Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եմ՝ ստըմ ես, անուղղակի ես խոսում, հարգարժանս, ուզում ես ինձ հանե՞ս ցենզուրից»․ Լևոն Երանոսյանը՝ լրագրողին

Փետրվար 01,2024 20:15

«Ոչ, ես տեղյակ չեմ եղել»,-մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցին՝ այս գործի հետ կապված ի՞նչ կասեք, քանի որ տևական ժամանակ մասնակցում եք նիստերին, արդյոք Դուք տեղյա՞կ եք եղել, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը անօրինական գրանցված է եղել, այսպես պատասխանեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ բայց Դուք զորքերի հրամանատարը չէի՞ք, նա պատասխանեց՝ ի՞նչ կապ ունի։

Լրագրողը հետաքրքրվեց՝ ո՞նց է լինում, որ Ձեր ենթակայության տակ է եղել և Դուք տեղյակ չեք եղել, նա պատասխանեց․ «Անմիջական իմ ենթակայության տակ չի եղել»։ Մյուս հարցին՝ իսկ որ անվտանգության աշխատակիցներ էին Սերժ Սարգսյանի եղբոր համար հատկացրել, դրանից տեղյա՞կ էիք, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Այդ գործից տեղյակ չեմ, դրա համար էլ ես քեզ աչյոտ տվող չեմ»։ Լրագրողն արձագանքեց՝ ես հանրության համար եմ այս հարցերը տալիս, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Դա ինձնից պիտի չուզեք»։ Լրագրողը՝ բա ումի՞ց, Լևոն Երանոսյանն արձագանքեց․ «Մարդիկ կան, քննվում են։ Դու ի՞նչ գործ ունես ինձ՝ այդ հարցը տալու, եթե ես անտեղյակ եմ այդ հարցից։ Իմ գործառույթի մեջ չի, որ ես նման հարցերով զբաղվեմ»։ Հարցին՝ այդ թվերին կոռուպցիա կա՞ր, շա՞տ էր, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Ես իմ գործով եմ եղել»։

Հարցին՝ հնարավո՞ր էր, որ զորքերը աշխատավարձ ստանային, տասը կամ 20 տոկոսը հավաքեին, բերեին, տային Ձեզ, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Զորքերը աշխատավարձ չէին ստանում, քարտերի վրա էր նստում»։ Լրագրողի դիտարկմանը՝ հանեին, բերեին, տային Ձեզ, Լևոն Երանոսյանն արձագանքեց․ «Դու որ հիմա աշխատում ես, քո փողից հանում, տալիս ե՞ս քո ղեկավարին»։ Նարեկ Կիրակոսյանն ասաց՝ չէ, բայց ներքին զորքերում կար նման բան։ Լևոն Երանոսյանն ի պատասխան ասաց․ «Դու սուտ ես ասում, ստըմ ես» (նկատի ունի` «ստում ես»)։ Նարեկ Կիրակոսյանը՝ ես չեմ պնդում, հարց եմ տալիս, Լևոն Երանոսյանն այսպես ասաց․ «Հարցդ անտեղի ես տալիս, ասում եմ՝ ստըմ ես, անուղղակի ես խոսում, անուղղակի հարցեր ես ինձ տալըմ։ Հարգարժանս, ուզում ես ինձ հանե՞ս ցենզուրից։ Խելոք պահի»։ Հարցին՝ չեք փոշմանե՞լ, որ Սարի թաղում հրաման տվեցիք, նետեցին նռնակները, և շատ մարդիկ վնասվածքներ ստացան, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Իմ նետածներից վնասվածքներ չեն ստացել։ Եթե ես հրաման եմ տվել հատուկ միջոց կիրառելու, ուրեմն տեղին եմ տվել։ Ու պնդըմ եմ։ Մեր նետածներից վնասվածքներ չեն ստացել»։ Նարեկ Կիրակոսյանը փաստեց՝ այդ գործով հիմա էլ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ստիպում է, որ այդ մարդկանց եվրոներ վճարի, Լևոն Երանոսյանն արձագանքեց․ «Չգիտեմ, տեղյակ չեմ։ Այդ գործով ես քննվել եմ, ու այդքանը»։

Լևոն Երանոսյանը չարաշահումներ բառը լսելով լրագրողին ասաց․ «Դու սխալվում ես, դու քեզ դրել ես․․․ կկոպտեմ․ ես քեզ ասում եմ՝ լրջության մեջ տեղավորվիր»։ Լրագրողը հորդորեց չսպառնալ։ Լևոն Երանոսյանն ասաց՝ տեղին հարցեր չեք տալիս ինձ․ «Ինձ ինչ մեղադրանքներ վերնագրում են, ես դատարանում պատասխան եմ տալիս ամեն ինչի համար»։ Նարեկ Կիրակոսյանը հարցրեց՝ կա՞ մի բան, որի համար կարող է պարզվի՝ մեղավոր եք։ Լևոն Երանոսյանը պատասխանեց՝ չգիտեմ։ Լրագրողն ասաց՝ ստացվում է՝ մի բան արե՞լ եք, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ։ Դա կորոշի դատարանը, ոչ թե դու»։ Լրագրողի հարցին՝ հիշո՞ւմ եք, որ մի բան արած լինեք, օրենքի խախտումներ թույլ տված լինեք, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Օրենքի խախտումներ ես չեմ արել։ Ոչ մի բանի օրենքի խախտում ես չեմ արել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829