ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակն այսօր ամփոփեց «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի արդյունքները։
Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի եւ հետաքննական լրագրության բնագավառներում։ Ծրագրին մասնակցել են 12 ուսանողներ եւ 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից։
Ուսանողների աշխատությունների թեմաներից են «Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանման կործանարար անդրադարձը Արցախի մանուկների իրավունքների եւ հոգեվիճակի վրա, «Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում», «Ադրբեջանի եւ Ալիեւի ընտանիքի օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղությունները եւ փտածության դրսեւորումները», «Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը Հայաստանում եւ Արցախում»։
Վահագն Խաչատրյանը ներկայացրեց «Արցախի հոգեւոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը» աշխատությունը։ Նա իր խոսքում ասաց, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը չկարողացավ ավարտին հասցնել հայոց ցեղասպանությունը, եւ նրա կողմից ստեղծված արհեստածին Ադրբեջանը տարիներ շարունակ լծված էր հենց այս առաքելության իրականացմանը։ Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է տարածաշրջանից մաքրել հայկական հետքը՝ տարբեր պայմաններ ստեղծելով, որպեսզի տեղի հայ բնակչությունն արտագաղթի, ոչնչացնում ու խեղաթյուրում է հայկական մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային հուշարձանները ներկայացնել որպես աղվանական եւ ուդիական, սակայն խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Այնպես չէ, որ պետք է ժխտել աղվանական կամ ուդիական կոթողների հանգամանքը, քանի որ եւ ուդիները, եւ աղանները խորը թելերով կապված են հայկական եկեղեցու հետ։ Եվ արցախցի պատմաբան Մելանյա Բալայանի աշխատությունները հենց սրա մասին են վկայում։ Ադրբեջանն ուդիներին օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ուդիները ժամանակին եղել են Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ, սակայն այժմ օգտագործվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Ադրբեջանը Իսլամական պետության ձեռագրով շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները եւ շարունակելու է այդ քաղաքականությունը։ Ուստի, այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կարողանա կանխել այս քաղաքականությունը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Միջոցառումը հովանավորել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Նախարար Նորիկ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումն անցկացվում է մեր երկրի համար ոչ դյուրին եւ բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, առավել եւս, երբ Արցախ աշխարհը գտնվում է ժամանակավոր բռնազավթված եւ հայաթափված վիճակում։ «Հետեւաբար, ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է ամբողջ հայության միասնական ջանքերի համատեղման արդյունքում վճռական պայքար մղել հանուն համազգային խնդիրների լուծման՝ օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնարին թվացող միջոցները։ Կարծում եմ՝ խորհրդաժողովի շրջանակներում մեզ համար անչափ կարեւոր է նաեւ ինչպես ներկայացվող թեմաների արդիականությունն ու հրատապությունը, այնպես էլ դրանց կիրառական հնարավորությունների հետագա ներդրման հեռանկարի դիտարկումը պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ուղղություններում։ Այլապես, դժվար կլինի խոսել գիտությունը ժողովրդին ծառայեցնելու հայեցակարգը հետեւողականորեն կյանքի կոչելու որեւէ ռազմավարական նպատակադրության մասին»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ