Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դեմ ցեղասպանության ընթացքը կկասեցվի այն պահին, երբ կվերականգնվի Արցախն իր ինքնորոշման սահմաններում

Փետրվար 01,2024 23:00

Արցախի դեմ ցեղասպանության ընթացքը կկասեցվի այն պահին, երբ կվերականգնվի Արցախն իր ինքնորոշման սահմաններում՝ ռասիստական Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս:

Միջազգային հանրությունն ընդունել է Արցախին իր ինքնորոշման սահմաններում և Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս՝ Մինսկի խմբի ձևավորման առաջին պահից:  Միջազգային հանրությունն ընկալել է հայության Միացման մղումը և լուռ սատարել, քանի որ ակնհայտ դա էր հայության համար ցեղասպանության զսպման միակ հենարանը: Միջազգային հանրությունը Հայաստանի հետ Արցախի միացումը երբևէ չի ընկալել ռազմակալում:

Ցեղասպանության կասեցման համար հայությունն այսօր իր կամքն պետք է արտահայտեր ու իր ընդվզումը դեմ տար միջազգային հանրությանը, բայց փոխարենը Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարցերը թելադրում է ցեղասպանություն վարող Ադրբեջանը:  Դեմ է տվել սահմանազատում-սահմանագծումը՝ դաշնակից Ռուսիայի ու Թուրքիայի հովանավորությամբ, երբ Երևանում ռուսական դեսպանատանը հայ մասնագետի հարցը մնում է անպատասխան. «Թե որ սահման չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա ի±նչ սահմանի վրա է կանգնած ռուսական սահմանապահը ՀՀ տարածքում»:

Ռուսիան հայտարարեց, թե ինքը խաղաղապահի անվան տակ կպահի իր զորքերը Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ հայ բնակչությունը չի վերադարձել: Ռուսիան ցինիկաբար շրջանցում է այն փաստը, որ իր օկուպացիոն ներկայությամբ էր պայմանավորված Արցախի հայության ինքնապաշտպանական համակարգի ջախջախումն ու վերացումը, Արցախի բացարձակ հայաթափումը. դա էր Ռուսիայի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ երեսուն տարիներ տարված հյուծման քաղաքականության արգասիքը:

Ռուսիան այսօր ռազմակալված Արցախում պահպանում է ցեղասպան Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ վերահաստատելով 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության դրվագների իր հեղինակային իրավունքը. մոսկովյան ու Կարսի պայմանագրեր, 1921 թվի հուլիսի 5:

Ցեղասպան Բաքուն լոյալ է, որ այդ նույն Ռուսիայի օկուպացիոն զորքերը կանգնած են դրա «ամբողջականացված տարածքներում», փոխարենը ակնկալում է Հայաստանի Հանրապետության վերջնական կապիտուլյացիան՝ տարածքների ռազմակալում ու հայության ցեղասպանության մի նոր ու վերջին դրվագ: Հենց այդ սցենարն է մշակված 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթի մեջ: Դա միակողմանի գործում է, նպատակն է ցեղասպանության առաջխաղացումը զսպող հայության մխրճումը նոր վտանգավոր ժամանակահատված ու հայության կենսատարածքի վերջնական ջնջում:

Հայությունը լուռ շրջանցում է մոսկովյան և Կարսի պայմանագրերը, նաև 1921 թվի հուլիսի 5-ը, ապա և 1988-ի Սումգայիթն ու Գանձակը, 1990-ի Բաքուն, 1992 Շահումյանն ու Մարաղան, երբ իր ձեռքից խլել են Գարդման-Ուտիքը, Նախիջևանը, Շիրվանը, այսօր էլ արդեն սպառնալիքի տակ է հայության գոյության միջնաբերդ Արցախը:

Կենսատարածքի կորուստը հայության՝ որպես ժողովրդի, վերացման ընթացքն է. սա է հարյուր քսան տարի հայությանը հետապնդող Ռուսիայի քաղաքականության վերջնանպատակը: Ու Ռուսիան այսօր, կարծես, ավելի քան մոտ է իր այդ ծրագրի իրականացմանը:

ՀՀ Սահմանադրության վերանայումը կամ նոր սահմանադրության մշակման հարցը ցեղասպան Բաքվի առաջ քաշած օրակարգային հարցն է, երբ ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը հայությանը իր կենսատարածքի վրա նսեմացնելու, ահաբեկելու, ինքնության արժեքները կասկածի տակ դնելու, ապագային միտված խորհրդանիշները ջնջելու ու խմբագրելու, պաշտպանունակությունը կասկածի տակ դնելու  նպատակով է դեմ տվել: Իսկ նոր Սահմանադրությունը կամ դրա վերափոխումը ու հարակից թրքահաճ բոլոր փոփոխությունները միայն խթանելու են  ռուս-թուրքական տանդեմի՝ հայությանը ոչնչացնելու դարավոր ծրագիրը:

Հայության գոյատևման ներուժը դիմադրողական համակարգի վերագտնման մեջ է, հայության ինքնության պաշտպանության մեջ, ու այդ համակարգի որոշիչ բաղադրիչը այսօր Արցախն է:

Հայության ու Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարցը ցեղասպանության կասեցումն ու գոյատևման ապահովումն է, իսկ այսօր ցեղասպանությունը անթաքույց տեղավորված է Արցախում:

Միջազգային հանրությունն ընդունել է Արցախին իր ինքնորոշման սահմաններում և Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս՝ Մինսկի խմբի ձևավորման առաջին իսկ պահից:  Հայության համար ցեղասպանության զսպման միակ հենարանը մնում է Արցախի ինքնորոշման պաշտպանությունը:

Հայությունը կարիք ունի բռնցքվելու, ընդվզելու, նրա խռովքը կրկին կուտակվելու և ժայթքելու կարիք ունի այսօր Արցախի՝ հայկական ինքնության, մատույցներում:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829