42 տրանսպորտային միջոց.

Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.

Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.

10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.

39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.

63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.

12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.

86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Երբ դեռ ուսումնասիրվում էր Ծառուկյանների գույքի ծագումնաբանությունը, մամուլը գրեց, որ Ռոզա Ծառուկյանն իր սունդուկներում պահել է ամբողջ գույքի օրինականությունն ապացուցող հին ֆակտուրաները: Ծառուկյանների ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին, ասաց. «Այդ սունդուկները մի քիչ ավելի հետաքրքրաշարժ բառեր են, բայց, այո՛, կան փաստաթղթերի փաթեթներ, որոնք պահպանված եղել են Ռոզա Ծառուկյանի կողմից: Քանի որ ինքը մասնագիտությամբ հաշվապահ է ու դեռ 80-ականներից զբաղվել է իրենց կազմակերպությունների ու կոոպերատիվների, հաշվապահությամբ, հարկային մարմինների հետ գրագրություն վարելով ու տարբեր հաշվապահական գործառույթներ է իրականացրել: Ամբողջ ծավալով, բնականաբար, հնարավոր չէր պահպանել այդքան փաստաթուղթ, բայց տնտեսական գործունեությունն իրականացնելու վերաբերյալ, իրենց սեփականությամբ պատկանող մի շարք կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք հաշիվ-ապրանքագրեր, որոնցով կհիմնավորվի, որ դեռ 80-ականներից Ծառուկյանների ընտանիքը զբաղվել է տնտեսական գործունեությամբ ու ունեցել է մեծ գումարներ: Բայց քանի որ մենք դեռ մշակում ենք այդ փաստաթղթերը ու որոնց վերաբերյալ հետագայում հայտարարություններով հանդես կգանք, իհարկե, փաստաթղթերն էլ կներկայացնենք դատարանին, այս պահին ձեռնպահ կմնամ սրանից ավելի տեղեկատվություն տրամադրելուց»:

Փաստաբանի խոսքով, դատախազությունն իր երկարատեւ ուսումնասիրությունից հետո հանգել է սխալ եզրահանգման. «Այդ փաստաթղթերը կան, իրողությունը կա, տնտեսական գործունեությունը Ծառուկյանի սկսվել է դեռ 80-ականներից, Ծառուկյանը երբեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, որը թույլ կտար ունենալ լիազորություններ, լծակներ, որի օգտագործմամբ կարողանար ապօրինի հարստանալ կամ ապօրինի գույք ձեռքբերել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    😂🤣🤣🤣 Գագիկը զբաղվել է բիզնեսով 1980թվականին ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829