Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջա՞նն է ՀՀ-ին ստիպում փոխել Սահմանադրությունը՝ հարցին, Նիկոլ Փաշինյանը պատմեց ցուլերի եւ կարմիր շորով անցորդների պատմությունը

Փետրվար 01,2024 20:35

«Մենք քաղաքացու եւ պետության միջեւ ճեղք ունենք: Ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը: Այդ ճեղքն արտահայտվում է էլի լեգիտիմությամբ»,- այսօր Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ 1995 թվականին ընդունված եւ հետո մի քանի անգամ փոփոխված Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում եւ միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ «գնացի եւ արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների եւ պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես եւ ապրում ենք այսպես»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս իր արած հայտարարությանը, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք. «Եթե հարցնեք՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ես վերջին շրջանում շատ եմ խոսում հայրենիք-պետություն հարաբերությունների, պետական ինստիտուտները ամրացնելու անհրաժեշտության մասին, հեղափոխությունը նաեւ քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին է»:

Փաշինյանը վկայակոչեց վերլուծաբաններին, ովքեր ասում են՝ մենք պետական ժողովուրդ չենք, երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով դեռ չենք դարձել պետական ժողովուրդ. «Ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի. այդ պահը սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում է եւ ձեռք է բերում պայմանավորվածություն: Ընդհանրապես, ընդունված է պայմանավորվածությունը արձանագրել ձեռքսեղմումով: Քվեարկությանը մասնակցած այդքան ՀՀ քաղաքացու հետ ես ձեռքսեղմում եմ անում, պայմանավորվածություն եմ ձեռք բերում, ասում եմ՝ մենք իրար հետ ապրում ենք այսպես: Դա է այն գիծը, որտեղ ազգը դառնում է ժողովուրդ: Այս կոնտեքստում էական չէ՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանո՞վ դա օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ: Պետության եւ ժողովրդի գենետիկ կապը ձեւավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը: Առաջինը ինքն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է, երկրորդը, այս պետության մեջ մենք հարաբերվելու ենք այս կանոններով: Իմ ընկալմամբ և համոզմամբ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»:

Դիտարկմանը, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ձեւավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա, իսկ ինքը հիմա առաջարկում է նոր Սահմանադրություն 4-րդ հանրապետության համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա գաղափարներից մեկն է. «Հիմա շատ է խոսվում է, որ իշխանությունը փոխում է Սահմանադրությունը, կառավարությունն էս կանի, էն կանի: Կառավարությունը ոչինչ էլ չի կարող անել այս առումով: Կառավարությունը չի կարող նոր Սահմանադրությունը ընդունել, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, իր բացատրությունները ներկայացնել եւ միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել:Հիմա սկսել են ասել՝ այ իշխանությունը կկեղծի քվեարկությունը: Մենք տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում հեղափոխությունից հետո: Թող թույլ տան մի դեպք, երբ մի քվեաթերթիկի հետ կապված կեղծիք է տեղի ունեցել: Գնալ այդ ճանապարհով կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը, դա անհնար է»,-ասաց նա:

Մեկ այլ դիտարկմանը՝ հանրային խոսույթում կա, որ Ադրբեջանն է ստիպում Սահմանադրությունը փոխել, Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատմեց ցուլերի եւ կարմիր հագուստով անցորդների պատմությունը. «Պատկերացրեք, երկուսով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք՝ ճանապարհի եզրերին ցուլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կայացնենք: Ի դեպ, այդ շորն ինձ համար գործել է տատիկս: Բարդ ճանապարհ է, պետք է որոշում կայացնենք: Պետք է այդ ճանապարհը անցնենք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ցուլերի հետ ալեգորիա անելու դեպքում թող հիշի որ ցլամարտիկները իրենց հմտության շնորհիվ հենց կարմիր շորով են ցլերին հոգնեցնում ու սպանում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829